Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ԱԺ հատուկ նիստում խոսեց այն մասին, որ երեխային սեռական բռնության ենթարկողը ազատության մեջ շատ հանգիստ շրջում է. «Այսօր համակարգն ու օրենքները այնպիսին են, որ երեխա պղծողները անարդար արդարադատության շնորհիվ շրջում են, երեխայի՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները խախտվում են, ծնողները հայտնվում անելանելի վիճակում»:
ԼՀԿ-ից Անի Սամսոնյանն էլ խոսել էր ատելության խոսքի մասին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը արձագանքեց նրանց: Մակունցը հորդորեց մոնիտորինգ անել ու պարզել, թե «ով է թունավորում մթնոլորտը»: Անդրադառնալով Կոստանյանին՝ Մակունցն ասաց. «Խոսեց մանկապղծության մասին: Ուզում եմ հիշեցնել, որ մանկապղծության դեմ կոնվենցիային ձեր խմբակցությունը չի քվեարկել…
Խոսում եք «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ քաղաքական ճնշումներից այն պարագայում, երբ դա չկա: Մի փորձեք ստեղծել այնպիսի տպավորություն, այսպես հալածյալի կերպար ստանալ, որովհետեւ արժեքային մակարդակում դա դեմ է մեր սկզբունքներին ու չունենք ո՛չ դա անելու ցանկություն, ո՛չ էլ նպատակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ