Լրահոս
Օրվա լրահոսը

«90% եւ ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչները կստանան աշխատավարձի 50%-ի չափով հավելավճար». Ժաննա Անդրեասյան

Մայիս 10,2021 15:35

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում անդրադարձավ ուսուցիչների ատեստավորմանը: «Այս տարի արդեն իրականացնում ենք սեփական նախաձեռնությամբ կամ կամավոր ատեստավորման գործընթաց, որը վերաբերում է 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, հայ գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներ դասավանդողներին: Բոլոր այս առարկաները դասավանդող ուսուցիչները 7-12-րդ դասարաններում ունեն հնարավորություն դիմել ԿԳՄՍ նախարարություն: Մայիսի 3-ից արդեն սկսել ենք դիմումների ընդունման գործընթացը: Կամավոր ատեստավորման գործընթացն իրենից ներկայացնում է գիտելիքների ստուգում` դրա արդյունքում աշխատավարձի հավելավճարի հնարավորության ընձեռում, կախված այն արդյունքից, որը կցուցաբերի ուսուցիչը»:

Նախարարի տեղակալն ասաց, որ դիմելու գործընթացը բավականին հեշտացվել է, եւ որեւէ ավելորդ փաստաթուղթ չի պահանջվում, ընդամենը պետք է ներկայացնել դիմում, տեղեկանք դպրոցից եւ դիպլոմի պատճենը: Նա հավելեց, որ այդ փաստաթղթերը կարելի է ինչպես առձեռն բերել, այնպես էլ էլեկտրոնային փոստով ուղարկել ԿԳՄՍ նախարարություն: Դիմումներն ընդունվելու են մինչեւ մայիսի 31-ը:

«Կախված դիմումների թվից` մենք ԳԹԿ-ի միջոցով պլանավորելու ենք կազմակերպման գործընթացը: Մինչեւ օգոստոսի 20-ը կհրապարակվի գիտելիքների ստուգման օրերի ժամանակացույցը, որով ուսուցիչները կտեղեկանան, թե կոնկրետ առարկայից որ օրերին է կազմակերպվելու գիտելիքների ստուգումը:

Կախված դիմումների թվից` որոշում կկայացվի եւ Երեւանում, եւ մարզերում գիտելիքների ստուգման կենտրոններ ունենալու մասին: Նախատեսում ենք, որ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգման գործընթացը, որի արդյունքներով այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 80-90 տոկոս արդյունք կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար, իսկ նրանք, որոնք կցուցաբերեն 90 տոկոս եւ ավել արդյունք, կստանան աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար»,-նշեց նախարարի տեղակալը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31