Մայիսի 9-ին Դիլիջանում կազմակերպվել էր «ՄԻԱՍԻՆ» նախաձեռնությունը, որի շրջանակում տեղի ունեցավ ծառատունկ, մաքրման աշխատանքներ, աղբամանների ներկում, ինչպես նաև հետաքրքիր ու ժամանցային միջոցառումներ։
Միջոցառումը կազմակերպել էր Դիլիջանի համայնքային կենտրոնը՝ «Էկոպոլիս» հասարակական կազմակերպության և Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառումը իրականացվել է երեք փուլով՝ կանաչապտում, տարածքի մաքրման աշխատանքներ, աղբամանների ներկում և ժամանցայի հատվածը, որտեղ երիտասարդները երգ ու պարի միջոցով տոնական տրամադրություն ապահովեցին ներկաներին.
Կարդացեք նաև
«Մայիսի 9 – ին հայ ժողովուրդը միշտ նշել է եռատոնը մեծ շուքով, իսկ այս տարի ոչ – ոք տրամադրություն չուներ, դրա համար մենք փորձեցինք թեմայի ուղղությունը փոխել և ժողովրդի համար այդքան հարազատ դարձած ավանդույթը պահպանելով ապահովել մայիսի 9-ի տոնական զգացողությունը։ Ծրագրում փորձել էին ներառել Դիլիջանի բոլոր կրթական կառույցներին, այդ թվում նաև Դիլիջանի միջազգային դպրոցն ու Դիլիջանում գործող երեք քոլեջները՝ Բժշկական քոլեջը, Դիլիջանի պետական քոլեջը և Արվեստի քոլեջը։ ԻՆչպես նաև միջոցառմանը մասնակցեցին նաև Հովքի, Խաչարձան և Հաղարծին գյուղերի դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը»։
Արմինե Հովհաննիսյանի խոսքով Համայնքային կենտրոնը երեխաներին ոգևորելու համար այդ օրը սահմանել էր նաև խրախուսական մրցանակ «Օրվա ամենաակտիվ կառույց» անվանակարգով.
«Մրցույթի հաղթելու համար կառույցները պետք է մասնակցեին և ‘ ծառատունկին, և աղբահանության աշխատանքներին, և աղբամաններ ներկելու աշխատանքերին։ Իսկ հաղթող կառույցին որոշելու համար հինգ հոգուց կազմված ժյուրին կար, ովքեր ամբողջ օրվա ընթացքում շրջեցին բոլոր կառույցների հետ և հետևեցին իրականացվող աշխատանքներին, իսկ վերջում քվեարկության արդյունքում որոշվեց հաղթող կառույցը։ Արդյունքում հաղթեց Դիլիջանի թիվ 4 դպրոցը, իսկ մրցանակը՝ 200 դոլարին համարժեք սպորտային պարագաներ տրամադրում էր, ինչի կարիքը դպրոցն իսկապես շատ ուներ»։
Արմինե Հովհանիսյանի փոխանցմամբ միջոցառումը հնարավոր եղավ իրականացնել համայնքային կենտրոնի հիմնադիրների օգնությամբ` («IDeA» հիմնադրամ), որը տրամադրեց 1000 տնկիներ, հաղթող կառույցի մրցանակը, ինչպես նաև միջոցառման ավարտին ներկաների համար պատրաստված հյուրասիրությունն ու ուրախ միջոցառումը։
«Միջոցառման երկրորդ մասը տեղի ունեցավ Դիլիջանի քաղաքային այգում, որտեղ մեծահասակների և փոքրիկների համար տարբեր ժամանցային ծրագրեր էինք կազմակերպել։ Պետք է նշեմ նաև, որ միջոցառմանը ներկա էին նաև Դիլիջանում ժամանակավոր ապաստանած արցախցի մեր հայրենակիցները, ովքեր նաև ժենգյալով հաց էին վաճառում»,- փախանցեց Արմինե Հովհաննիսյանը։
Սաթենիկ Հովսեփյան
Լուսանկարները ՝ Օքսաննա Առաքելյանի