Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Քոչարյանը դարձավ գործոն

Մայիս 11,2021 10:00

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լուրջ հայտ է ներկայացրել՝ վերադառնալու իշխանության եւ ունի տասնյակ հազարավոր աջակիցներ: Ոմանք ուրախանում են այդ փաստից, ոմանք՝ տխրում, բայց դա իրողություն է, եւ լրագրողի պարտականությունն է դա արձանագրել:

Իսկ հիմա փորձենք վերլուծել, թե ինչու այն մարդը, որի իշխանության օրոք տեղի է ունեցել «հոկտեմբերի 27»-ը, ով անձամբ մեղավոր է «մարտի 1-ի» սպանդի համար, որին սխալ բարեւելու համար մարդ են սպանել եւ այլն, եւ այլն, ինչու է այդ գործիչը դարձել թիվ մեկ ընդդիմադիրը:

Ոմանք տալիս են հետեւյալ պատասխանը՝ որովհետեւ «թավիշը» շատ էր, որովհետեւ Քոչարյանին պետք էր ձերբակալել, գնդակահարել: Ես, ճիշտն ասած, գրեթե տրամագծորեն այլ կարծիքի եմ:

Պաշտոնաթող, քաղաքականությունից հեռացած նախագահին լուրջ գործոն սարքեց Փաշինյանը, որի իշխանության գալուց հետո առաջին գործն եղավ մեր պետության անցյալը միայն սեւ գույնով ներկայացնելը, հասարակությանը հեղափոխականների եւ հակահեղափոխականների («նախկինների աջակիցների») բաժանելը եւ բոլոր հնարավոր եւ անհնարին, իրավական ու հակաիրավական մեթոդներով հետապնդումներ հրահրելը:

Պետական մտածողություն ունեցող մարդիկ (օրինակ, Նելսոն Մանդելան) իշխանափոխությունից հետո  գիծ են քաշում եւ փորձում են  հասարակությունը համախմբել: Իսկ մանր կրքերով, փառասիրությամբ եւ քինախնդրությամբ ապրողները ճիշտ հակառակ ձեւով են վարվում՝ ձգտում են ինքնահաստատվել, վրեժ լուծել, կրքեր բորբոքել: Այդ վարքագիծը մեծապես թուլացնում է պետությունը եւ նպաստում է պարտություններին՝ այդ թվում նաեւ ռազմական: Հույսս չեմ կտրում, որ երբեւէ Հայաստանը ղեկավարելու են առաջին տիպի մարդիկ՝ համերաշխության, համախմբման, հաշտության կողմնակիցները: Ակնհայտ է, որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ ներկայիս վարչապետի պաշտոնակատարն այդ մարդկանց թվին չեն պատկանում:

Երբ Փաշինյանն եկավ իշխանության, խելացի մարդիկ (նաեւ մեր երկրի սահմաններից դուրս) նրան խորհուրդ էին տալիս չսկսել Քոչարյանի հետապնդումը «մարտի 1-ի» գործով, որովհետեւ նրան քաղաքականության մեջ շրջանառելը, հետապնդվողի դեր շնորհելը, ի վերջո, շուռ է գալու հենց իր՝ Փաշինյանի դեմ: Բայց հաղթեց դիլետանտների, պոպուլիստների, անպատասխանատու մարդկանց տեսակետը, եւ երկարատեւ անհաջող դատավարությունը առյուծներ որսացող թոշակառուին դարձրեց ընդդիմադիր քաղաքական գործիչ: Այնպես չէ, որ Քոչարյանը մեղավոր չէ «մարտի 1-ի» համար, սակայն «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքն անհեթեթ էր, անհեռանկարային: Կասկածում եմ, որ իրավաբանական կրթություն ունեցող որեւէ մարդ ինքնակամ կխրվեր այդ արկածախնդրության մեջ:

Պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունն, անշուշտ, ուժեղացրեց Քոչարյանի դիրքերը: Իհարկե, կարելի է շարունակել պնդել, որ այդ պարտության համար երկրորդ եւ երրորդ նախագահն են մեղավոր: Որոշակի մտավոր մակարդակ ունեցող մարդկանց վրա այդ փաստարկն ազդում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Armen says:

    Ռոբերտ Քոչարյանը գործոն է իր ֆինանսական միջոցները գեներացնողների և սեփական լրատվամիջոցների համար: Հ ա յ ժողովրդի համար նա գործոն չի եղել և չի էլ լինի երբևէ:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Պետական մտածողություն ունեցող մարդիկ չեն կարող չհասկանալ, որ նիկոլչիբեյին իշխանությունից հեռացնելու միակ եւ հզոր գործոնը Քոչարյանն է, եւ որ իրականում մենք գնում ենք հանրաքվեի, այլ ոչ թե ինչ-որ մի «ընտրությունների»: Հանրաքվե՝ Հայաստան պետության գոյության կամ չգոյության մասին… Կամա թե ակամա՝ բոլոր նրանք, ովքեր հակաքոչարյանական կեցվածք են ընդունում՝ ճամարտակելով «արդարության», «մարտի 1-ի սպանդի», «սխալ բարեւելու» վնասների կամ ինչ-որ «այլընտրանքների կամ «երրորդ ուժերի մասին, ըստ էության խաղում են նիկոլչիբեյի կողմից, նպաստում նրա վերարտադրմանը եւ, հետեւաբար, Հայաստանի վերջնական ոչնչացմանը որպես անկախ պետություն…

    Պարզ է, որ նիկոլչիբեյը առաջիկա 40 օրերի ընթացքում հիմնականում հենց Քոչարյանին «քլնգելով» է զբաղվելու եւ փորձելու է որքան հնարավոր է ցածրացնել հանրաքվեի մասնակցության տոկոսը: Որքան քիչ մարդ գա ընտրատեղամաս՝ այնքան ավելանալու են գերագույն գլխավոր ստախոսի շանսերը: Օգտագործելու է իր ազգադավ ոհմակի քարոզչական ողջ կարողությունները, մարտի է նետելու իր բոլոր արբանյակներին ու կեղծ քննադատներին՝ միայն ու միայն Քոչարյանի գործոնը չեզոքացնեու եւ հանրաքվեի թեման ջրելու համար: Բոլոր թրքամետ ու ռուսատյաց գործիչները արդեն տքնաջան գործի են լծվել՝ արման-բաբաջաանյաններից ու արամ-զ-սարգսյաններից սկսած մինչեւ նորանոր նորիկյաններ ու քթկալ խզմալյաններ… Կհայտնվեն նաեւ «սյունեցի Արմեններ», որոնք թքած ունեն Կապանի ու Շուրնուխի վրա եւ երազում են լոկ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածվելու մասին…

  3. Արամ Աբրահամյան says:

    Երկու արձագանք իմ այսօրվա հոդվածին՝ նիկոլականի եւ քոչարյանականի: Առաջինն ակնարկում է, որ ես Քոչարյանի լրատվամիջոցն եմ: Երկրորդը նշում է, որ ես ՃԱՄԱՐՏԱԿՈՒՄ ԵՄ մարտի 1-ի սպանդի եւ Առագաստ սրճարանաւոմ «սխալ բարեւելու» համար մարդ սպանելու մասին (կարծես, դրանք փաստեր չեն) եւ կամա թե ակամա կատարում եմ Փաշինյանի պատվերը: 🙂

    • Հ.Շ. says:

      Յարգելի Խմբագիր, հիմա որ օրը աւարտեցաւ, թոյլ տուէք որ, հաւանաբար աւելի «սեղմ» շարջանակի մը համար, ես ալ մի բան ասեմ :

      . Իմ հակազդեցութիւնս, հիմնականօրէն, կը վերաբերի նիւթին զուտ օրինական երեսին : Ու միայն, Ձեր այս երկու հաստատումներին ՝
      – «անձամբ մեղաւոր է «մարտի 1»ի սպանդին համար
      – «սխալ բարեւելու համար մարդ են սպանել»

      Որպէս Կանադայի մէջ իրաւաբանութիւն ուսանած, եւ այդ երկրում երեսուն-երկու տարիների ի վեր բացառապէս որպէս իրաւաբան աշխատող անձ, ձեզի կը վստահեցնեմ որ, օրինական գետնի վրայ, ճիշդ չեն Ձեր այդ հաստատումները: Օրինապէս, անհիմն են:

      Սակայն շատ լաւ կը հասկնամ որ դուք այդ խօսքերը չեն արտայայտում, իրաւաբանական գետնի վրայ:

      Իսկ այդ մօտեցումը որ ընտրած էք, վերոգրեալ կարծիքները այդպէս յայտնելու համար, գոնէ ձեր յատուկ պարագային, ընդունելի է…
      – քանզի մտաւորական մակարդակի վրայ, անկեղծ էք
      – եւ նոյնիսկ յառաջիկայ ընտրութիւնների ընտրապայքարի ծիրին մէջ (նորէն՝ ձեր պարագային), it’s fair game…

      . Մնացեալին կապակցութեամբ, ես 2018էն ի վեր, Ձեր ասածները ասել, գրել եւ հրապարակել եմ, կրկնել եմ՝ այլազան ձեւերով, շատ աւելի ընդլայնուած, նոյնիսկ լրացուցիչ կերպով, մինչեւ որ լեզուս եւ գրիչս չորանան: Անշուշտ, լրիւ ի զուր:

      Ոչ միայն Քոչարյանի comebackին, այլ 2008ի յեղափոխութեան ձախողութեան ամենահիմնական պատճառներէն մէկը, ներքին եւ արտաքին առումներով՝ այդ հետապնդումն էր, որ մեկնող վարչակարգը ձեռնարկեց՝ Քոչարյանի – եւ Խաչատուրովին – դէմ:

      . Իմ այդ անխոնջ բայց ապարդիւն ջանքերս պիտի գտնէք ստորեւ նշուած յօդուածիս ամենավարը: Մինչ այս յօդուածը կը վերաբերի իմ – այժմ եւս, ի զօրու – դիրքորոշումիս, Քոչարյանի քաղաքական վերադարձին կապակցութեամբ՝
      11 Յուլիս  2020 [Յ.Գ/այժմէականացում՝ 27.01.2021] ՝
      «Քոչարյան՝ հանգստեան կոչուելու իրաւունքը»
      https://haytougchamlian.blog/քոչարյան՝-հանգստեան-կոչուելու-իրաւո/

    • Ջորդանո Գալիլյան says:

      “կարծես, դրանք փաստեր չեն”

      Դրանք իհարկե փաստեր են, միայն թե պարզվեց, որ Քոչարյանն այդտեղ մեղք չուներ: Փաստ է, որ ըստ դատարանի՝ նրա գործողությունները բխել են իր լիազորություններից, եւ վե՛րջ: Մնացածը ընդամենը քաղաքական ճամարտակություն է՝ դատարկաբանություն ու մարդկանց արյունը շահարկող լեւոնանիկոլական ինքնագովազդ…

      «Մարտի 1»-ի թեման թմբկահարողները առանձնապես չեն տարբերվում նիկոլչիբեյի հպարտ զոմբիներից: Պարզից էլ պարզ է, որ 2018-ի «թավշյա» հեղաշրջման նախակարապետը հենց 2008-ի «Մարտի 1»-ն էր: Չլիներ դա՝ չէր լինի եւ ներկայիս համազգային աղետը: Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր նիկոլչբեյի սադրիչ հոգին «փառավորվում» բարիկադներում. նույն ատելության ու բռնության քարոզը այն ժամանակ «տականք ղարաբաղցիների» ու «մոնղոլ-թաթարական ավազակների», իսկ այժմ՝ «թալանչի-մարդասպանների» նկատմամբ…

  4. Լավատես says:

    Երբ լաբորատոր անգլուխ գորտի մի ոտքը ծակում էին, գորտը այդ ոտքը բարձրացնում էր, երբ երկրորդ ոտքի վրա էին ազդում, նա այդ ոտքն էլ էր բարձրացնում, իսկ երբ այդ նույն ազդակները միաժամանակ էին ազդում, գորտը վերածվում էր բուրիդանյան ավանակի եւ չգիտեր, թե ո՞ր ոտքը բարձրացնի ու այդպես էլ ոչ մեկն էլ չի բարձրացնում եւ արժանանում բուրիդանյան ավանակի ճակատագրին: Միգուցե մնացած ուժերը միանան, գլուխ դառնան եւ փրկեն բուրիդանյան ճակատագրից:

  5. Հ.Շ. says:

    Յ.Գ.
    ա) ի միջի այլոց, մէկ օրինակ մը նշեմ միայն այստեղ՝ 1970 թուականին, ԱՄՆի Ken State համալսարանին մէջ, ամերիկացի զինուորականներ կրակ բացին՝ անզէն ուսանողների վրայ. ուղղակի, համալսարանին պարտէզներուն մէջ՝ իսկական փամփուշտներով կրակեցին ուսանողներու վրայ. որոնք յանուն խաղաղութեան ցոյց կ’անէին: 4 ուսանողներ, մահացան: 9 հատը վիրաւորուեցան : ԱՄՆ Բանակին Republican Guard միաւորն էր գործողութիւնը կատարողը. որ հրահանգները կը ստանայ երկրի federal կառավարութիւնէն, որու գլուխը՝ ԱՄՆ նախագահն է: Կրակ բացող զինուորներէն զատ, ուրիշ ոեւէ մէկը, ոեւէ պետական ներկայացուցիչ, Օրէնքի հետ որեւէ խնդիր չունեցաւ, այդ դէպքի կապակցութեամբ:

  6. Հ.Շ. says:

    բ) «Առագաստ»ի դէպքի կապակցութեամբ, կրնաք պարզապէս ստուգել օրինական էական տարբերութիւնը՝ murderի եւ manslaughterի միջեւ:

    Մինչ, լաւապէս գիտէք որ ժողովուրդի այդ… իւրայատուկ հատուածին համար, զորս միայն վերջին ամիսներուն սկսաք էք մատնանշել, արդէն հաստատ, ստոյգ, անհերքելի իրողութիւն է, ձեր գործածած բառամթերքով՝ «փաստ է», որ Քոչարյանը հրահանգեց իր թիկնապահին, որ նա այդ անձը զուգարան տանի, ու այդտեղ զայն սպաննէ: (Ի դէպ, վկաներէն մէկը՝ Շառլ Ազնավուրն էր, որ այդ պահին նոյն սեղանին նստած էր Քոչարյանի հետ… )

    գ) Այն օրը երբ Քոչարյանը բանտարկուեցաւ, բոլոր անոնք որոնք, նուազագոյնը ըսելու համար՝ զինք չէին սիրեր, հրճուանքի զգացումներ ապրեցան: Ներառեալ շատ հաւանաբար այս թերթի լրագրողների մեծամասնութիւնը: Ոչ ոք չմտածեց, այդ զգացումէն անդին: Այդ հաճոյքը կ’արժէ՞ր, արժե՞ց, ի դէմ՝ նոյն պատճառով արտադրուած ցաւերուն: Իսկ այս հարցումը հռետորական չէ. բայց կը նախընտրեմ չունենալ նրա պատասխանը…

  7. Armen says:

    Ձեր նշած ակնարկ իմ մեկնաբանության մեջ չկա, պարզապես գտնում եմ, որ ազգի համար Քոչարյանը գործոն չէ և խիստ անցանկալի է որ լինի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31