Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռազմագերիների հարցը փակված է:
«Ռազմական գործողությունների դադարից հետո մենք վերադարձրել ենք բոլոր ռազմագերիներին, որոնք պատերազմի ժամանակ հայտնվել էին մեր մոտ»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ պատերազմից հետո 6 ամիսների ընթացքում հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել մոտ 1600 մարմին:
Ալիևը նաև Հայաստանին մեղադրել է ռևանշի փորձերի և կորցրած տարածքները վերադարձնելու խոսակցությունների մեջ: «Դա շատ վտանգավոր է, առաջին հերթին հայկական կողմի համար: Թե ինչի հանգեցրեց այդ ատելության ադրբեջանաֆոբիայի քաղաքականությունը՝ ցույց տվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը,- ասել է Ալիևը: – Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը՝որպես ընկեր, ռազմավարական դաշնակից, հարևան, որպես երկիր, ում խաղաղապահներն այսօր գտնվում են Ադրբեջանի տարածքում, հետագայում էլ կնպաստի լարվածության թուլացմանը և հայկական կողմում առավել սթափ մոտեցման ձևավորմանը»:
Կարդացեք նաև
Ալիևը խոսել է նաև տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին և գնահատել եռակողմ հանձնաժողովի աշխատանքը:
«Սահմանվել են հստակ ժամկետներ և մենք կփորձենք պահպանել այդ ժամկետները, որպեսզի մոտ ժամանակում այդ նախագիծը կյանքի կոչվի»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ