Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրավոր զինծառայողների հարազատներից հիվանդանոցում դեղորայք են պահանջում». Նաիրա Զոհրաբյան

Մայիս 10,2021 17:03

«Մենք այսօր ունենք կարևոր խնդիր՝ ռազմագերիների խնդիրը, որն այս իշխանությունը չի կարողանում լուծել: Երբ ռուս խաղաղապահներին հաջողվում է բերել մեր տղաներին, իշխանության խոսնակները դա վերագրում են իշխանությանը: Ես չեմ ասում իրենք չեն ցանկանում, իրենք պարզապես չեն կարող խնդիր լուծել: Դա քաղաքագիտական աքսիոմ է, չի կարող պարտության սիմվոլը վերացնել պատերազմի հետևանքները՝ ռազմագերիների, անհետ կորածների, տեղահանվածների խնդիրներ»,- այսօր այս մասին «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ նա աշխատում է Նիկոլ Փաշինյանին չլսել, որպեսզի նյարդերը խնայի, սակայն կարդացել է, որ ԱԺ նիստի ընթացքում հարց է հնչել, թե ինչ նա կփոխեր, եթե կարողանար ժամանակը հետ տալ և, ըստ էության, այդ մարդը ոչինչ չէր փոխի. «Այսինքն, նա արդարացնում է Արցախի 75 տոկոսի հանձնումը, 7000 և ավելի վիրավորները, զոհերը, պաշտոնապես հաստատված 3574 անհետ կորածները: Ես գուցե հիմա ցավեցնեմ անհետ կորածների հարազատներին, բայց նրանց մի ինչ-որ մասն է գերեվարված. մնացյալ մեր որդիներն, ըստ էության, այլևս չկան»:

Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ գուցե պաշտոնական հերքումներ լինեն, սակայն ինքը հստակ ահազանգեր է ստանում, որ վիրավոր զինծառայողների հարազատներից դեղորայքներ են պահանջում, պետությունը կամ չի տրամադրում, կամ որակյալը չի տրամադրում:

Անդրադառնալով ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ընթացքում իր հանդիպումներին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբեք էլ իլյուզիաներ չի կապել այդ մարմնի հետ, քանզի վերջին տարիներին այն դարձել էր «հակառուսական կլուբ», բայց այս անգամ նկատել է անկեղծ շահագրգռվածություն՝ լուծելու գերիների հարցը. «Հիմա ԵԽ նախարարների կոմիտեն նախագահում է Գերմանիան, իսկ ես կանցլեր Անգելա Մերկելին եմ փոխանցել ռազմագերիների մայրերի նամակը, ես հանդիպել եմ Խորհրդի նախագահության հետ, որից կես ժամ հետո Գերմանիայի ԱԳՆ-ի ելույթում ես լսեցի, որ նրանք պատրաստվում են լուծել խնդիրը: Ավելին, նրանք նույնիսկ պատրաստ են գնալ սանկցիաների, օրինակ՝ Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել: Սա ես հնարավոր համարում եմ: Բացի այդ, Եվրոպական դատարանը դիմել է ԵԽ նախարարների կոմիտե և ասել, որ Ադրբեջանը թաքցնում է գերիների մասին տեղեկատվությունը: Իսկ Գերմանիայի նախագահությամբ նախարարների կոմիտեն որպես երկրորդ ծանրագույն սանկցիա կարող է դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, որն այս պահին հնարավոր չեմ համարում: Այնուամենայնիվ, ես ունեմ զգույշ լավատեսություն՝ կապված Եվրոպայի դերի հետ ռազմագերիների հարցում»:

Ի պատասխան այն դիտարկմանը, որ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ Ադրբեջանը գերիների կվերադարձնի ընտրությունների նախօրեին՝ պատգամավորն ասաց. «Մասնավոր զրույցներում եվրոպացի գործընկերներն ինձ ասում էին, որ ադրբեջանցիները չեն բացառել Ալիևի կողմից համաներման միջոցով հայ գերիների ազատ արձակումը: Նույնիսկ նշում էին կոնկրետ ժամկետներ, որոնք զարմանալիորեն համընկնում են Հայաստանում ընտրությունների ժամկետների հետ: Ալիևն ու Էրդողանը չեն թաքցնում, որ շահագրգռված են հայաստանյան ներքաղաքական զարգացումներով»:

Ինչ վերաբերվում է այն դեպքերին, երբ գերիների կամ անհետ կորածների ծնողներն ասում էին, որ իրենց իրանական հեռախոսահամարներից զանգում և կոնկրետ անուն ազգանունով ու անձնագրային տվյալներով ասում են, թե իրենց տղան որ զորամասում է, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նրանց կապել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ, մի շարք ծնողներ նույնիսկ գնացել են Թավրիզ, բայց «այդպիսի բան չկա»: Իր խոսքով, նա նաև կապվել և մանրամասն իրավիճակը ներկայացրել է Իրանի ԱԳՆ-ին, իսկ երբ ստանա պաշտոնական պատասխան՝ կկապվի ծնողների հետ և բոլորը կստանան իրենց հարցերի պատասխանները:

«Ես շրջանառության մեջ եմ դնելու օրինագիծ, որի համաձայն, գերիների վերադարձից հետո նրանց կտրվի մեկ տարի տարկետում: Դրանից հետո միայն թող իր կարծիքը հարցնեն, հոգեբանական վիճակը գնահատեն, նոր որոշեն պետք է ծառայի թե ոչ»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31