ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի պահանջները:
Շրջաբերականում նախարարությունը կոչ է արել նաև բացառել որևէ դրամահավաք, որի վերաբերյալ արդեն ստացվում են համապատասխան ահազանգեր: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ համավարակով պայմանավորված՝ «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:
«Հատկապես վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության ընդհանուր քաղաքականությունն է՝ զերծ մնալ ավելորդ ճոխություններից և ավելի շատ ուշադրություն դարձնել «Վերջին դասի» խորհրդին՝ որպես ուսումնական գործընթացի ամփոփում: Երբ խոսում ենք ուսումնական գործընթացի վերաիմաստավորման մասին, ապա դրա կարևոր բաղադրիչը բնավ նյութական կողմը չէ»,- փաստել է փոխնախարարը:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ