Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա

Մայիս 10,2021 22:52

Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության ապացույցներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ։

Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները:

Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ:

Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Արման Թաթոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը։ Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջև խաղաղությունը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31