Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռք բերեցինք թոքերի արհեստական շնչառության 100 հատ սարք, բավականին գումար ենք ծախսել, հետո պրակտիկան ցույց տվեց, որ չեն կիրառվում». Փաշինյան

Մայիս 10,2021 14:47

«Մեր ամենամեծ պրոբլեմը բոլորս գիտենք՝ 44-օրյա պատերազմն է եւ այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ»,- այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հարցին, թե որն է եղել ձեր իշխանության ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը՝ պատասխանեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացները 2018-ի ապրիլի դրությամբ «Точка невозврата»-ն՝ անշրջելիության կետն անցել էին. «Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերը»:

Սերգեյ Բագրատյանի հարցին՝ Թուրքիան մեր թշնամի՞ն է, բարեկա՞մը, թե՞ հարեւանը՝ Փաշինյանը պատասխանեց, որ Թուրքիան մեր թշնամին է, որը նաեւ մեր հարեւանն է:

Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ որքանո՞վ է տրամաբանական, որ որոշ քաղաքական ուժեր ձեւավորում են նախընտրական շտաբներ, որտեղ ընդունում են մարդկանց, օրինակ՝ 10 հազար մարդ, որոնց միակ գործը լինելու է ձայներ հավաքելը: Նա նաեւ հարցրեց՝ հաշվարկի գործընթացի հանդեպ վստահություն կա՞, ուժեր կան, որ բոլոր տեղամասերում վստահված անձ չեն կարող ունենալ: Փաշինյանն ասաց, որ ձայների հաշվարկն ուղիղ եթերում է լինելու՝ ֆեյսբուքյան էջերով, այնպես որ վստահված անձի բացակայությունը դժվար հարցեր առաջացնի:

Փաշինյանը խոսել էր կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց ձեռնարկած քայլերի մասին ու հեգնանքով ասել, թե քննիչ հանձնաժողովը կա՞, թե՞ հիմա կասեն՝ ԱԺ-ն ցրվում է, չենք հասցնում բան պարզել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նեղվել էր վարչապետի այդ հեգնանքից՝ իրենց նախաձեռնած հանձնաժողովի հետ կապված: Նա ասաց, որ 251 հարցից բաղկացած հարցաշար են ուղարկել կառավարություն, չեն պատասխանել, իսկ առանց այդ հարցերի պատասխանի՝ չեն կարող եզրակացություններ անել. «12 հոգուց 8-ը իշխող խմբակցության պատգամավորներ են, վերջապես սա ԱԺ քննիչ հանձնաժողով է, չեմ կարծում, որ արդյունավետությունը կարելի էր կասկածի տակ դնել»:

Փաշինյանը պատասխանեց, որ սոցցանցերում 2020-ի մայիս-հուլիսին քննադատում էին իրենց. «Չեմ ասում, թե այնտեղ ամեն ինչ անթերի է՝ եղել են բազմաթիվ թերություններ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Օբյեկտիվներից մեկն ասեմ՝ երբ կորոնավիրուսը մեկնարկում էր, ամբողջ աշխարհը խուճապահար խոսում էր թոքերի արհեստական սարքերի մասին: Դրանք համարվում էին ամենաառանցքային բանը ու կառավարությունը 100 հատ շատ շտապ ձեռք բերեց թոքերի արհեստական շնչառության սարքեր: Հետո պրակտիկան ցույց տվեց, որ թոքերի արհեստական շնչառության սարքերը չեն կիրառվում, որովհետեւ օգուտ չեն տալիս, ընդհակառակը: Նույնիսկ շատ հիվանդների պարագայում շատ ավելի լավ է սովորական թթվածնի հասանելիությամբ բուժվեն: Այդ 100 սարքը որ ձեռք ենք բերել, բավականին գումար ենք ծախսել: Հիմա հետ նայենք, կպարզվի, որ ճիշտ չէր դա առնել, բայց այն ժամանակ մենք չգիտեինք: Միլիարդավոր դրամների մեջ չի կարելի բացառել, որ կարող է լինեն նաեւ չարաշահումներ, անարդյունավետ ծախսեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31