Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դժգոհել է, թե Հայաստանն արգելակում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը և կառուցողականություն չի ցուցաբերում: Այդ մասին Բայրամովն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:
Մասնավորապես, նա նշել է, որ հայկական կողմը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները: Նաև հերքել է հայկական կողմից պնդումներն այն մասին, որ գերիները ներկայացվում են որպես ահաբեկիչներ: «Կարմիր խաչի ներկայացուցիչները հասանելիություն ունեն ձերբակալվածներին, նրանք կապ են պահպանում իրենց ընտանիքի անդամների հետ»,- ասել է Բայրամովը:
Իր հերթին Լավրովն ասել է, որ հետագա կարգավորման բանալին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր պայմանավորվածությունների պահպանման մեջ է: Այդ համաձայնագրում ներառված են իրավիճակի կարգավորման բոլոր անհրաժեշտ կետերը և ուղղված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը:
Լավրովը նշել է, որ «կան բոլոր հիմքերը հուսալու, որ առաջիկայում այդ աշխատանքը արդյունք կտա»:
Կարդացեք նաև
Այս առումով Բայրամովն ասել է, որ ապաշրջափակման աշխատանքներն ինտենսիվ ընթանում են, և եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքում որոշ հարցերի շուրջ կա մեծ առաջընթաց:
Այնուամենայնիվ, նախարարները չեն հստակեցրել տրանսպորտային նախագծերի իրականացման կոնկրետ ժամկետները: Լավրովը նշել է, որ այդ հարցը պետք է լուծել՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների և նրանց հարևանների շահերը:
Անդրադառնալով մարդասիրական հարցերին՝ Լավրովն ասել է, որ Երևանի հետ քննարկել է զոհերի և անհետ կորածների մարմինների վերադարձի, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզների հարցը: «Նախնական քայլեր են ձեռնարկվել, և ակնկալում ենք, որ հարցը շուտով կլուծվի»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ