ՖԻԴԵ-ն հրապարակել է լավագույն մարզիչների մրցանակի արժանացած դափնեկիրների անունները:
Մելիքսեթ Խաչիյանը, որ երկար տարիներ բնակվում է Միացյալ Նահանգներում եւ աշխատում ԱՄՆ-ի կանանց հավաքականի հետ, արժանացել է Լյու Վենչժեի «Լավագույն առաջին մարզիչ» անվանակարգում մրցանակին:
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նրա թեկնածությանն աջակցել է ոչ այլ ոք, քան գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Խաչիյանն Արոնյանին առաջին անգամ հանդիպել է 1991 թվականին, երբ Լեւոնն ընդամենը 9 տարեկան էր եւ նոր էր սկսել շախմատ խաղալ: Դրանից ընդամենը երեք տարի անց՝ 1994 թվականին, Լեւոնը Հունգարիայում հաղթել է մինչեւ 12 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ իրենից հետ թողնելով ապագայի աստղեր Ալեքսանդր Գրիշչուկին, Էթյեն Բաքրոյին, Վալյեխո Պոնսին:
Կարդացեք նաև
«Ես անչափ շնորհակալ եմ ճակատագրին, որ ունեցել եմ գերազանց առաջին մարզիչ: Շատ բաներ, որ նա սովորեցրել է ինձ, ես կիրառում եմ մինչեւ այժմ: Նա իր գործին նվիրված պրոֆեսիոնալ է, որը փոխել եւ նորովի բացահայտել է տաղանդավոր այլ շախմատիստների, ինչպիսիք են Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը եւ Վարուժան Հակոբյանը: Նրանք բոլորը հետագայում գրոսմայստեր են դարձել»,- գրել է Լեւոն Արոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ