Այսօր ԱԺ հատուկ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցրեց արդարադատության բարեփոխումներից՝ օրակարգում կա՞ այլ գործիքակազմ ներդնելու հարց, որ անբարեխիղճ դատավորներին պատասխանատվության ենթարկեն եւ համակարգից դուրս հանեն: Փաշինյանը պատասխանեց, որ ԲԴԽ-ն իր որոշմամբ ԲԴԽ նախագահի լիազորությունները օրենքով սահմանված կարգով կասեցրել է: Սա, ըստ Փաշինյանի, ցույց է տալիս, որ դատական համակարգը ինքնամաքրվում է, ինքն է պայքարում դատական համակարգի անկախության համար, ոչ թե իշխանությունը:
Սոֆյա Հովսեփյանը հարցրեց. «Ժամկետային զինծառայողների ծնողները ակնկալում են որոշակի վերաբերմունք պատերազմն անցած ու հիմա էլ ծառայության մեջ գտնվող տղաների հանդեպ: Կա՞ որեւէ մոտեցում»: Փաշինյանը պատասխանեց, որ ազգային անվտանգության հետ առնչվող թեմաները հրապարակային, բաց քննարկելը ամենալավ գաղափարը չէ. «Հասկացանք թափանցիկություն, բայց քիչ է մնում մեր զինանոցները բացենք, ասեք՝ տեղեկություն ունենք, որ այսքան արկ ունենք, մինչդեռ մենք կարծում ենք, որ պետք է ունենայինք 4 հատ ավել, ի՞նչ կասեք այդ մասին»:
Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք ծնողների հետ հանդիպումներ ունենում են, չպետք է այս հարցերը դարձնել հրապարակային քննարկման առարկա. «Մենք այդ քննարկումներով առաջին սպառնալիքն ենք ստեղծում հենց այն մարդկանց համար, ում համար թվում է՝ ուզում ենք կոնկրետ բան անել»:
Կարդացեք նաև
Իր ելույթում «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գոռ Գեւորգյանը խոսքը նախ ուղղեց իմքայլական Սիսակ Գաբրիելյանին, որը Նիկոլ Փաշինյանին խնդրել էր մեծահոգաբար վերաբերվել իր թիմում նախկինում տեղ զբաղեցրածներին՝ նկատի ունենալով Գոռ Գեւորգյանին: Նա ասել էր, որ Գոռ Գեւորգյանը բավականին լավ դերասանական խաղով, իր պարանոցին ձեռքը հպելով, ցույց է տվել, որ իր ստացած բոլոր ձայները պատկանում են Նիկոլ Փաշինյանին:
Սրան պատասխանելով՝ Գեւորգյանն ասաց. «Դուք խախտել ենք խմբակցության փակ նիստի խորհրդապահական պայմանը, կոնտեքստից կտրել եք խոսքերս՝ վերագրելով ինձ նաեւ ձեռքի ակրոբատական հնարքներ: Ձեր արածն արժանի է կշտամբանքի, բայց ես մեծահոգի կլինեմ եւ ձեզ կհորդորեմ հետագայում չմեկնարկել առհասարակ իմ խոսքերը: Ինձ վերաբերում է խմբակցության դուրս գալուց հետո ընկած ժամանակահատվածին, անձիս շուրջ բազմաթիվ խմորումներ են ընթանում, որոնք հերյուրանքի, զրպարտության եւ պիտակավորման շրջանակներից այն կողմ չեն անցնում: Ես առաջարկում եմ, որ այս թեման փակվի, քանի որ այն, ինչ արել եմ, դրա մասին խմբակցության փակ նիստերից մեկում վարչապետի ներկայությամբ ներկայացրել եմ: Ինչ վերաբերում է թիմի վերաբերյալ իմ ընկալումներին, ապա տիկին Մակունց, եթե լինում են առանձնազրույցներ, դուք գոնե պետք է ասեք, թե ոնց եմ վերաբերվել առհասարակ ավանդական թիմը պահելու հիմնարար հարցերին»:
Գոռ Գեւորգյանը նաեւ ասաց. «Այստեղ, ի ուրախություն ինձ, կա անձ, ում հետ ծանոթ եմ իմ զինվորական ծառայության տարիներից եւ նա եւս կարող է փաստել՝ ինչ ընկալումներ ունեմ այս ամենի վերաբերյալ։ Խնդրում եմ, եկեք փակենք այս թեման: Խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ եւս մեկ բան՝ տեղի է ունեցել աղետալի պատերազմ, ինձ համար աղետալի իրողություններ են ի հայտ եկել, որոնք ես շրջանցել չեմ կարող ու որոնց վերաբերյալ արտահայտել եմ իմ դիրքորոշումը։ Հույն փիլիսոփա Դիոգենեսին վերագրում են մի սովորույթ, նա օրը ցերեկով լապտերով ման էր գալիս։ Ասում են՝ այ մարդ, ի՞նչ ես անում օրը ցերեկով լապտերով, ինքն էլ պատասխանում էր՝ մարդ եմ փնտրում։ Հիմա ես այս սովորույթը մի փոքր այլ կերպ եմ ուզում մեկնաբանել: Ես վերջին շրջանում առանց լապտերի փորձում եմ գտնել երջանիկ անհատի, հոգատար հանրությանը եւ հզոր պետություն։ Ունե՞նք, թե՞՝ չունենք՝ թողնում եմ ձեզ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ