Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեք տարի առաջվա Նիկոլ Փաշինյանն անցյալ է. ընտրությունը անցյալի և անցյալի անցյալի միջև է». Արմեն Բաղդասարյան

Մայիս 10,2021 14:06

«Ընտրություններից հետո իրավիճակը չի լիցքաթափվի, հակառակը՝ կլինեն հետընտրական զարգացումներ՝ անկախ ընտրությունների արդյունքներից»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ» թեմայով առցանց քննարկման ընթացքում վստահեցրեց հրապարակախոս, վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ ընտրությունների նկատմամբ հանրային մեծ վստահություն չի լինի, քանի որ իշխանությունները բոլոր մեթոդներով կփորձեն կեղծել ընտրությունները՝ վարչական ռեսուրսների կիրառում, թվանկարչություն: Ըստ նրա՝ առավել ակտիվ ընդդիմադիր ուժերը՝ մասնավորապես երկրորդ նախագահի ղեկավարած ուժը, նույնպես հնարավոր բոլոր մեթոդներով կփորձի կեղծել ընտրությունները:

Դիտարկմանը՝ սոցիոլոգիական հարցումները փաստում են՝ քանի որ մեր առաջ նախկին ու ներկայի ընտրություն է, հետևաբար շահում է գործող իշխանությունը, Արմեն Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Համաձայն չեմ: Ես սոցիոլոգիական հարցումներին չեմ հավատում Հայաստանում: Դրանք ընդամենը քարոզչական գործիք են: Չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները բավականին մեծ վարկանիշ ունեն, քանի որ առողջ տրամաբանությունն ասում է, որ իշխանությունը, որը ձախողել է առանց բացառության բոլոր ոլորտներում, չի կարող ունենալ բարձր վարկանիշ: Հավատում եմ, որ մեր հասարակության մեծամասնությունն առողջ բանականություն ունի: Ձախողումներ համատարած եղել են դեռևս մինչև պատերազմը»:

Արմեն Բաղդասարյանը չի կարծում, թե ընտրությունը ներկայի ու անցյալի միջև է, նրա կարծիքով՝ ընտրությունը անցյալի և անցյալի անցյալի միջև է: Նա պարզաբանեց. «Այնպես չէ, որ ընտրությունը միայն անցյալի ու ներկայի մասին է: Ռոբերտ Քոչարյանը ճիշտ ձևով ներկայացրեց ՀՀ այսօրվա իրավիճակը, ճիշտ հիմնավորեց, թե ինչու պիտի այսօրվա իշխանությունը հեռանա, բայց որևէ ծրագիր չներկայացրեց ապագայի վերաբերյալ, միայն կենացներ ու ցանկություններ ասաց: Չհիմնավորեց, թե ինչու հենց ինքը պիտի լինի: Այնպես որ, ընտրությունն անցյալի և անցյալի միջև է, քանի որ քննարկվում է անցյալը, ոչ թե ապագան: Առայժմ քննարկում են կոշտ հռետորաբանությամբ, թե ով է մեղավոր անցյալի համար: Նիկոլ Փաշինյանն էլ է անցյալ: Այն Նիկոլը, որը երեք տարի առաջ եկավ իշխանության, ասում էր բաներ և անում հակառակը, արդյունքում, այդ երեք տարի առաջվա Նիկոլ Փաշինյանն անցյալ է: Այսօրվա Նիկոլ Փաշինյան գոյություն չունի, քանի որ չունենք պետական կառավարման համակարգ»:

Փաստելով տարածքային ահռելի կորուստները, մեր արժանապատվության անկումը՝ Արմեն Բաղդասարյանը նկատեց՝ նշանակություն չունի՝ դա Նիկոլ Փաշինյանն արել է չհասկանալով, թե դիտավորյալ: Այս պարագայում պետք է քննարկել այն հարցը՝ իրավունք ունի՞ արդյոք նա մասնակցել ընտրությունների: Այնուհետև պարզաբանեց. «Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին ընտրելու մասին պիտի մոռանալ: Ընտրություն պիտի լինի, թե մյուսներից ում ենք ընտրում: Ով էլ լինի, Նիկոլ Փաշինյանից ավելի լավը կլինի, կամ պակաս վատը: Նիկոլ Փաշինյանը շանսեր ունի զուտ նրա համար, քանի որ լավ հռետոր է: Նա ոչինչ չունի՝ ճարտար լեզվից բացի: Իսկ հո մենք այդ ճարտար լեզվի ձեռքը կրակը չե՞նք ընկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31