Աշխարհի բոլոր ժողովուրդները, կախված իրենց աշխարհագրական դիրքից, պատմական կրոնական, յուրահատուկ ազգային փիլիսոփայությունից, ստեղծել են որոշակի արժեհամակարգեր, որոնք էլ հետագայում ձևակերպվել են նրանց կողմից ընդունած օրենքներում, ինչպես նաև չգրված, ավանդական կանոններում։ Վերջիններս, հաճախ ավելի մեծ դերակատարություն ունեն տվյալ ժողովուրդների նիստուկացի, առաջընթացի, կամ հետընթացի հարցերում, քան նույնիսկ պաշտոնական ընդունված օրենքներն , ինչպես նաև միջազգային պարտավորությունները։
Մի քանի օրինակներ․
1 . Հայտնի է, որ Չինաստանը, որպես պետություն, ունի հազարամյակների պատմություն։ Չինաստանն այսօր միակուսակցական համակարգ է՝ իշխող կոմունիստական կուսակցության առաջնորդությամբ։ Չինաստանը դարերի ընթացքում եղել է կայսրություն, այնտեղ իշխել են տարբեր կայսերական դինաստիաներ։ Եվ անկախ կառավարման ձևի և ըստ այդմ օրենքների փոփոխություններից, Չինաստանում գործում են ներքին չգրված ավանդական կանոններ, հիմնված կոնֆուցիականության, դաոսականության փիլիսոփայական դպրոցների սկզբունքների վրա։ Հիշում եմ, դեռևս 1970-ականներ վերջերին, իմ ավագ երկրաբան ընկեր Էրիկ Մադաթյանի պատմածը։ Էրիկ Մադաթյանը 1950-ականներին, որպես երկրաբան մասնագետ, արշավախմբի ղեկավար աշխատել էր մաոական Չինաստանում։ Չնայած թունդ կոմունիստա-բռնապետական ռեժիմին, չինացիները չէին մոռանում իրենց ավանդական բարոյական նորմերը։ Էրիկ Մադաթյանը մի քանի ուշագրավ պատմություններ է պատմել չինացիների ապրելակերպից։ Ինձ, հատկապես հիացրել էր հետևյալ պատմությունը։
«Այդ օրն աշխատանքն ավարտելով, ինչպես ամեն օր բոլոր աշխատողներով՝ երկրաբաններ, լեռնային ինժեներներ, բանվորներ, բեռնատար մեքենայով հանքավայրից գնում էինք դեպի երկրաբանական մեր ավանը՝ շուրջ 70կմ։ Ես, որպես արշավախմբի ղեկավար, նստած էի մեքենայի խցիկում, վարորդի կողքին, մյուսները, շուրջ 25 մարդ՝ տեղավորվել էին մեքենայի թափքում։ Ամայի ճանապարհի կեսին, մի մարդ ճամփեզրին կանգնած, ձեռքով փորձեց կանգնեցնել մեքենան, բայց վարորդը չկանգնեց։ Երբ հասանք ավան, ես մտա իմ սենյակը հանգստանալու։ Պատահական պատուհանից դուրս նայեցի և տեսա, որ դուրսն ինչ-որ բան է կատարվում։ Փոքրիկ ավանի բոլոր բնակիչները շրջանաձև, կքանստած էին, շրջանի կենտրոնում, գլխիկոր նստած էր մեր վարորդը։ Մի քանի մարդ ցածրաձայն ինչ-որ բան խոսեցին։ Հետո բոլորը գլխով հավանություն տվեցին ու ցրվեցին։ Միայն վարորդը որոշակի ժամանակ մնաց նստած, հետո լաց լինելով հեռացավ։ Կանչեցի իմ օգնականին և հարցրեցի, թե այդ ինչ էր նշանակում։ Օգնականս բացատրեց, որ վարորդին դատում էին անցորդին ճանապարհին թողնելու համար։ Հարցրեցի․ «եվ ի՞նչ»։ Օգնականս հանգիստ պատասխանեց․ «դատարանը որոշեց, որ նա վատ մարդ է»։
Կարդացեք նաև
2 . Բացի այս կամ այն չափով կայացած իրավական համակարգից, այն է՝ գործուն օրենքներից, այլ տիպի բարոյական նորմեր են գործում ժամանակակից արևմտյան ժողովրդավարական երկրներում։ Այս երկրներում, ինչպես ամենուր, իհարկե գոյություն ունի կոռուպցիա, սակայն հասարակությունը չի հանդուրժում ոչ միայն կոռուպցիան, այլև նույնիսկ կոռուպցիոն կասկածը։ Հիշում եմ, տարիներ առաջ, լրատվամիջոցները հրապարակեցին Չեխիայի վարչապետի բնակարանի լուսանկարը և հարց էին բարձրացրել, թե ինչ միջոցներով է վարչապետն այն ձեռք բերել (ի դեպ, Չեխիայում չէին հանդուրժի վարչապետի և այլ պաշտոնյաների «օրենքով» նախատեսված շքեղ առանձնատների գոյությունը)։ Եվ Չեխիայի վարչապետը հրաժարական տվեց մինչ քննության ավարտը։ 2011թ․ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու ամենահավանական թեկնածուն համարվում էր սոցիալիստական կուսակցության անդամ, Արժույթի Միջազգային Հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը։ Սակայն ընտրություններից առաջ նա հայտնվեց սեռական սկանդալի մեջ։ Միայն դա բավարար էր, որ Ստրոս-Կանը, «մահանար» որպես քաղաքական գործիչ։ Ի դեպ, երկու վերոնշյալ դեպքերում էլ, գործեց ընդամենը կասկածը՝ կոռուպցիայի և անբարոյականության հարցերում։ Նման օրինակները բազմաթիվ են։
3 . Մինչ եվրոպացիների նվաճումն ու Ամերիկա մայրցամաքի բնակիչների կոտորումը, վերջիններս նույնպես ունեցել են բարոյական նորմեր, հիմնականում բնապաշտական։ Որոշ ազգեր, չեն հանդուրժել սուտը։ Ահա նրանց ասացվածքներից․ «Եթե առաջին անգամ ինձ խաբես՝ ամոթ քեզ, եթե երկրորդ անգամ խաբես՝ ամոթ ինձ»։
Կարելի է օրինակներ բերել նաև այլ տիպի քաղաքակրթություններից։
Արդ, իսկ մենք հայերս, ունե՞նք արդյոք մեր ավանդական, բարոյական չգրված նորմեր, որոնք կիրառվում են և առօրյա կյանքում և քաղաքականության մեջ։
Երկար տարիներ չունենալով պետություն, այնուամենայնիվ մենք ունեցել ենք մեծ մտածողներ՝ Մովսես Խորենացի, Ղևոնդ Ալիշան, Րաֆֆի, Վահան Տերյան, Գարեգին Նժդեհ և վերջապես հսկա՝ Հովհաննես Թումանյան, ովքեր ցավով նշել են մեր ժողովրդի արատներն ու ուղղվելու, շտկվելու ճանապարհներ ցույց տվել։ Սակայն․․․
Քանի որ անուններ տալու դեպքում, կարող է ոմանց մոռանամ և հոդվածն ընկալվի սուբյեկտիվ, միակողմանի, ընդամենն առանց անունների, կհիշատակեմ այն երևույթները, որոնք քաղաքակիրթ երկրում պարսավանքի կարժանանային և դրա հետ առնչություն ունեցող անձինք կդադարեին լինել հանրային գործիչներ, էլ չեմ ասում հավակնեին պետական բարձր պաշտոնների։
Նախ, որևէ երկրում հնարավոր չէ, երբ կուսակցությունը պարտվում է ընտրություններում, կամ ձախողվում, կուսակցության առաջնորդը շարունակի ղեկավարել կուսակցությունը։ Հայաստանում, տասնյակ, այսպես կոչված կուսակցություններում, նույնիսկ խայտառակ կերպով ձախողված, երկիրը հեղափոխության հասցրած կուսակցության առաջնորդը չի փոխվում։ Արդեն իսկ այս հանգամանքը ցուցադրում է Հայաստանի աղավաղված քաղաքական համակարգը։
Որքա՞ն են Հայաստանում այն քաղաքական գործիչները, ովքեր բազմիցս փոխել են իրենց կուսակցական պատկանելիությունը, հայտնվելով մե՛կ այս, մե՛կ այն կուսակցությունում, դաշինքում, հաճախ իրար հակադիր՝ թունդ ընդդիմադիր։ Ժամանակին միմյանց թունդ ընդդիմադիր լինելով, շատ գործիչներ միմյանց փոխադարձ հայհոյել են ամենավիրավորական բառերով, սակայն․․․ հանկարծ հայտնվել են իրար կողքի, նույն ցուցակում՝ իհարկե «հանուն մեր ժողովրդի»։ Եվ նրանցից շատերն այսօր էլ շարունակում են լինել հարգված գործիչներ։ Իսկ որքա՞ն են բարձրագույն կրթություն չստացած, կամ փողով դիպլոմ ստացած անգրագետ կամ կիսագրագետ, նույնպես հարգված գործիչները։
Հայաստանում հնարավոր է, օրինակ` հայրենիքի երկու բաժանված մասերի միացման կարգախոսով գալ իշխանության, հետո տրամագծորեն հակառակն ասել և համարվել իմաստուն գործիչ։
Հարգված գործիչներ են ընտանյոք լրագրողի սպանություն կազմակերպած եղբայրները։ Հարգված գործիչ է պատերազմական երկրում, փաստաթղթեր կեղծած, մոր դեմ ցուցմունք տված, բանակից փախած մարդը։ Առավել քան հարգված են նաև սեռական բռնության համար դատապարտված և դատավորին կալանքի ցուցում տված գործիչները։ Եվ այս բոլորը ղեկավարում են քաղաքական կուսակցություններ։ Հայաստանի կողմից օտար երկրում դեսպան նշանակված անձը, դիվանագիտական աշխատանքն ավարտելուց հետո, ընտանյոք փոխում է Հայաստանի քաղաքացիությունն ու ընդունում նույն օտար երկրի քաղաքացիություն և դառնում հայաստանյան ազդեցիկ քաղաքական գործիչ։ Ժամանակին բարձրաստիճան իրավաբանը հայտնի որպես ընտրակեղծիքների, խոշտանգումների մասնագետ, հարյուրավոր սպանություններ կոծկող , այսօր էլ ստանում է բարձր պաշտոն։ Ինչ-ինչ պատճառներով, ոստիկանական գնդի վրա զինված հարձակում գործած և ոստիկաններ սպանած խումբն այսօր հարգված քաղաքական կուսակցություն է։ Ընկերոջ սպանությունը կազմակերպած և դրա համար դատապարտված գործիչն այսօր նույնպես հարգված քաղաքական գործիչ է։ Մի քանի տերեր փոխած, խարդախության համար դատապարտված անձը գլխավորում է կուսակցություն։ Հանրահայտ են, 2008թ․ մարտի 1-ին սպանությունների մասին կեղծ տեղեկություն հայտնող, ինչպես նաև դատարանի վճռով ստի համար ներողություն խնդրած գործիչները։ Պետական բարձր պաշտոն է զբաղեցնում գաղտնի ծառայությունների գործակալը։ Բազմիզս եմ ասել, որ որևէ հասարակություն չէր ընդունի նման խոսքեր․ «Շուշին եղել է ադրբեջանական քաղաք, Շուռնուխում ադրբեջանցիներն իրենց տուն են մտնում, Արցախի հարցում պետք չէ զգայուն լինել և այլն», և այս ասողներն ունենային հասարակության կողմից ջերմ պաշտպաններ։ Եվ սրանք բոլորը լրատվամիջոցների ցանկալի հյուրերն են, ովքեր դեմքի խելոք արտահայտությամբ «ազգի և ժողովրդի» մասին են մտածում և աշխարհաքաղաքական վերլուծություններ անում։ Էլ չեմ ասում, որ Հայաստանում իշխում է մի քաղաքական ուժ, որը եկել է իշխանության ստերով և կեղծիքներով՝ կեղծելով զոհված զինվորի պապին, բազմաթիվ պապիկների, տատիկների, կանանց, տանուլ տված պատերազմ, պատերազմի զոհվածի մայր և շարունակում է ստել։
Իսկ «չբացահայտված» կոռուպցիոն սկանդալնե՞րը՝ մաքսանենգ ծխախոտ, ՍՈՒ-եր, հորդանանյան հակաօդային համակարգեր և այլն։
Բնական է, որ ներկայացված գործիչների ցանկը սպառիչ չէ։
Այսպիսի պետական, քաղաքական, հասարակական գործիչներն անհնար է, որ շարունակեին իրենց գործունեությունը, ոչ միայն ժողովրդավարական կոչվող, այլ այլ ռեժիմի, բայց պետական ավանդույթներ և բարոյական նորմեր ունեցող հասարակություններում։
Հայաստանում ոչ միայն չստեղծվեց իրական՝ իրավական պետություն, որտեղ օրենքը հավասար և միանման կիրառվում է անկախ մարդու պաշտոնից և դիրքից, այլև չեն գործում ներքին բարոյական նորմեր նույնպես։
Ամեն դեպքում, մենք էլ ունենք մեր ազգային ավանդույթները, ներեցեք՝ «ադաթներն» ու չգրված կանոնները, այն է՝ «որտեղ հաց, էնտեղ՝ կաց», «կարևորը ընտանիքը պահելն է», «Է՛ , մալադեց, սաղին ֆռռցրեց» և այլն։ Եթե ամփոփենք, ապա մեր արժեքներն են՝ օրենքներ չհարգելը, ուժեղին քծնելն ու միայն սեփական շահի մասին մտածելը, ի՞նչ պետություն, ի՞նչ հայրենիք, ի՞նչ Արցախ, ի՞նչ Սյունիք․․․
Այդ չէ՞ր, արդյոք նաև «Հայրենիքի փրկության շարժում» միավորման, որը ներկայացնում էր նաև վերոնշյալ գործիչների կոնգլոմերատ, ֆիասկոյի պատճառը։
Հնարավո՞ր է, արդյոք փոխվել, ինչպես Հովհաննես Թումանյանն է ասում․
Դառնացած ժողովուրդ
1910 թ.
(Հատված)
«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։
Հ․Գ․ Համոզված եմ, որ սույն հոդվածն դառնալու է ոչ թե քննարկման նյութ, այլ արժանանալու է սուր հայհոյանքների։ Այն քաղաքական, հասարակական գործիչները, ովքեր նաև իրենց ,իրենց տիրոջը կամ կուռքին են տեսնելու հոդվածում, ներքուստ համաձայն կլինեն այլոց մասին գրածին, բայց ինչպես կարելի է քննադատել իրենց․ «չէ՞ որ, բա որ, էն որ, խի՞ էդ, բա խի՞․․․ և այլն»։ Հիշեցի մեր , նույնպես ավանդական ասացվածքներից․ «Ճիշտ խոսողի ձին պետք է թամբած լինի»։
Ավետիք Իշխանյան
Հոդվածը շատ արդիական է:
Պարբերաբար հիշում ենք մեծ բանաստեղծի հանճարեղ խոսքերը՝ «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: Բայց ինչպե՞ս պետք է բուժվենք ներսից: Հասկանում ենք, որ այդպիսի բուժումը ժամանակ է պահանջելու և լուրջ ջանքեր: Դիտարկենք տարբերակներ.
ա) իշխանության է գալիս հայրենասեր, գրագետ և սկզբունքային մարդկանց թիմ, որը կրթական և մշակությային համառ աշխատանքի միջոցով վերափոխում է հասարակության լայն շերտերի մտածելակերպը,
բ) եթե իշխանությունները նման գործ չեն իրականացնում, ապա կրթական և մշակութային վերափոխման աշխատանքներն իրենց վրա են վերցնում նվիրյալները՝ հասարակական կազմակերպությունների միջոցով,
գ) տարբեր կայքերում և Յութուբում կազմակերպվում են բանավեճեր՝ «Ինչպե՞ս փոխվենք ներսից» թեմայով,
դ) քրքրում ենք մեր ասացվածքներն ու ասույթները և դրանցից դեն ենք շպրտում ճարպկություն, հարմարվողականություն, անդեմություն և այլ հիվադություններ պարունակողները (այս թեմայով նույնպես անհրաժեշտ է իրականացնել բանավեճեր),
ե) և ամենակարևորը՝ պետք է սկսել այս գործը, պետք է գործ անել, որպեսզի այս անգամ էլ չհիշենք մեր մյուս հսկայի խոսքերը. «Ափսոս, որ մենք միայն խոսող ժողովուրդ ենք»։