Ռուսաստանը դեմ է հանդես գալիս ազգայնականության հերոսացման բոլոր դրսևորումներին: Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանում հերոսացնում են ազգայնականներին:
Ասուլիսի ժամանակ Գարեգին Նժդեհին և Մոնթե Մելքոնյանին հերոսացնելու մեջ Հայաստանի դեմ մեղադրանքներ է հնչեցրել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ինչ վերաբերում է նեոազգայնականության դրսևորումներին, ազգայնականներին հերոսացնելու փորձերին, մենք ունենք միանգամայն հստակ և աներկբա դիրքորոշում. որտեղ էլ որ լինի, մենք վճռականորեն դատապարտում ենք դա: Այդ կապակցությամբ առանձնահատուկ խնդիրներ ենք տեսնում ԵՄ և ՆԱՏՕ տարածքներում, հատկապես Բալթյան երկրներում, Ուկրաինայում, այդ կառույցների որոշ այլ երկրներում»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Լավրովը հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ազգայնականության հերոսացման անթույլատրելիության մասին բանաձևի նախաձեռնողը:
«Մենք ակնկալում ենք, որ նրանք, ովքեր այդ բանաձևին կողմ են քվեարկում, իսկ նրանք ճնշող մեծամասնություն են, լիարժեք կհետևեն դրանում պարունակվող պահանջներին: Ադրբեջանը և Հայաստանը այդ բանաձևի համահեղինակներ են: Այստեղ, իմ կարծիքով, լրացուցիչ բացատրությունների կարիք չկա»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հարգելի Առավոտ,
Նացիզմն ու ազգայնականությունը տարբեր բաներ են։ Կարող եք թարգմանել հենց նացիզմ, քանի որ National Socialism կուսակցությունը կրճատ հենց Nazism-ն է, բայց որևէ դեպքում ոչ ազգայնականություն, որը ռուսերեն национализм-ն է։