Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չունես կարծիք, փնտրում ես փրկչի». Ռուբեն Բաբայան

Մայիս 11,2021 16:41

«Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է։ Կեղծ հայրենասիրությունն ու պաթետիկ վերաբերմունքը մեզ հասցրեցին այս օրվան։ Շատ կարևոր է, թե մենք ինչ սկզբունքներ եւ ինչ գաղափարներ ենք ընտրում։ Արդյոք փորձո՞ւմ ենք խոսել աշխարհի հետ, զգո՞ւմ ենք ժամանակի ընթացքը, թե՞ սպասում ենք, որ ինչ-որ մեկը կգա մեզ օգնելու։ Այս ամենը պատահեց մեզ հետ, մենք մեր անվտանգությունը հանձնեցինք ուրիշին։ Սա չի նշանակում չունենալ դաշնակիցներ, սակայն այս պարագայում ուրիշն է քո փոխարեն որոշումներ կայացնելու»,- Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դահլիճում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած հանդիպման ժամանակ նշեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ի թիվս այլնի, հանդիպման ժամանակ զրույցը ծավալվեց հետեւյալի շուրջ` ինչպե՞ս չկարողացանք պահպանել Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը, ի՞նչ էր կախված յուրաքանչյուրից, որ չարվեց, ի՞նչ կարող ենք անել հիմա՝ որպես քաղաքացիներ եւ ինչպե՞ս մասնակցել պետության վերականգնման գործին:

Խոսելով ապագայի մասին, Ռուբեն Բաբայանը նշեց. «Կարևորն այն է, թե ինքդ ինչ ապագա ես տեսնում… Ապագան տեսնում ես զարգանալու մե՞ջ, թե՞ տեղում կանգնած։ Ամենախուլ գյուղում ապրելով էլ կարող ենք լինել աշխարհի կենտրոնում։ Խնդիրը մտքի մեջ է` ուզո՞ւմ ենք առաջ շարժվել, թե՞ ոչ…Կամ մենք տեսնո՞ւմ ենք՝ աշխարհում ինչ տեղի ունեցավ, թե՞ նախընտրում ենք սպասել, որ որևէ մեկ թույլ չտա, որպեսզի դա տեղի ունենա»։

Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ, մեզ շարունակ կեղծ «կերակուր» էին հրամցնում՝ ասելով, թե ՀՀ զինված ուժերը Հայաստանի միակ կայացած համակարգն է, մինչդեռ, նրա խոսքով, չէին կարող զինված ուժերը լինել զարգացած, եթե երկրում մյուս ոլորտներն այդպիսին չէին:

Ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն առաջարկում է իրավիճակը որպես հնարավոր ընտրող դիտարկել. «Պետք է վերլուծենք, տեսնենք՝ ինչ են մեզ առաջարկում, ինչ ծրագրեր ունեն, ինչ արժեքներով են առաջնորդվում։ Հեքիաթը շատ գեղեցիկ է, հաճելի է լսել, սակայն երբ արթնանում ենք, պարզվում է`ամեն բան սուտ էր։ Մեր կրթական համակարգը, ցավոք, մի մեծ բաց ունի` քաղաքացի չի դաստիարակում։ Քաղաքացին պիտի ունենա իր կարծիքը, որովհետեւ եթե դուք զբաղված եք սրան-նրան հավատալով, մի օր մեկին կհավանեք, մեկ այլ օր կասեք՝ սատանա է։ Արդյունքում, ստացվում է՝ չունես կարծիք եւ փնտրում ես փրկչի, ինչը սխալ է»:

Պարոն Բաբայանը նաեւ պատասխանատվության կողմնակից է, քանի որ ըստ նրա, դա սիրո լավագույն դրսեւորումն է, եւ տերը նա է, ով պատասխանատվություն է կրում ու ոչ թե նա, որ իշխում է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31