«Ոչ մի բան չի փոխվել։ Ինչ ասել եմ, ուժի մեջ է։ Ասել եմ՝ եթե նախկին իշխանությունն ունի իշխանափոխության օրակարգ, ապա պետք է դուրս գա գործընթացից։ Երեք տարին երկար ժամանակ չի, եւ ժողովուրդը, տեսնելով նրանց մասնակցությունը, այո, աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իշխանությունն էլ ուռճացնում է, թե՝ նախկինները գալու են, ուստի մեզ ընտրեք»,-խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հնչած հայտարարություններին, թե իրենք հեռացնելու են գործող իշխանությանը։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ բոլորն էլ ասում են, որ իշխանություն են վերցնելու եւ դա բնական է․ «Կարեւոր է, թե ժողովրդին ինչ են առաջարկում։ Հեղափոխությունը եղավ ոչ միայն Սերժ Սարգսյանի դեմ, այլեւ համակարգի։ Մերժվել է համակարգն իր դերակատարներով։ Եթե դերակատարների մի մասը մտածում է, թե ինքը չի մերժվել, ոչ, այդպես չի, մերժվել է համակարգը։ Եթե որեւէ մեկին թվում է, թե մարդիկ ուզում են հետ գնալ դեպի այն Հայաստան, ապա դա մեծ հիասթափություն է բերելու։ Նման բան չի կարող լինել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ