Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր լրագրողի նկատառմանն ի պատասխան, թե ինչո՞ւ է փոխվել իշխանության հռետորաբանությունն այն դեպքում, երբ նոյեմբերի իննից հետո բոլորը պախկված էին եւ իրարից տեղեկություն չունեին, «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը լրագրողին ակնարկ արեց, թե որոշ լրագրողներ իրենց քաղաքական ակտիվիզմը թաքցնում են լրագրության անվան տակ։ «Նրանք պատրաստ են ոչ միայն անհարիր վարք որդեգրել, այլեւ կեղծիք անել։ Նայեք, թե նոյեմբերից հետո երբ է եղել ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, ովքեր են մասնակցել, եւ տեսեք, թե ով էր պախկված»,-ասաց նա։
Լրագրողն արձագանքեց՝ «վարչապետը»։ Համազասպ Դանիելյանը հավելեց․ «Նոյեմբերի տասին տեղի ունեցածը չփորձեք ներկայացնել որպես ժողովրդական ցասում։ Այդ մարդկանց մեջ եղել են մարդիկ, որոնք, ինչպես շատերս, դժգոհ են եղել արդյունքից։ Եղել են նաեւ կազմակերպված, կիսազինված, քաղաքականապես մոտիվացված խմբեր, ինչը որեւէ մեկը չի կարող հերքել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ