Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ ոչնչացնել օկուպացված տարածքներում հայության բազմադարյա գոյության մասին վկայող ցանկացած հետք ու ապացույց. Արցախի ՄԻՊ

Մայիս 11,2021 10:35

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմանները և գերեզմանաքարերը օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով։

Հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության և հասարակության համատարած ատելությունն ու անարգանքը։ Նրանց այս գործելաոճը մեզ համար նորություն չէ, մենք բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի վայրագություններին՝ ուղղված Արցախի տարածքում հայ ժողովրդի կյանքի, սեփականության, պատմական արժեքների և հիշողության դեմ։ Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ ոչնչացնել օկուպացված տարածքներում հայության բազմադարյա գոյության մասին վկայող ցանկացած հետք ու ապացույց։

Միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով սահմանվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը։ Հայկական գերեզմանների պղծմամբ ու ոչնչացմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն սովորույթային իրավունքի նորմերը, այլ նաև անձի արժանապատվության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

Ադրբեջանին պետք է ստիպել կատարելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և այդ հարցում միջազգային կազմակերպություններն ունեն առաջնային պարտավորություն և առաքելություն։ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հանցագործությունները չպետք է անպատիժ մնան և միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի սա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31