Մեր հանրապետությունում գնաճի ֆոնն ակնհայտորեն բացասական է: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով, որ շարունակական գնաճը տնտեսական համընդհանուր խնդիրների մեջ պարզապես ամենատեսանելին է:
Հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների գնաճային ցուցանիշները և այն, որ Հայաստանում, օրինակ՝ Վրաստանի համեմատ գնաճն ավելի բարձր է՝ տնտեսագետը շեշտեց. «Մենք խոսում ենք մի տնտեսության մասին, որը չի աշխատում և, ըստ էության, չի գործում: Ու, բնականաբար, նման պարագայում գնաճը բացասական երևույթներից ընդամենը մեկն է: Մեծ հաշվով, գնաճը շարունակական կլինի այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսությունը գտնվում է նման կոլապսային վիճակում: Իսկ այս իշխանությունների կառավարման պարագայում գնաճն ավելի է խորանալու: Սա զուտ վատատեսական կանխատեսում չէ, սա իրողություն է: Տնտեսությունն այսօր, որպես այդպիսին, չի աշխատում: Այս իմաստով ժողովրդի համար տեսանելի ցցուն նշանը գնաճն է»: Տնտեսագետի խոսքով, խնդիր կա տնտեսության բոլոր ճյուղերում:
«Թե՛ փոքր և միջին ձեռնարկությունները, թե՛ առևտրի, թե՛ ծառայությունների և թե՛ տնտեսության մյուս ճյուղերն ու ուղղությունները դադարում են գործել լիարժեքորեն՝ պայմանավորված այս պահին առկա քաղաքականության պատճառով: Խոսքը թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական և թե՛, առաջին հերթին, նաև արտաքին քաղաքականության մասին է: Ինչ վերաբերում է կոնկրետ արտաքին քաղաքականությանը, ապա մեր կապերն այս պահին խիստ վտանգված են անգամ այն երկրների հետ, որոնց հետ հստակ ձևավորված տնտեսական կապեր ու հարաբերություններ ենք ունեցել: Մենք չունենք այնպիսի արտադրական ձեռնարկություններ, որ մեր երկրի պահանջմունքները և կարիքները բավարարենք մեր ուժերով: Բնականաբար, այդ կապերի միջոցով, մասնավորապես մեծ ծավալի ներմուծումների առումով մենք կարողացել ենք քիչ թե շատ լուծել վերոնշյալ խնդրից բխող հարցերը: Բայց հիմա գոյություն ունեցող այդ կապերի խիստ ու կտրուկ թուլացումը ակնհայտ հետևանքների է հանգեցնում»,-ասաց Վարդան Բոստանջյանը:
Նա շեշտեց, որ երեք տարվա ընթացքում հայտնվել ենք մարդկանց ձեռքում, որոնք կառավարման համակարգից ոչինչ չեն հասկանում: «Նրանք պետք է պարզապես դուրս շպրտվեն նաև կառավարման համակարգից: Մենք պատահականությունների պատճառով, բնականաբար, պետք է հայտնվեինք հենց այս իրավիճակում: Ինչ վերաբերում է նրանց «ռեկորդային» ցուցանիշներին, խոստումներին ու տարբեր տեսակի աճերին, դրանք ոչ այլ ինչ են, քան պարզապես խոստումներ ու նկարված թվեր: Երեք տարի ամենահասարակ խոստումներն անգամ չեն կատարվել»,-եզրափակեց տնտեսագետը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։