Լրահոս
Օրվա լրահոսը

18 զինվորի մահվան պատճառ դարձած հրամանատարին շքանշանի են արժանացրել․ բողոքում են ծնողները

Մայիս 10,2021 22:03

Aravot.am-ին բաց նամակ էր ուղարկել Ջեբրայիլի մարտերում հոկտեմբերի 9-ին  նահատակված Շիրակի մարզի Ազատան համայնքի 19-ամյա բնակիչ Հրաչ Մահտեսյանի մայրը՝  Ալմաստ Հարությունյանը՝ դժգոհելով, որ իր որդու ու նրա ծառայակից 18 ընկերների մահվան պատճառ դարձած հրամանատարին ՊՆ-ն արժանացրել է շքանշանի։

Ըստ նրա, հրամանատարը հարկադրել է տղաներին ԱԹՍ-ների հարվածների տակ նստել «Ուրալ»-ն ու շարժվել, որի պատճառով էլ տղաները զոհվել են, իսկ հրամանատարը ոչ միայն շարունակում է աշխատել նույն զորամասում, այլև նրան մեդալի են արժանացնում։ Ծնողները հրամանատարին պատժելու պահանջով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Ըստ Ալմաստ Հարությունյանի,  վերջինս երկու ամիս կալանավորվել է, այնուհետ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ալմաստ Հարությունյանի ասելով, նրան մեդալի արժանացնելիս՝ նույնիսկ հաշվի չեն առել  քրգործ լինելու հանգամանքը։

Այս մասին դեկտեմբերի 30-ին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության, ժամկետային զինծառայողներից մեկի հայրը, տեղեկանալով, որ որդուն տեղափոխում են Արցախի Հանրապետություն, իր անձնական  «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է  որդու մոտ՝ զորակազմին աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Հայրը գլխավոր դատախազին հայտնել է, որ «2020թ. հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում ականատես է եղել, թե ինչպես է թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ձայնի լսելիության պայմաններում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից հրաման տրվել ավտոմեքենայից դուրս եկած և տարածքում ցրված զինծառայողներին նստել ավտոմեքենան և շարունակել ընթացքը, ինչից կարճ ժամանակ անց զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենային ԱԹՍ-ի հարվածի հետևանքով իր որդին համածառայակիցների հետ զոհվել է»:

Դեկտեմբերի 21-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

«Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հանրապետության Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու վերաբերյալ։

Իշխանաձոր գյուղի վարչական տարածքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ն, նկատելով, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատարին, և նրանից տեղեկանալով, որ երթը դադարեցվել, իսկ  անձնակազմը ավտոմեքենայից դուրս է եկել օդում լսվող անօդաչու թռչող սարքի ձայնի պատճառով,  անձամբ ևս լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է ամեն դեպքում, անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ը ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։  Վաշտի հրամանատարը կատարել է  հրամանը և զորամասի թվով 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան, շարժվել։

Դրանից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ը հարվածել է վերը նշված ավտոմեքենային, ինչի հետևանքով առաջացած հրդեհից, բացի մեկ շարքային զինծառայողից, մնացած 18 զինծառայողները զոհվել են, իսկ նշված զինծառայողը, ինչպես նաև «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի առջևից երթևեկող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Հ․ Օ․-ն ու զորամասի ինժեներասակրավորային ծառայության պետը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2020թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա․ Վ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։

Նույն օրը միջնորդություն է հարուցվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը բավարարվել է»:

Հրաչ Մահտեսյանի մայրը մեզ հասցեագրված բաց նամակում գրել է․

«Ես՝ Ալմաստ Հարությունյանս, Հրաչ Մահտեսյանի մայրն եմ։ Իմ տղան ծառայում էր Սյունիքի Մեղրիի զորամասերից մեկում։ Պատերազմի օրերին տեղափոխել են Արցախ ու մինչև հոկտեմբերի 9-ը կռվել են։ Հետո հրաման են ստացել Արցախի Ջեբրայիլի հատվածից տեղափոխվել Տիլի գյուղ։

Ճանապարհին տեսել են, որ ԱԹՍ-ներ են գալիս իրենց վրա, վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը իջեցրել է էրեխեքին, պառկեցրել, եկել է փոխգնդապետ, զորամասի մարտական գծով  հրամանատար Անդրանիկ Վերանյանը ու վիճաբանել Նիկողոսյանի հետ, թե ինչու են կանգնել։ Նրան ցույց են տվել, որ վերևում ԱԹՍ-ներն են, ձայն էլ լսվել է, մահվան վտանգ կա, ինքն ասել է՝ էդ ձեր գործը չէ, ՀՕՊ-ի գործն է։Ասել են՝ մի քիչ էլ մնանք, կշարժվենք, ԱԹՍ-ից փրկվենք, իսկ Վերանյանը ստիպել է՝ լցվեք ու շարժվեք, հրաման է, պիտի կատարեք։ Մեր ձեռքի տակ կան տեսանյութեր։

19 զինվոր նստել ու շարժվել են, 2-5 րոպե հետո ԱԹՍ-ը խփել է, ու 18 զինվոր զոհվել են, ընդամենը մեկն է ողջ մնացել։

Մեր տղաները, իմանալով, որ իրենց կյանքի վերջին վայրկյաններն են, սկսել են երգել՝ «պատերազմ եք գնում, բարով գնացեք»։

Տեսանյութը կա, հեռախոսով նկարել է միակ ողջ մնացած տղան՝ Արմեն Հակոբյանը։

Պարոն հրամանատարին պատժելու պահանջով մենք դիմեցինք գլխավոր դատախազին։ 2 ամիս նստելուց հետո նրան ստորագրությունով բաց թողեցին։

Մեր անօրեն երկրում ինքը նորից աշխատում է նույն զորամասում և մեդալի են արժանացնում՝չգիտես որպես ինչի, որպես գլխակերի՞։ Երևի մի օր գեներալի կոչման արժանացնեն, քանի որ մեր երկրում օրենք չի գործում։

Պահանջում ենք նրան պատժել օրենքի ողջ խստությամբ, սա 19 ծնողների պահանջն է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31