«Կարգապահական վարույթ չի հարուցվել դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատմամբ։ ԲԴԽ-ն ստացել է գրություն դատավորի աշխատանքի վերաբերյալ Վահագն Աբգարյանի գործով պաշտպան Ինեսսա Պետրոսյանից, որը ընդունել է ի գիտություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությանը, որտեղ Բեկթաշյանը խոսում է իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։
Դատավորը նշում է, թե ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նիստի ժամանակ «գազ է տվել» որպեսզի վարույթը հարուցվի, նրան է միացել ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը։ Դատավորը ձայնագրության մեջ նշում է, որ ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզյանն է եղել այն եզակիներից մեկը, որը պնդել է, թե կարգապահական վարույթ հարուցելու հիմք չկա։
Բեքմեզյանը մեր զրույցում նշեց, որ այս պահին ձայնագրության մասին մեկնաբանություններ տալ չի ցանկանում․ «Նախ, ես չգիտեմ, թե սա ում ձայնագրությունն է։ Դատախազությունը նյութերն ուղարկել է քննության, սպասենք, տեսնենք, թե սա ինչ ձայնագրություն է, ովքեր են։ Ձայնագրության մեջ Արմեն Բեկթաշյանի ձայնը նման էր, չեմ բացառում, որ իսկապես ինքն է։ Ավելի լավ է սպասենք, տեսնենք, թե քննությունն ինչ է ասում այս ձայնագրության հետ կապված»,- հավելեց Բեքմեզյանը։
Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: