«Երեկ իշխանությունը եւ նրա առաջնորդը խամրած ու հուսահատ տեսք ունեին: Չկա այլեւս նախկին էնտուզիազմը, եւ դա լավ է։ Դա նշանակում է, որ իրենց մեջ մարդկային ինչ-որ բան կա»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երեկ ազգային ժողովի արձակմանը նախորդած՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթներին՝ ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը։
Նրա բնորոշմամբ․ «Պարտությունից հետո ցինիկ, շատ ինքնավստահ լինելն անառակություն կլիներ։ Երեկ ես տեսա պատգամավորների, որոնք շատ տխուր եւ հուսահատ տպավորություն թողեցին։ Երեկվա նիստը հրաժեշտի ցերեկույթ էր՝ «վերջին զանգ», եւ մենք պետք է առաջ նայենք։ Իսկ առաջ նայելիս տեսնում ենք, որ այս իշխանությունն անգամ չի կարող իր սխալներն ընկալել։ Դա կործանված ընկալում է։ Սեւանի ջրի մակարդակից եւ հարկերից էին երեկ խոսում։ Եթե իշխանությունը վստահ լիներ իր ասածներում, թե պայծառ կյանք է պարգեւել մեզ, ուրեմն արտահերթ ընտրությունների գնալը սխալ է։ Այսինքն, մի ձեռքով հրաժարական են տալիս, մյուս ձեռքով էլ ասում են, թե իրենց կառավարման ժամանակ աննախադեպ հաջողություններ են եղել»։
Արա Սահակյանի խոսքով՝ երեկվա նիստում իշխանությունը խոսեց ամեն ինչից, բացի Արցախի խնդրից եւ պատերազմի հետեւանքներից․ «Այս կարգի կեղծի՞ք․․․պետք է հրաժարական տան, որովհետեւ վատ ասֆալտ են անո՞ւմ․․․ոչ, խնդիրը քաղաքական է։ Իրենք կործանարար խմբակցություն են եւ օր առաջ պետք է հեռանան։ Կորստաբեր պատերազմի, ՀՀ ինքնիշխանությունը վաճառքի հանելու, անհեռատես արտաքին քաղաքականության համար ենք մենք իրենց մեղադրում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ