Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս փոփոխություններն իրականություն դառնան, եւ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի օրենքը, ապա դա անդառնալի հետեւանքներ կունենա. Գագիկ Ղազինյան. «Հրապարակ»

Մայիս 11,2021 11:04

Երեկ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գնացել էր ԵՊՀ՝ գիտխորհրդի անդամների հարցերին պատասխանելու, սակայն իրականում ամեն կերպ փորձում էր մանիպուլյացիաներով ու հակառակ հարցադրումներով խուսափել պատասխաններից։ Բանն այն է, որ մինչ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին նոր օրենքը վիճարկվում է ՍԴ-ում, կառավարությունը որոշել է այդ օրենքի ամենավիճարույց դրվագներից մեկը «սղղացնել»։

Զրուցեցինք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, գիտխորհրդի անդամ Գագիկ Ղազինյանի հետ։ Նա, պատասխանելով հարցին, թե որն է իշխանությունների նպատակը, ասաց․ «Նպատակը՝ ուղղակի ունենալ հոգաբարձուների խորհուրդ, որը կընտրի իրենց ուզած անձին, պաշտոնակատար, թե հիմնական ռեկտոր՝ ոչ մի նշանակություն չունի, կարեւորը՝ վերահսկողություն առաջին հերթին ԵՊՀ-ի նկատմամբ։ Ես պատահաբար չասացի այդ «համընկնման» մասին՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրաժարականի դիմումի եւ հոգաբարձուների 15 անդամների հրաժարականի դիմումի։ Եթե համընկնումը պատահական է, նման բան չի լինում։ Զգացի՞ք, թե ինչքան դժգոհ էին համալսարանականները, ինչքան կասկածներ ունեին, ուղղակի Դումանյանն իր ոճով փորձում էր․․․ իրականում խնդիրն այնքան պարզ է, եթե ծանոթանաք այս որոշման դեմ ՄԻՊ-ի բերած բողոքին, ուղղակի բաներ կան, ինչպես ես ասացի, նոնսենս են։ Իրավաբանության մեջ կան արտահայտություններ, որոշումներ, որոնք լուրջ իրավաբանն ուղղակի չի քննարկում, ինչպես ժամանակին, ՍԴ-ի հետ կապված, ձեր թերթն ինձ հարցրել էր, ես ասացի, որ բաներ կան, որոնք ես չեմ մեկնաբանում, դա իրավունքի հետ ոչ մի կապ չունի, ինչ արվում է՝ հանրաքվեից սկսած, առանց ՍԴ ուղարկելու, Ազգային ժողովով ինչ-որ սահմանադրական օրենք փոխել, անցումային դրույթները, որ արդեն կատարվել-վերջացել են, դրանք փոխես․․․, բաներ կան, որ չի կարելի դա անել, բայց մեզ մոտ, պարզվում է, ամեն ինչ կարելի է»։

Իրավագիտության ֆակուլտետի դեկանը նշեց նաեւ, որ եթե այս փոփոխություններն իրականություն դառնան, եւ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի օրենքը, ապա դա անդառնալի հետեւանքներ կունենա. «Մեր հայտարարության առաջին կետով մենք դիմել ենք ՄԻՊ-ին՝ խնդրելով, որ նա դիմի ՍԴ։ Ինչո՞ւ օմբուդսմենին․ որովհետեւ նախագահն իրավունք ունի օրենքները մինչեւ ստորագրելը ուղարկելու ՍԴ, ուժի մեջ չմտած, իսկ օմբուդսմենը՝ ուժի մեջ մտնելուց հետո։ Մենք ՄԻՊ-ին խնդրել ենք դիմել անհապաղ կասեցնելու պահանջով, որպեսզի այդ պրոցեսն էլ չգա։ Նախարարն ասում է․ մենք ի՞նչ գիտենք՝ ՍԴ-ն ինչ որոշում է ընդունելու, բայց այդ որոշումը անդառնալի՞ է, չէ՞։ Եթե դուք հասցրիք մինչեւ ՍԴ-ի որոշումը նոր խորհուրդներ ձեւավորել, ձեր ռեկտորին եւ պաշտոնակատարին ընտրեցիք, հետո այդ օրենքը ճանաչվեց հակասահմանադրական, ի՞նչ եք անելու, այդ մարդկանց դուք չեք կարող ազատել։ Ես օրինակը բերեցի, նույն ՍԴ-ի անդամների՝ Ալվինա Գյուլումյանի եւ մյուսների, որոնք դիմել են Եվրադատարան, եթե դատարանն իրենց օգտին որոշում կայացնի, իսկ ես համոզված եմ, որ պետք է իրենց օգտին որոշի, միեւնույն է՝ իրենք չեն վերականգնվի, որովհետեւ նրանց փոխարեն արդեն մարդիկ են  նշանակվել, որոնք ոչ մի մեղք չունեն․ թափուր է եղել, դիմել են, ԱԺ-ն ընտրել է։ Սա կոչվում է անդառնալի հետեւանք, հենց այդ հիմքով է նաեւ օմբուդսմենը դիմել, որ եթե այդ որոշումն ընդունվի, կունենանք անդառնալի հետեւանքներ։ Պատկերացրեք ամենավատը՝ դա կդառնա նախադեպ, եւ կառավարությունն այսուհետ դա հանգիստ կդարձնի պրակտիկա, կասի՝ ուժի մեջ է մտել, ոչ ոք չի վիճարկել, այսուհետ ես բոլորն այդպես եմ անում»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31