Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և «Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածքային միավոր»: Այդ մասին Ալիևը հայտարարել է Ադրբեջանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել (պատերազմից հետո ես բազմիցս դա ասել եմ), որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, Ադրբեջանն այդ հակամարտությունը լուծել է և՛ միայնակ, մարտի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ: Մարտի դաշտում հաղթանակը ստիպել է թշնամուն սպիտակ դրոշ բարձրացնել և հանձնվել, որպեսզի ստորագրի կապիտուլիացիոն ակտ: Նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը Հայաստանի կապիտուլիացիոն ակտն է. Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածքային միավոր: Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ անօգուտ է այդ հարցին վերադառնալը: Ամեն դեպքում հետպատերազմական իրավիճակում մենք դա ցույց տվեցին»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ «եթե որևէ մեկը մտածում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, դա նրա սեփական խնդիրն է»:
«Երկրորդ, դա շատ վտանգավոր մոտեցում է: Եթե այդ հակամարտությունը լուծված չէ, ապա ինչպե՞ս է պետք լուծել այդ հակամարտությունը: Արդյո՞ք դա նշանակում է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունն ուժը կորցրել է: Ես դա այդպես եմ հասկանում: Նոյեմբերի 10-ին ստորագրվել է փաստաթուղթ հակամարտության փաստացի կարգավորման մասին: Դա ոչ միայն փաստաթուղթ է կրակի դադարեցման մասին, ինչպես որոշները փորձում են մատուցել: Թող բացեն աչքերը և տեսնեն՝ քանի կետ կա այնտեղ: Կրակի դադարեցման մասին փաստաթղթում կա մեկ հոդված՝ կրակի դադարեցում և այլն: Այստեղ բազմաթիվ կետեր կան: Կան կետեր, որոնք վերաբերում են բազմաթիվ հարցերի, այդ թվում հաղորդակցությունների բացմանը: Եթե հակամարտությունը լուծված չէ՝ ի՞նչ հաղորդակցությունների մասին կարող է խոսք լինել: Եթե հակամարտությունը լուծված չէ, ապա ինչու՞ են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները հանդիպում և համաձայնության գալիս»,- հայտարարել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ