Լրահոս
Իմ ադեն․ ղալախը (անտիպ)
Օրվա լրահոսը

Պատերազմը միանշանակ այլ բան չէր, քան՝ ցեղասպանության շարունակություն. Հայկո Բաղդատ. Ermenihaber.

Մայիս 11,2021 14:52

Հարցազրույցի 1-ին մասը՝ այստեղ:
2-րդ մաս, Արցախ

Ermenihaber. Պոլսահայ մտավորական, անվանի լրագրող, գրող և հրապարակախոս Հայկո Բաղդատը մեկնաբանում է արցախյան վերջին պատերազմը, Ադրբեջանի և Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունը։

Թուրքիայում նրա դեմ ուղղված հալածանքները և սպառնալիքները 2016-ին արդեն հասել էին չափազանց վտանգավոր աստիճանի։ Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները Հայկո Բաղդատին ստիպեցին լքել իր ծննդավայր Թուրքիան և բնակություն հաստատել Գերմանիայում։

Նա, իբրև մտավորական, հայտնի է իր համարձակ պայքարով՝ հանուն Հայոց ցեղասպանության ընդունման, ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։

– Արցախյան վերջին պատերազմը և Թուրքիան. այս առումով ի՞նչ կասեք։

– Այս պատերազմը միանշանակ այլ բան չէր, քան՝ ցեղասպանության շարունակություն։ Այս իրողության մասին ես բազմիցս խոսել եմ նաև եվրոպացի խորհրդարանականների ու եվրոպական հասարակության մոտ։ Ի՞նչ արժեք ունի ձեր կողմից ցեղասպանության ճանաչումը, ի՞նչին է օգուտ տալիս։ Նկատի ունեմ Ֆրանսիային ու Գերմանիային։ Հիմա այսպիսի մի բան պատկերացրեք։ Իհարկե, սխալ է հրեաների ցեղասպանության հետ զուգահեռ անցկացնելը, բայց պատկերացրեք, որ նացիստական ուժերը Գերմանիայում պարտություն չեն կրել և հիտլերյան դրոշներով մեր օրերում հանկարծ Գերմանիան հարձակվում է Իսրայելի վրա։ Ահա մեր ապրածը սա է։ Թալեաթ փաշայի դրոշներով հարձակվեցին մեզ վրա։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը բերեցին մեզ վրա։ Ես գնացել և Ռոժավայում իմ աչքերով եմ տեսել «Իսլամական պետությունը»։ Այդ նույն «Իսլամական պետությունը» բերեցին Հայաստանի սահմանին մեր երեխաների գլուխը կտրելու համար։ Սա ցույց տվեց, որ համաշխարհային հանրության կողմից ցեղասպանության հարցի նկատմամբ ցույց տրված զգացականությունը ոչ մի օգուտ չունի։ Այսինքն` ցեղասպանները մի անգամ էլ են փորձել կրկնել իրենց ցեղասպան գործողությունները և փաստորեն հաջողել են։

– Պատերազմի հետևանքները, օգուտներն ու վնասները կողմերի համար՝ ըստ Ձեզ։

– Ադրբեջանն այսօր Էրդողանին պետք է որպես կովկասյան ճակատ։ Այնպես, ինչպես պետք է օրինակ Ռոժավայի ճակատ, կամ միջերկրածովյան ճակատ։ Մի բռնապետ մեկ ուրիշ բռնապետի հետ համագործակցում է։ Հիմա էլ Թուրքիան իր ուզածի չափ ապրանք կվաճառի Ադրբեջանին, այդ թվում և զենք։ Հետևաբար` իրենց դաշինքը տարածաշրջանի մարդկանց խաղաղություն, բարեկեցություն բերող դաշինք չէ, թշնամանք տարածող չարիքի դաշինք է։ Երկու բռնապետների այս դաշինքը շատ մտահոգիչ է ողջ տարածաշրջանի համար։

Այսօր Թուրքիան Ադրբեջանին «կիպրոսացրել է»։ Հյուսիսային Կիպրոսը նկատի ունեմ։ Հյուսիսային Կիպրոսի պես իրենով է անում, ինչպես «ձագ» պետություն։ Այդ ուղու վրա է։ Բայց սրանք ուտում են նաև իրենց ձագերին։

Եվ այս առումով Ադրբեջանի համար էլ է շատ վտանգավոր։ Եթե տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի տեսանկյունից նայենք, ապա ի՞նչ շահեց Ադրբեջանը, չգիտեմ։ Բայց երանի այս կետին չհասներ։ Որովհետև մեր հարյուրամյա վախերը, ցավերն ու տառապանքները նորից թարմացան մեր հազարավոր երեխաների կորստի հետ միասին։ Նորից մի մեծ տրավմա ապրեցինք։ Այս ամենը բացասական ազդեցություն է թողել Թուրքիայում ցեղասպանության առերեսման գործընթացի վրա։ Այնպիսի բացասական ազդեցություն, որ Հրանտ Դինքի թաղմանը «Բոլորս հայ ենք» բացականչողները նույնիսկ դարձյալ հային որպես թշնամի են սկսել ընկալել ու թշնամություն անել։ Սա մեզ համար շատ մեծ մի հետքայլ էր։

Իսկ ահա Հայաստանի ժողովրդի ապրած ցավին նայելով՝ սրա մասին խոսելն էլ նույնիսկ ամոթ է։ Այստեղ շատ ավելի մեծ ցավ կա։ Այստեղ գալով ավելի լավ եմ տեսնում ու զգում։ Մեզ համար էլ մեծ հետընթաց եղավ Թուրքիայում ֆաշիզմի վերելքը, պատերազմը։ Եվ բնականաբար, ձեր մատնանշած հայկական ինքնությունը մեծ վտանգների առջև է կանգնած։ Թուրքիայում ապրող թուրքախոս հայերին նկատի ունեմ։ Գիտե՞ք այս պահին Կարո Փայլանն էլ անընդհատ սպառնալիքներ է ստանում։ Մեր եկեղեցիներին են սպառնում, կառույցներին, առաջնակարգ լրագրողներին և այլն։ Բոլորիս համար էլ օղակը մի փոքր ավելի է սեղմվել, շունչներս ավելի է փակվել, որովհետև մենք բոլորս՝ Կարոն էլ, ես էլ, շարունակում ենք պաշտպանել մեր ժողովրդին ու Թուրքիայում ահագնացող ֆաշիզմի առաջ չենք նահանջել, ամուր կանգնել ենք և վճարում ենք դրա գինը։

– Հայերի էթնիկ ինքնության համար Թուրքիայում վտանգները խորացե՞լ են։

– Թուրքիայի խորհրդարանում կա մի քաղաքական ուժ, (Դա ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» է – խմբ.) որը վայելում է բնակչության 15%-ի աջակցությունը և որը Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչ է անում, դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի հարձակողական քաղաքականությունը։ Այս ամենը, իհարկե, մեր կրած զրկանքների և քրդերին այս ամենը մանրակրկիտ բացատրելու արդյունքում։ Թուրքիայում ցեղասպանության կոդերը նորից սկսել են գործել։ Դա նշանակում է, որ իբրև հայ, եթե զբաղվես քաղաքականությամբ կամ լրագրությամբ, ապա գլխիդ վրա անընդհատ կախված կլինի դամոկլյան սուր։

Այդ իսկ պատճառով մեր տեսանկյունից բավականին դժվար կացություն է ստեղծվել։ Բայց ինչ արած, պետք է շարունակենք պայքարել, պետք է շարունակենք կռիվ տալ։ Ուրիշ բան էլ կա. արված ոչ մի քայլ իզուր չի անցնում։ Գուցե ներկա պահին հետընթաց ենք ապրում, բայց մի կետի հասել ենք։ Քրդական հարցում, առերեսման հարցում ինչ-որ մի կետի հասել ենք։ Այսօր այս իրավիճակում ենք, բայց ապագայում ամեն ինչ շարունակվելու է այն կետից, որին հասել ենք արդեն։

Գևորգ ԿԱԼԼՈՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31