Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը, բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում». Փաշինյանը՝ իրենց «քրիստոնյա կառավարության» մասին

Մայիս 10,2021 13:21

Այսօր Ազգային ժողովում հատուկ նիստին քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, խոսելով արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումներից՝ ասաց, որ իրենք էլ են դժգոհում, բայց պետք է հասկանալ՝ արդարադատությունը քաղաքական էլիտաների համա՞ր է, թե՞ շարքային քաղաքացիների. «Երբ այս տեսանկյունից ենք նայում, մենք արդարադատության ոլորտում էլ ենք իրականացրել հեղափոխական բարեփոխումներ: Քրեակատարողական հիմնարկներում այսօր պատմական նվազագույն թիվն է կալանավորված եւ դատապարտված անձանց: Սա ինչի՞ արդյունք է, արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումների արդյունք է: Բա մարդկային ճակատագրեր են, հազարավոր հայրեր, որ այսօր իրենց երեխաների կողքին են: Սա՞ է կարեւոր, թե՞ այն՝ ինչ է մտածում քաղաքական էլիտան ընդդիմությունը՝ դատաիրավական համակարգի մասին… Հիմա բոլորը մոռացել են, որ ՀՀ պատմության մեջ ժամանակ կար, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ հերթով էին քնում: Մամուլը այն ժամանակ ողողված էր այս ինֆորմացիայով: Այսօր չկա այդ պրոբլեմը: Եվ ամենամեծ բարեփոխումը. երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում դատական համակարգը նեղել է ընդդիմությանը, այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը, բա էլ հեղափոխությունը ո՞նց եք ուզում: Բա ի՞նչ, մենք ուզում էինք գայինք, հեղափոխություն անեինք, որից հետո դատական համակարգը շարունակեր նեղել ընդդիմությա՞նը: Եթե իշխանությունը երջանիկ լիներ դատական համակարգի որոշումներից, մենք կհամարեինք, որ բարեփոխումնե՞ր ենք արել, ոչ: Դա կնշանակեր, որ մենք եկել են այն հին ընդդիմությանը, անմեղին, տնանկին նեղող դատական համակարգը հեծնել ենք եւ մենք ենք հիմա ղեկավարում այդ դատական համակարգը: Բա այդ է անկախ դատական համակարգը, որ կարող է նեղի իշխանությանը: Իհարկե, ես սա չեմ ասում, որ մեր դատական համակարգը ոգեւորվի եւ ավելի մեծ տեմպերով նեղի»:

Փաշինյանը նաեւ նշեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կալանավորված եւ դատապարտված անձը ուտում է պետության տված հացը. «Նախկինում երբեք այսպիսի բան չի եղել, որովհետեւ ՔԿՀ-ում պետության տված հաց ուտելը նշանակում է ինչ-որ անարժանապատիվ բան, որովհետեւ այդ հացը արժանապատիվ չի եղել: Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում»:

Ամփոփելով՝ Փաշինյանն ասաց, որ այսպես կարող էր վարվել «քրիստոնյա կառավարությունը՝ քրիստոնեական արժեքների վրա հիմնված»: Հիմնավորելով իրենց կառավարության «քրիստոնյա» լինելը՝ Փաշինյանը մեջբերում արեց Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխից. «Որովհետեւ սովեցի եւ դուք ինձ սնունդ տվեցիք: Ծարավեցի՝ խմեցրիք ինձ, բանտի մեջ էի՝ ինձ մոտ եկաք: Այսօր ՀՀ կառավարությունը, որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված կառավարություն՝ ամեն օր այցելում է իր բանտարկյալներին, երբ նրանք սոված են՝ հաց տալիս, ծարավ են՝ ջուր է տալիս: Քրիստոնեությունը ճոռոմաբանությունը չէ, փող հավաքել ու վերաբաշխելը չէ, դա վերաբերմունքն է մարդու նկատմամբ: ՀՀ-ում մարդու նկատմամբ, այո, վերաբերմունքը փոխվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31