Այսօր ԱԺ հատուկ նիստում՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց այն անարդարության մասին, որը կա հետհեղափոխական Հայաստանում՝ գյուղացին շարունակում է առավոտից երեկո աշխատել ու կքված մնալ վարկերի տակ, իսկ գործարարները, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, հարստանում են:
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել էր դատական համակարգի ինքնամաքրման մասին: Թովմասյանն արձագանքեց՝ լավ է, որ վնգստացող դատավորները փոխարինվել են անկախ դատարաններով: Փաշինյանը խոսել էր այն մասին, որ հիմա մարդիկ չեն կարող ասել, թե որեւէ մեկը փայ է մտնում իրենց բիզնեսի մեջ: Թովմասյանն ասաց, որ նաեւ չենք տեսել, թե նախկինում փայ մտածներից քանիսն են կրել պատասխանատվություն, պատժվել:
Թագուհի Թովմասյանն ասաց, որ Փաշինյանը խոսում է «քրիստոնյա կառավարության» մասին, բայց հենց այս իշխանության օրոք Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանվեց ու եկեղեցու մոտ ցույցեր իրականացվեցին:
Պատգամավորը նաեւ անդրադարձավ Փաշինյանի խոսքին՝ անկախ մամուլի հետ կապված՝ հիշեցնելով, որ մեկ շաբաթ առաջ ազատություն մուրացող, իշխանական «լափամաններից» օգտվող մամուլի մասին էր ելույթ ունենում, հիմա հետաքրքիր է, ինչո՞ւ է այդ նույն մամուլի նկատմամբ իր վստահությունը բարձր. «Ես ամենեւին չէի ուզենա, որ այս խոսքերը հնչեին ձեր շուրթերից: Գոնե մենք միասին շատ ենք պայքարել ազատ մամուլ ունենալու համար ու մեծապես հասել ենք: Մենք միշտ բարձրաձայնել ենք այն, ինչ ցանկացել ենք: Ազատ մամուլը դրսեւորվում է ազատ մարդու գործունեության արդյունքում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ