Լրահոս
Օրվա լրահոսը

«Հե՜յ, Նիկո՛լ, արի եղբայր, արի…». Իջեւանցին եկել էր Փաշինյանին ավանակով տանի հետ՝ Իջեւան, բայց հայտնվեց ոստիկանությունում

Մայիս 10,2021 19:55

«Հե՜յ, Նիկո՛լ, արի եղբայր արի»,-այսօր Բաղրամյան պողոտայում, չհասած ազգային ժողովի շենքին՝ բղավում էր Իջեւանից ավանակի հետ Երեւան եկած քաղաքացին: Ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայրենակիցն է եւ եկել է Փաշինյանին հետ՝ Իջեւան տանելու: Իջեւանցու խոսքով, սա ոչ թե բողոքի ցույց է, այլ «շատ լուրջ գործողություն»:

«Մեր հին հայկական ավանդույթի համաձայն՝ եկել եմ, որ դավաճան, կապիտուլյանտին էշի վրա թարս նստեցրած հետ տանեմ Իջեւան, որ ժողովուրդը տեսնի, թե դավաճանի հետ ոնց պետք է վարվել»,-ասաց նա: Նրա խոսքով, ավանակի անունն «Իլhամիկ» է եւ Նիկոլ Փաշինյանը պետք է Իլhամիկի վրա նստած ճանապարհ ընկնի: Իջեւանցուն զայրացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է համարում իր հայրենակից գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին. «Նա դավաճան է համարում այնպիսի մարդու, որը մեծ ներդրում ունի մեր հայրենիքի համար: Ես միշտ հպարտացել եմ նրանով, բայց այսօր ինչ-որ թափթփուկներ Օնիկ Գասպարյանին ուզում են հեղինակազրկել, պատվազրկել»:
Քաղաքացին ասաց, որ Աչաջուր գյուղից է՝ Օնիկ Գասպարյանի համագյուղացին. «Իջեւանցի տղա եմ, բայց ամաչում եմ ասեմ, որ իջեւանցի եմ:

Իջեւանցիները դավաճան չեն, կարգին մարդիկ են, բայց մարդիկ հիասթափվել են իջեւանցիներից: Ես էլ եկել եմ իջեւանցիների պատիվը պահեմ: Կապիտուլյանտին հետ տանեմ Իջեւան: Դավաճաններին էշի վրա նստեցնում են ու քաղաքով պտտեցնում, որ բոլորը ճանաչեն, ի դեպ, մերկ վիճակում: Ըստ Սահմանադրության՝ նա այսօրվանից այլեւս վարչապետ էլ չէ»:

Իջեւանցու ցույցը վրդովվեցրեց անցորդ մի տղամարդու, որի հետ լեզվակռվի բռնվեցին: Քաղաքացին դժգոհեց, որ ավանակով եկել է քաղաքի կենտրոնն աղտոտում է, բացի այդ նրան դուր չեկավ, որ Նիկոլ Փաշինյանին վիրավորում է:

«Եկել ենք որ ձեզ էշացումից հետ բերենք»,-հակադարձեց իջեւանցի ցուցարարը:

Սակայն չհասած Ազգային ժողով, իջեւանցու եւ նրա ավանակի առաջը կտրեցին ոստիկանները՝ արգելելով շարունակել ճանապարհը:

«Պայմանավորված ենք»,-ասաց նա՝ պահանջելով ցույց տալ օրենքի այն կետը, որով արգելված է ավանակով բարձրանալ Ազգային ժողովի մոտ:
Ոստիկանի պահանջին՝ ավանակին հեռացնի տարածքից, քաղաքացին ասաց՝ անմեղ կենդանի է, ձեզ ի՞նչ է արել: Ավանակի տերը ոստիկաններին խնդրեց, որ գոնե թույլ տան մոտենալ շենքին՝ որ գոռալիս Փաշինյանը լսի. «Մի քիչ բարձրանամ, ու ձեն տամ, կտեսնենք որ ինքը գալու է»:

Ապա բղավեց՝ է՜յ Նիկոլ, արի, եղբայր, արի:

Իջևանցուն մոտեցան մի խումբ ոստիկաններ եւ բռնի ուժով հեռացրին տարածքից: Ավանակը մնաց ցանկապատին շղթայված: Ոստիկաններն ասացին, որ շուտով կմոտենան եւ ավանակին կտեղափոխեն համապատասխան վայր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ ոստիկանության բաժանմունք տեղափոխված քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ օրինական պահանջը չկատարելը:

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31