Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է ունենանք թեկնածու, որ նրան վերագրենք քարոզչությունը». Տիգրան Մուկուչյանը՝ մինչ քարոզարշավը հայտնված քարոզչական պաստառների մասին

Մայիս 11,2021 16:54

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24.00»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մայիսի 11-ի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ-ն հաստատեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը:

RA Central Electoral Commission holds a session

Ըստ ժամանակացույցի՝ ընտրական տեղամասերի ձևավորումը տեղի կունենա մինչև մայիսի 26-ը, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերի ներկայացումը ԿԸՀ տեղի կունենա մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18.00:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը տեղի կունենա մայիսի 26-ից մայիսի 31-ը: Ընտրական ցուցակները տեղամասային կենտրոններում փակցվելու են մայիսի 31-ին:

Քվեարկությունը տեղի կունենա 2021-ի հունիսի 20-ին՝առավոտյան ժամը 08.00-ից:

Լրագրողները Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին՝ ո՞րն է այս ընտրություններում հիմնական փոփոխությունը, նա պատասխանեց. «Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված թերևս հիմնական փոփոխությունը, որը տեղի է ունեցել, վերաբերում է քվեարկության կարգին: Այսինքն՝ տարածքային ցուցակները հանվեցին, ինչը նշանակում է քվեաթերթիկը դարձերեսին չի ունենալու տարածքային ցուցակ: Ստանալով քվեաթերթիկները, որը կպարունակի տվյալ կուսակցության, կուսակցության դաշինքի անվանումը, բայց չի ունենա տարածքային ցուցակը, այցելելով քվեախցիկ՝ քաղաքացին կընտրի այն քվեաթերթիկը, ում օգտին ցանկանում է քվեարկել. որևէ նշում այդ քվեաթերթիկի վրա չի կատարվելու: Այդ տեսքով քվեաթերթիկը դրվելու է ծրարի մեջ: Մնացած ավելացած քվեաթերթիկները գցվելու են այլ տեղ: Գրիչ տեղամասերի քվեախցերում չի տեղադրվելու»:

Լրագրողները փաստեցին՝ այս պահին՝ դեռ քարոզարշավը չսկսած կարելի է տեսնել քարոզչական պաստառներ, ԿԸՀ-ն չի՞ ցանկանում քայլեր ձեռնարկել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Այս պահին որևէ գործառույթ ԿԸՀ-ի համար նախատեսված չէ: Չի բացառվում անգամ, որ որևէ պաստառ ունեցող ոչ ընտրական իրավունքի տեսանկյունից սուբյեկտ անգամ չառաջադրվի ու չգրանցվի: Սանկցիաների կիրառում նախատեսվում է ընտրական գործընթացների սուբյեկտների նկատմամբ: Այս պահին այդ ԸՕ իրավանորմի խախտում չենք կարող արձանագրել: Մենք պետք է ունենանք թեկնածու, որ նրան վերագրենք քարոզչությունը: Եթե չկա առաջադրում, գրանցում, հետևաբար իրավական առումով չկա թեկնածու, հետևաբար նրանց հնարավոր չէ վերագրել քարոզչությանը վերաբերող տարրեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31