Ընդհանուր առմամբ, արդեն ուրվագծվում է, թե նախընտրական պայքարում հիմնականում որ ուժերն են գլխավոր դերակատարում ունենալու: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ առկա վերադասավորումներին և ներքաղաքական դաշտին:
Քաղտեխնոլոգի խոսքով, ընդհանուր առմամբ, այս ընտրությունները բացառիկ նշանակություն ունեն. «Սա զուտ հերթական էլեկտորալ կամ անգամ արտահերթ էլեկտորալ գործընթացը չէ, որտեղ ինչ-ինչ պատճառներով ուղղակի իշխանության հարց է դրված: Այս ընտրություններում դրված է պետականության լինել կամ չլինելու հարցը: Մեկ այլ հարց էլ է դրված, որն, ըստ իս, շատ ավելի կարևոր է. այս տարածքում բնակչությունն ընդամենը բնակչությո՞ւն է, որը չունի երկրի, պետականության, պատմական հիշողության, հայրենիքի, ազգի զգացողություններ և իրենց միավորում է միայն ընդհանուր լեզուն, թե՞ ժողովուրդ է, երբեմն էլ՝ ազգ, որի համար ուղղակի վիրավորական է, երբ կապիտուլյանտ իշխանությունը, որը ոչ միայն Արցախի 75 տոկոսն է հանձնել, արդեն ՀՀ տարածքներն է այս կամ այն պատրվակով տալիս, այլև ընդհանրապես վտանգի տակ է դնում պետականության գոյությունն ու անվտանգությունը: Կնքահայրը ֆիլմի մեջ Մայքլ Կոռլեոնեն ասում էր. «Только не говори, что ты не виноват. Это оскорбляет мой разум»: Հիմա եթե հանկարծ այս իշխանությունը լեգիտիմացվի այդ բնակչության կողմից, ամբողջ աշխարհի համար հասկանալի կլինի, որ այդ բնակչության հետ կարելի է անել այն ամենը, ինչ ցանկանում ես, որովհետև նրանց լավագույն դեպքում հետաքրքրում է ստամոքսը»:
Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ ընտրությունները շատ կարևոր են և՛ պրագմատիկ քաղաքականության առումով, և՛ ինքնագիտակցության առումով՝ որպես ժողովուրդ: «Մենք այսպիսի ընտրություն չենք ունեցել, և շատ կարևոր հանգրվանի ենք հասել նաև վերոնշյալ նրբերանգի իմաստով: Խաղասեղանին նաև այսօրվա իշխանությունների անվտանգության խնդիրն է դրված: Մեր՝ հատկապես նախագահական ընտրությունների դեպքում խաղասեղանին սովորաբար դրված են եղել իշխանության, սեփականության, ֆինանսներին առնչվող հարցերը: Հիմա խաղասեղանին այսօրվա որոշ իշխանավորների ուղղակի անվտանգության հարցն է, ինչի պատճառով, կարծում եմ, բավականին կոշտ ընտրություններ են լինելու: Քանի որ իշխանությունների համար սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված, իրենք շատ բաների են գնալու, որոնց, բնականաբար, հակադրվելու է ընդդիմությունը, որը փորձված է, նաև բավականին կազմակերպված: Տարբեր շարասյուներով է գնում, բայց նպատակը մեկն է: Այս ամենին ավելանում է նաև այն, որ իշխանությունն ամբողջովին չի վերահսկում իրավիճակը, այդ թվում՝ նաև վարչական ռեսուրսները՝ մանավանդ նաև ուժային կառույցների առումով: Ու եթե ընտրությունները գնան բախումների սցենարով, հարց է առաջանում՝ արդյո՞ք իրավապահ համակարգը կգտնվի իր բարձունքի վրա և, ինչպես ասում են, կենդանի վահան կլինի բախվողների միջև»,-եզրափակեց զրուցակիցը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում