Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր նշանակում Տեր-Պետրոսյանի առաջարկը

Մայիս 11,2021 13:17

Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին արված Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկների բացահայտումը Հայաստանի քաղաքական դաշտում իսկական պայթյունի հետեւանք է ունեցել։ Շատերը պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ինչպես Տեր-Պետրոսյանը կարող էր նման առաջարկ անել իր վաղեմի ու ոխերիմ քաղաքական հակառակորդներին։ Շատերը չեն հասկանում, թե ինչպես Տեր-Պետրոսյանը կարող էր պատրաստակամություն հայտնել համագործակցելու մարդկանց հետ, որոնց ժամանակին մեղադրել է ամենածանր հանցագործությունների մեջ եւ որոնք իրենց հերթին Տեր-Պետրոսյանին որպես քաղաքական հակառակորդ չեզոքացնելու համար միջոցների միջեւ խտրություն չեն դրել։ Իրականում, որքան էլ ստանդարտից դուրս ու անսպասելի, նրա առաջարկը միանգամայն բացատրելի ու հասկանալի է։ Բայց որպեսզի հասկանանք, պետք է մի փոքր ջանք գործադրենք սրա մասին մտածելու որպես մաթեմատիկոսներ եւ ոչ որպես պոետներ։

Սկսենք մի քանի փաստի արձանագրումից։

Փաստ #1. Հայաստանում գոյություն ունի իշխանություն, որն այլ կերպ, քան կատարելապես ձախողված, հնարավոր չի նկարագրել։ Այս իշխանությունը տապալել է Մարտի 1-ի դատավարությունը, դարձել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քաղաքական ռեինկարնացիայի հեղինակը, տապալել է դատաիրավական համակարգի ռեֆորմը, ոչինչ չի արել մեր կրթական ու գիտական համակարգը ճահճից դուրս բերելու համար (եւ հաջողությամբ ազատվել է մարդկանցից, որոնք դա ուզում էին անել), ոչինչ չի արել մեր տնտեսությունը վերափոխելու ու կայուն զարգացման ռելսերի վրա դնելու համար։ Այս հաշվեկշիռն արդեն բավարար կլիներ նման իշխանությունից օր առաջ ազատվելու համար։ Բայց սրանք մանրուքներ են համեմատած պատերազմի աղետի հետ, որը բացառապես այս իշխանության խայտառակ քաղաքականության հետեւանքն էր։ Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ դեռ բազմաթիվ բարդ խնդիրներ կան լուծելու ու վտանգներ` հաղթահարելու Ադրբեջանի հետ առաջիկա բանակցություններում, եւ ոչ միայն, ակնհայտ է, որ Հայաստանն իրեն պարզապես չի կարող թույլ տալ նման իշխանությունների վերընտրության շքեղությունը։ Եթե ուրիշ պատճառ չլիներ, այս իշխանություններին պետք է օր առաջ դուրս շպրտել այն բանի համար, որ իրենց իսկ խոստովանությամբ` նրանք անհրաժեշտ դիվանագիտական քայլերն ու զիջումները չեն արել պատերազմից խուսափելու համար, որ իրենց դավաճան չասեն։ Նման մտավախություններով քաղաքականություն ճշտող մարդկանց իշխանություն վստահելը խելագարություն է։

Փաստ #2. Բազմաթիվ պատճառներով, որոնց մանրամասն վերլուծությունը մեկ այլ հոդվածի առարկա է, քաղաքական դաշտը խիստ ամայացած ու կոտորակված է։ Որեւէ քաղաքական ուժ ինքնուրույն, կամ ինչ-որ մանր-մունր, կանխատեսելի կոալիցիաներով, դժվար թե կարողանա ավելի շատ ձայներ ստանալ, քան Փաշինյանի կուսակցությունը։

Փաստ #3. Որեւէ առանձին քաղաքական ուժի մասնակցությունն ընտրություններին դիտվելու է որպես սովորական քաղաքական հայտ` հիմնված այդ ուժի նեղ սահմանված քաղաքական հավակնությունների եւ խորհրդարանում մի քանի տեղ ձեռք բերելու ցանկության վրա։

Փաստ #4. Այն, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ աջակցություն ունի, միայն մի բացատրություն ունի։ Նույնիսկ Փաշինյանի պատճառած աղետներից հետո, ընտրողների մի մասը պատրաստ է նրան ձայն տալ, իսկ մի ստվար զանգված պարզապես չգիտի ինչ անել, որովհետեւ գոնե մինչեւ վերջերս, տեսանելի այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին եւ նրանց ղեկավարած ուժերը։ Նրանց վերադարձի հեռանկարից պարզապես սարսափում է Հայաստանի քաղաքացիների մի շատ ստվար շերտ։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ էր նշանակում Տեր-Պետրոսյանի գաղափարն այս փաստերի լույսի ներքո։

Առաջին, դա նույնպես արձանագրում էր, որ բազմաթիվ վատ հեռանկարների շարքում, վատթարագույն հեռանկարը Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունն էր։ Դա արձանագրում չէր, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ դաշինքը անպրոբլեմ ու հաճելի հեռանկար էր։ Դա ընդամենը արձանագրում էր, որ այդ տհաճ լուծումն անհրաժեշտություն էր ավելի տհաճ հեռանկարից խուսափելու համար։ Սա արդեն կլիշեի է վերածվել, բայց չի խանգարի մեկ անգամ եւս կրկնելը. Չերչիլից ավելի հակակոմունիստ գործիչ երեւի չկար ու երբեք չի եղել։ Բայց նա դաշնակցեց Ստալինի հետ, որովհետեւ Հիտլերին ավելի մեծ չարիք էր համարում։ Այդ քայլով նա կոմունիստ չդարձավ կամ համակրանք չարտահայտեց կոմունիզմի նկատմամբ։ Ընդամենը ցույց տվեց, թե որքան մեծ վտանգ էր համարում նացիզմը, որ նույնիսկ Ստալինի հետ էր պատրաստ դրա դեմ համագործակցել։

Երկրորդ, երեք նախագահների կողմից ստեղծված դաշինքը ռեալ շանս կունենար մարտահրավեր նետելու Փաշինյանին։

Երրորդ, այն փաստը, որ երեք նախագահներն իրար հետ խորը, արմատական հակասություններ ունեին, իրականում այդ առաջարկի օգտին խոսող ամենակարեւոր ու պերճախոս փաստն էր։ Եթե դաշինքն իրականություն դառնար, դա կնշանակեր, որ իրենց միավորում է Հայաստանը նոր աղետներից զերծ պահելու մտահոգությունը, եւ ուրիշ ոչինչ։ Դաշինքի առաջարկը նաեւ ահազանգ էր, թե որքան օրհասական է վիճակը, որ Տեր-Պետրոսյանը որոշել է նման քայլի դիմել, ինչը չեն ուզում հասկանալ մարդիկ, որոնք Տեր-Պետրոսյանից հիասթափվել են նման համագործակցության պատրաստ լինելու համար։

Չորրորդ, այն մարդիկ, որոնք շատ լավ տեսնում են Փաշինյանի գործած ավերածությունը, բայց պատրաստ են նրա օգտին քվեարկել, միայն թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չվերադառնան, կարող էին ավելի հանգիստ լինել այս առաջարկի իրագործման դեպքում, որովհետեւ

ա) նման դաշինքն անխուսափելիորեն փոխադարձ վերահսկողության ու հակակշիռների մեխանիզմներ կստեղծեր եւ թույլ չէր տա վերադարձ նախահեղափոխական տարիների ներքաղաքական ստատուս քվոյին,

բ) Տեր-Պետրոսյանն առաջարկում էր պայմանավորվել, որ երեք նախագահներից որեւէ մեկը նոր կառավարությունում պաշտոն չի զբաղեցնի դաշինքի հաղթանակի դեպքում։ Իրականում, սա նաեւ կարող էր հույս ներշնչել ընտրողների այն ահռելի զանգվածին, կամ գոնե դրա մի մասին, որն ընդհանրապես որեւէ մեկին չի ուզում տալ իր քվեն ու հավանաբար որոշել է արտագաղթել առաջին հնարավորության դեպքում։

Հիմա ես ուզում եմ խոսել մի բանի մասին եւս, բայց դա անելու համար պետք է խնդրեմ ընթերցողների ներողամտությունն ու համբերատարությունը, որովհետեւ այդ ասելիքը պահանջում է մի ընդհանուր ֆենոմենի համառոտ ակադեմիական քննարկում։ Գոյություն ունի «խաղերի տեսություն» անլուրջ անունը կրող շատ լուրջ գիտական մի բնագավառ, որի առարկան ինտերակտիվ միջավայրերում որոշումների մաթեմատիկական մոդելավորումն ու վերլուծությունն է։ Այդ տեսության մեջ մոդելների մի ընտանիք կա, որի ուշադրության կենտրոնում ինֆորմացիոն անորոշությունն է ու դրա զանազան հետեւանքները, մասնավորապես անորոշության այն տեսակը, որն ուղիղ ձեւով անբացահայտելի է, որը թաքցնելու կամ կեղծելու մոտիվներ կարող են ունենալ «խաղին» մասնակցող սուբյեկտները, եւ որի առկայությունը ոչ օպտիմալ որոշումների կամ արդյունքների պատճառ է դառնում (դա նկարագրող անգլերեն դարձվածքն է` private information combined with incentives to misrepresent)։

Պատկերացրեք բանկը թափուր աշխատատեղ ունի եւ բազմաթիվ դիմորդներից մեկին ընտրելու որոշում պետք է կայացնի։ Բանկը չգիտի, թե դիմորդներից որն է ավելի բարեխիղճ ու կոմպետենտ, բայց յուրաքանչյուր դիմորդ դա գիտի ինքն իր մասին։ Ակնհայտ է, որ նույնիսկ ոչ կոմպետենտ ու ոչ բարեխիղճ դիմորդները շարժառիթ ունեն ներկայանալու որպես բարեխիղճ ու կոմպետենտ, հետեւաբար զուտ հայտարարություններն այդ մասին որեւէ արժեք չեն կարող ունենալ։ Բանկը պետք է ինչ-որ մեխանիզմ գտնի տարբերակելու բարեխիղճ ու կոմպետենտ դիմորդներին անբարեխիղճ ու ոչ կոմպետենտ դիմորդներից։ Նման մեխանիզմ կարող է լինել, ասենք` դժվար դասերի քանակը, որ տվյալ դիմորդը վերցրել է ուսանող եղած ժամանակ։ Եթե դիմորդն իր ուսանելու տարիներին ժամանակը վատնել է պարի պատմության ու պոստմոդեռնիստական պոեզիայի մասին դասընթացների վրա, ուրեմն նրա բարեխղճության ու կոմպետենտության մասին կարող են ավելի լուրջ կասկածներ լինել, քան այն դիմորդի, որը վիճակագրության ու մաթեմատիկական անալիզի կուրսեր ունի իր դիպլոմի ներդիրի վրա (այստեղ նույնիսկ նշանակություն չունի` այդ դասընթացները որեւէ մասնագիտական առնչություն ունե՞ն բանկում զբաղեցնելիք պաշտոնի հետ, թե՞ ոչ)։ Հետեւաբար, դիմորդներին տարբերակելու համար բանկը կարող է դժվար կուրսերի ինչ-որ մինիմալ շեմ սահմանել այնպես, որ բնույթով անբարեխիղճ ու ոչ կոմպետենտ դիմորդների համար դա չարդարացնի նույնիսկ բանկում բարձր աշխատավարձով աշխատանք ունենալու հեռանկարը։

Այսպիսով` սուբյեկտը, որի տեսակի մասին անորոշություն կա, կարող է դա ցրել որոշակի գին պահանջող քայլերով, որոնք խաղերի տեսության մեջ կոչվում են գին պահանջող կամ գին ենթադրող ազդանշաններ (costly signals, costly signaling): Ուսանողը, որն ուզում է հետագայում բանկում աշխատել, կարող է դժվար կուրսեր վերցնել որպես նման ազդանշան։ Երկիրը, որն ուզում է հարեւանից զիջումներ ստանալ եւ պատրաստ է ուժ գործադրել, եթե հակառակորդը համառի, կարող է զորակոչել ռեզերվիստներին ու բանակը բերել մարտական պատրաստության վիճակի, ինչը որոշակի տնտեսական հետեւանքներ է ենթադրում դա անող երկրի համար եւ ինչը չէր անի բլեֆ անող երկիրը։ Տղան, որն ուզում է աղջկան համոզել իր լուրջ մտադրությունների մասին, գնում է աղջկա ընտանիքի հետ ծանոթանալու, եւ այլն։
Նույն խնդրին կարելի է նայել նաեւ ազդանշանի հասցեատիրոջ տեսանկյունից։ Բանկը դիմորդին հարցնում է` քանի՞ դժվար կուրս ես վերցրել համալսարանում սովորելու տարիներին։ Իր տեսակը թաքցնելու հնարավորություն դիմորդն այլեւս չունի։ Այդ հարցին պատասխանելը դա բացահայտելու է։ Իրականում` հարցին չպատասխանելը նույնպես։ Երկիրը, որը պահանջների թիրախ է, կարող է դուրս գալ բանակցություններից, ստիպելով հակառակորդին կա՛մ հրաժարվել պահանջներից, կա՛մ ճգնաժամը սրող քայլեր ձեռնարկել։ Նորից, նման քայլին որեւէ հակազդեցությունն ինֆորմատիվ է, այդ թվում ոչինչ չանելը։ Աղջիկը, որը կասկածներ ունի տղայի մտադրությունների վերաբերյալ, ինքն է առաջարկում տղային ծանոթանալ իր ծնողների հետ։ Մերժումն այլեւս վերադարձ չէ նախկին ստատուս քվոյին։ Ոչ ինֆորմացված սուբյեկտի կողմից ինֆորմացված սուբյեկտին սեփական նախընտրությունները բացահայտել ստիպելն անգլերեն կոչվում է screening, որը, ցավոք, լավ հայերեն համարժեք չունի։ Պայմանականորեն կարող ենք օգտագործել «տարբերակում» եզրույթը, մինչեւ Սամվել Կարաբեկյանը, որը հատուկ տաղանդ ունի այս բնագավառում, ավելի նախընտրելի համարժեք կստեղծի։

Իսկ հիմա փորձենք այս տեսության պրիզմայով նայել Հայաստանի քաղաքական կյանքում վերջին օրերին տեղի ունեցածին։ Եթե նույնիսկ դա՛ չի եղել նպատակը, Տեր-Պետրոսյանի առաջարկը տարբերակման գործիքի դեր է կատարել։ Քոչարյանն ու Սարգսյանը, ինչպես նաեւ նրանց աջակցող ուժերը, արդեն վեց ամիս օր ու գիշեր համոզում են հայ ժողովրդին, որ Փաշինյանի իշխանությունն աղետ է Հայաստանի համար, որ նա դավաճան է, եւ որ երկիրը պետք է փրկել այդ աղետից։ Տեր-Պետրոսյանի առաջարկը նրանց հնարավորություն էր տվել ապացուցելու, թե որքան խորն էին այդ մտահոգությունները եւ որքանով էին նրանք պատրաստ ամեն ինչ դրան ստորադասելու։ Նրանք հնարավորություն ունեին ապացուցելու, որ այդ մեղադրանքներն ընդամենը քաղաքական շահարկման գործիքներ չէին, այլ իրական համոզմունքի արտահայտություններ, եւ որ իրենց իսկապես հայրենիքի փրկությունն էր մտահոգում, ոչ թե խորհրդարանում իրենց ու իրենց աջակիցների համար մի 10-15 տեղ ապահովելու հեռանկարը, սեփական անձեռնմխելիության ապահովումը, եւ այլ նման մանր-մունր բաներ։ Գուցե նրանք հույսեր են փայփայում, որ եթե ոչ հիմա, ապա միեւնույն է՝ Փաշինյանի իշխանությունը մոտ ապագայում փլվելու է եւ նրանք գուցե շանս կունենան իշխանությունն այն ժամանակ վերցնելու` առանց որեւէ դաշինքի ու առանց սեփական քաղաքական հավակնություններից հրաժարվելու։ Հոգ չէ, թե մինչ այդ Հայաստանը կարող է նոր աղետների ենթարկվել։ Տեր-Պետրոսյանի առաջարկին համաձայնելը կցրեր նաեւ նման կասկածները։ Դաշինքում ընդգրկվելն անշուշտ գին էր ունենալու նրանց համար։ Նրանց քաղաքական ինքնուրույնությունը որոշակիորեն կաշկանդվելու էր, Քոչարյանն ու Սարգսյանն անձամբ պետք է հրաժարվեին պաշտոններ զբաղեցնելու հավակնությունից, նրանց աջակիցների մի հատված էլ իրենց դատապարտելու էր Տեր-Պետրոսյանի հետ «գործարքի» գնալու համար։ Բայց հենց այդ հանգամանքն էր, որ արժանահավատ էր դարձնելու պնդումներն առ այն, որ երկրի փրկությունն իրենց ամենաառաջնահերթ մտահոգությունն է։ Քոչարյանն ու Սարգսյանն այդ քննությունը ձախողեցին։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա նրա առաջարկը ոչ միայն «տարբերակման» գործիք էր` ուղղված Քոչարյանի ու Սարգսյանի իրական հավակնություններն ու նախընտրությունները բացահայտելուն, այլ նաեւ իր կողմից գին ենթադրող ազդանշան (costly signal)։ Նա շատ լավ գիտեր, որ նույնիսկ իր շատ աջակիցներ տարակուսելու եւ հիասթափվելու էին իրենից։ Նա համագործակցության էր հրավիրում մարդկանց, որոնք արդեն երկար ժամանակ իր շատ կոշտ քննադատության թիրախն են եղել։ Նա որոշ առումով զոհաբերում էր իր ղեկավարած քաղաքական ուժի ինքնուրույնությունը` հանուն ընդհանուր նպատակի։ Վերջապես, նա պատրաստ էր ազդարարել իր քաղաքական կարիերայի ավարտը, եթե մյուսները համաձայնեին իր առաջարկին։

Հետեւաբար, մի կարեւոր դրական արդյունք Տեր-Պետրոսյանի առաջարկը տվել է, չնայած այն բանին, որ Քոչարյանն ու Սարգսյանն այն մերժել են։ Մասնավորապես` եթե անորոշություն կար հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերի հավակնությունների ու նախընտրությունների վերաբերյալ, ապա այդ անորոշությունն արդեն վերացել է։ Ընտրողները հիմա հնարավորություն ունեն տեսնելու, թե իրականում որ քաղաքական ուժն ինչ նախընտրություններ ու հավակնություններ ունի։ Նրանք նաեւ հնարավորություն ունեն տեսնելու, թե որտեղ են իրականում քաշված բաժանարար գծերը։ Նրանք հնարավորություն ունեն տեսնելու, թե այսօրվա մեր քաղաքական իրականության մեջ խոսքն ու գործն իրարից ինչով են տարբերվում։

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Շաաատ բաաաարդ բանաձև եք ներկայացրել ,,պողոսների,,համար՝նրանք մեկ բան են ուզում՝նախկիններին բանտարկված տեսնել և նոր անցնել գործող իշխանություններին:Իսկ գործող իշխանությունն էլ գիտի,որ նրանցից ,,վրեժ,,լուծելուց հետո հաջորդ թիրախը իրենք են լինելու…..:
    Այս լրատվամիջոցում հաճախակի եմ հանդիպել ստորագիր՝քանի դատարանի կկողմից անձը չի դատապարտվել,նա համարվում է անմեղ՝թե? մեր երկրում դատավորը չի որոշում անմեղությունն ու մեղավորությնուը,այլ ցանկացած ,,չկամեցող,,մարդ:
    Լևոն Տեր Պետրոսյանի օրոք է առաշացել ,,քրեաօլիգարխիկ,,համակարգը՝Քոչարյանն ու Սարգսյանն էլ են նրա ,,սանիկները,,՝ձվերից դուրս են եկել ,,ճտեր,,որոնք ավելի ,,շուստրի,, էին քան ,,թուխսը,,

  2. Aha says:

    I write this in English as my ability with the Armenian keyboard is weak and would take an unreasonable amount of time for a quick comment. I agree with Mr. Grigoryan but it’s also possible that RK and SS believe that they can beat NP in elections, that they may be sincere in their desire to convince the electorate to give them a second chance. I personally don’t think they will succeed (unfortunately) but I give them the benefit of doubt.

    I would add that even outside the electoral context and ideally, the broader Armenian side should come to a consensus that LTP is the most suitable candidate to represent Armenia in the soon to follow and extremely difficult phase of geopolitical negotiations: peace treaty with Azerbaijan, border demarcation, Russian troops status in 4.5 years, opening of communication channels, Turkish border, etc. The first president has the farsightedness, experience, and intellect to best defend Armenia’s interests in difficult times. Granted, one could argue that the second and third presidents also possess key qualities but they lack an essential one: they don’t command as much respect in the opponent’s camp as LTP does. The Turskish/Azerbaijani side knows LTP was able to beat them in the first war but that he was also favorable to the 1997 peace plan. This might attenuate some complexes they may have towards the second and third presidents. In my opinion this psychological factor will weigh on Armenia’s ability to limit the damage (which, needless to say, remains inevitable as we lost the war).

  3. Ռուբեն says:

    Հետաքրքիր վերլուծություն էր, այստեղ են ասում՝ մեռնեմ գիտությանը, մասնավորապես, խաղերի տեսությանը:
    Օգտատեր Seyran-ի մեկնաբանության մասին էլ ասեմ, որ Լևոնն իր գործած սխալների պատճառով բարձր վարկանիշ չունի և կուզենար այս քայլով պատմության մեջ հիշվեր ավելի դրական գույներով: Եվ իսկապես, ընտրակեղծարարության և քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծման թուխս լինելով, նրա տակի ձվերից դուրս եկած շուստրի ճտերն արդեն թխսաթող էին եղել և իմաստ չգտան այսքան տարի անց թուխսի հետ միավորվել հանուն ընդհանուր գործի: Նրանք իրենց առանձին շահերն ունեն և թուխսից էլ շատ միջոցներ՝ ի՜նչ հայրենիքի փրկություն, ի՜նչ հավաքական ուժի ստեղծում: Մի խոսքով, խեղճ Չարենցը հավաքական ուժով փրկվելու կոչն անելիս հաստատ զգում էր, որ հայերիս մեջ դա լուրջ խնդիր է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31