Այսօր ԱԺ հատուկ նիստում իր ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ երեկ «Հայաստան» դաշինքի՝ Ազատության հրապարակում հնչած ելույթներին. «Հայտարարեցին, որ իրենք պատերազմում չեն պարտվել: Կարծես թե ինչ-որ մեկը հակառակն էր պնդում, կարծես ինչ-որ մեկի մտքով անցնում էր նրանց ասել, որ իրենք պարտվել են պատերազմում ու պիտի կիսեն պարտությունում պետության ցավը, կորուստը»:
Ըստ Ալեքսանյանի, նրանք հաղթանակի վրա կուրծք ծեծողներ են, իսկ կուրծք ծեծելուց հետո բանակի կենացը խմողներ, նույն բանակ սնունդը մեջ-մեջ անողների համակարգը ստեղծողներն են. «Զինվորի սեղանին տասնամյակներ շարունակ գոմեշի միսն ու եփած ցորենը փոխարինում էին իրար այնքան ժամանակ, մինչեւ դուք ու ձեր պրոտեժեները վեր էիք խոյացնում հերթական դղյակը ու այն վաճառում բանակին: Դուք Հայաստանը չեք, դուք չՀայաստանն եք, այն ամենը, ինչ հայ ժողովուրդը մերժել ու մերժում է Հայաստանում: Դուք ցավն ու հարստահարումն եք: Դուք ունեզրկումն ու ստորացումն եք: Դուք սեւազգեստ մայրերին փողոցներում գետին տվողն ու քարշ տվողն եք: Խաղաղ ցուցարարների վրա արձակված կրակոցների եւ Երեւանի փողոցներում հոսած արյան կնքահայրն եք: Դուք 10 հազար դրամով քաղաքացուն գնել փորձած ու փորձող, հետո այդ գումարները միայն ձեզ հայտնի ճանապարհով հազարապատիկ հետ ստացող, հետո Աֆրիկաներում խեղճ բիզոնների ու առյուծների սեւը տվողներն եք: Դուք, որ մինչեւ Հոկտեմբերի 27-ը հայտարարում էիք, որ ընդամենը արբիտր եք եւ ոչ մի լուրջ լիազորություն կամ դերակատարում չունեք պետության կառավարման մեջ, իսկ 27-ից հետո չգիտես ինչպես դարձաք երկրի միակ տղամարդը: Ձեր պատրոնը հաղթանակած նախագահ է ներկայացնում իրեն, բայց «հաղթանակած երիտասարդություն» բառակապակցության մեջ 3-4 ուղղագրական սխալ է անում, դո՛ւք եք մեր պարտությունը»:
Ալեքսանյանը հայտարարեց. «Դուք վերադարձի ճանապարհ չունեք: Դուք իշխանությունը ժողովրդից խլելու ճանապարհ չունեք եւ այդ ճանապարհը գտնել չեք կարող: Քաղաքացին լավ է հասկացել, թե որտեղից էիք վերցնում ու սիրահոժար վճարում այդ 5-10 հազարը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ