Երեկ փոխգնդապետ Աղվան Թադեւոսյանը «Հաղթանակ» զբոսայգում չկարողացավ մոտենալ Անհայտ Զինվորի անմահ կրակին, որովհետեւ հաշմանդամության անվասայլակի համար հարմարեցված «ճանապարհ» չկար: Նա իր հարգանքի տուրքը մատուցեց հեռվից:
Aravot.am-ը զրուցեց նրա հետ:
-Ձեզ ինչպե՞ս ներկայացնենք:
-Աղվան Թադեւոսյան: 90-ականներին մասնակցել եմ ՀԱԲ-ին, մասնակցել եմ նաեւ Դոնեցկի Հանրապետության կամավորական շարժմանը:
Կարդացեք նաև
-Որտե՞ղ եք ձեռք բերել հաշմանդամություն ունեցողի կարգավիճակը:
-2020-ի նոյեմբերին՝ Արցախյան այս վերջին պատերազմում:
-Դոնեցկո՞ւմ էիք բնակվում:
-Ես Դոնեցկում չէի բնակվում, բայց մեկնեցի 2014 թվականին, Դոնեցկի Հանրապետության առաջին հերոս, մեր հայրենակից, 28-ամյա Ռուբեն Հովհաննիսյանի մահից հետո: Մինչեւ 2019 թվականը մասնակցել եմ Դոնեցկի Հանրապետության ազգային ազատագրական պատերազմին: Շատերը հարցնում են, թե ո՞րն էր մեկնելուս պատճառը: Այն, որ Դոնեցկում մենք ունենք 71 հազար հայ, որ 90-ական թվականներին Ադրբեջանի զորքերում կային Ուկրաինայից վարձկաններ, որոնք մեծ հաճույքով վերացնում էին Արցախի հայ բնակչությանը, որ Դոնեցկը, Դոնբասը, ինչպես Արցախը, նույն պատերազմն էր մղում իր ժողովրդին պաշտպանելու եւ փրկելու համար: Հայաստան վերադարձել եմ 2019 թվականին ու մնացել: Պատերազմ մեկնել եմ կամավոր:
-Ի՞նչ վիրավորում եք ստացել:
-Երկու ոտքերի բեկորային վիրավորում: Բայց դրանից առաջ ոտքի չնչին խնդիր ունեի: Մատները չկային:
-Հուսով եմ, սա ժամանակավոր վիճակ է եւ շուտով անվասայլակը մի կողմ կդնեք:
-Ոչ: Սա արդեն ժամանակավոր վիճակ չէ: (Գնդապետը տաբատի տակից ցույց տվեց ձախ ոտքի պրոթեզի մի մասը եւ ասաց, որ ոտքը ամբողջապես չկա: Ա. Հ.)
-Մասնակցել էք պատերազմին ու շատ բան սեփական աչքով տեսել: Պարտությունը ձեր տեսանկյունով ինչպե՞ս ստացվեց: Ինչպե՞ս եղավ, որ մեր հաղթանակած բանակը, հաղթած երկիրն այս անգամ պարտվեց:
-Ես հայ զինվորի պարտություն չեմ տեսնում: Պարտվել է պետությունը, ղեկավարությունը: Եկեք համեմատենք: Հայաստանի դեմ հզոր, բազմապատիկ գերազանցող ուժեր էին կռվում: Դա բոլորս էլ գիտենք: Ու պատերազմը տեւեց 44 օր: Պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ այդքան փոքր ուժերով, եկեք ճիշտը խոսենք, վատ զինված բանակը այդքան ժամանակ կարողանա դիմադրել եւ պահել դիրքերը: Մենք գերժամանակակից զենքի, անօդաչուների դեմ կռվում էինք հին ու վատ զենքով: Մենք պատերազմում էինք մի պետության դեմ, որին ժամանակակից զենքերով, առաջատար տեխնոլոգիաներով աջակցում էին առնվազն հինգ-վեց երկրներ:
Մենք այս պատերազմին պատրաստ չէինք: Եվ դա ներկայիս ղեկավարության մեղավորությունն է: Բացատրեմ: Ամեն առիթով մեզ ասում են՝ նախկինները, նախկինները… Նախկինները հողեր չեն հանձնել, նախկինները 5-6 հազար զոհ չեն տվել պատերազմի դաշտում: Նախկինները անձամբ էին զենքը վերցնում ու գնում կռվելու: Ես չեմ կարող ասել, թե Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի ժամանակ ամեն բան կատարյալ էր: Բայց այն ժամանակ մենք հպարտանում էինք, հպարտանում էինք, որ փոքր ուժերով կարողացել ենք հաղթել թշնամուն: Հիմա էլ ենք հպարտանում, բայց դա արվում է ցավի զգացումով: Մենք հպարտանում ենք այն տղաներով, որոնք զոհվեցին, բայց հող չտվեցին: Ցավն այն է, որ հայի արյունով ջերմացած հողերը կառավարությունը հանձնեց:
-Բայց հայտարարվում էր, թե 80-ականների զենքի խայտառակ էջի փակված է:
-Մի քանի ինքնաթիռ են գնել առանց անհրաժեշտ պարագաների: Խաղալիք են գնել: Այս երեք տարվա ընթացքում ո՞ր մի զենքն են ձեռք բերել, որ կարողանա ցույց տալ ու ասել՝ գնել եւ բանակը հզորացրել եմ: Չկա այդպիսի զենք: Արայիկ Հարությունյանն իշխանության եկավ եւ հայտարարեց, թե Ստեփանակերտի, ամբողջ Ղարաբաղի երկինքը փակված է: Որտե՞ղ էր փակված, երբ պատերազմի առաջին երեք օրերին ոչնչացվել էր գրեթե ամբողջ ՀՕՊ-ը: Ո՞ւմ էին խաբում:
-Ձեր կարծիքով ո՞րն է ելքը:
-Ես կտրականապես դեմ եմ այս արտահերթ ընտրություններին: Դա շանս է Նիկոլի համար: Բացատրեմ: Ազգի 90 տոկոսը հոգնել է: Չի գնա ընտրությունների: Գործող իշխանությունը իր վարչական ռեսուրսը եւ իրավապահներին օգտագործելով կարող է ձայներ հավաքել եւ ասել՝ շահել եմ, ժողովուրդը էլի ինձ է վստահում: Բայց դա կլինի վերջը: Պատմության մեջ չկա նախադեպ, որ կապիտուլյանտը շարունակի մնալ որպես ղեկավար: Պատերազմը պարտված գլխավոր հրամանատարը, ինքներդ լավ հասկանում եք, թե ինչ պետք է աներ: Այդպիսի օրինակները բազմաթիվ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ