Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք լսե՞լ եք, որ 2018-ից հետո որեւէ մեկը որեւէ տեղ փայ մտնի որեւէ բիզնեսի մեջ, չկա, դրա համար էլ մոռացել եք». Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ է արել

Մայիս 10,2021 13:12

Այսօր Ազգային ժողովում հատուկ նիստ է: Քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: Ինչպես հայտնի է, ԱԺ-ն պետք է երկու անգամ չընտրի վարչապետ, որ ԱԺ-ն արձակվի ու նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Իմ քայլը» խմբակցությունը առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, բայց ինչպես առաջին անգամ, այնպես էլ երկրորդ անգամ նրան չի ընտրելու:

Իր ելույթում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկրում խորքային բարեփոխումներ են տեղի ունեցել ու սկսեց ներկայացնել տնտեսական իրավիճակի մասին հաշվետվություն:

Փաշինյանն ասաց, որ բիզնեսից օտարված 500 մլն դոլար վերադարձրել են բիզնեսին: 2018-ի մարտի դրությամբ 2021-ի մարտին 85 հազար 38-ով ավելացել են աշխատատեղերը, ընդ որում, այն աշխատատեղերն են, որոնք աշխատավարձ են ստանում. «Դուք այսօր չեք տեսնի մի բիզնեսմեն, որ ասի՝ հարկայինն իրենց քերում է եւ ավել գումարներ է ուզում: Եթե նույնիսկ այդպիսի դեպքեր լինեն, համոզված եղեք, որ բողոքարկման հանձնաժողովում այդ դեպքերը կլուծվեն: Բոլորը մոռացել են, որ ՀՀ տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտիվ թեման փայ մտնելու թեման է: Դուք լսե՞լ եք, որ 2018-ից հետո որեւէ մեկը որեւէ տեղ փայ մտնի որեւէ բիզնեսի մեջ: Որեւէ մեկը մտածի, որ իր սեփականությունը կարող է մնա՞լ իր սեփականությունը, թե՞ որեւէ մեկը կարող է ասի՝ գիտես ինչ կա, 10 տոկոսը, 50 տոկոսը իմն է: Կա՞ այդպիսի դեպք, որեւէ մեկը գիտի՞: Իհարկե, չկա, դրա համար մոռացվել է: Ասում են՝ կառավարությունը բոլոր ոլորտներում ձախողեց: 2019-ին մենք 43 տոկոսով ավելացրել ենք պետբյուջեի եկամուտները, պատկերացնո՞ւմ եք, 1 տարվա ընթացքում երկրում 43 տոկոսով հարկային բեռի նվազեցման պայմաններում ավելանան եկամուտները: Բոլորը մոռանում են, որ ՀՀ-ում եղել են մենաշնորհներ, եղել են մարդիկ, ովքեր իրավունք են ունեցել կոնկրետ ինչ-որ բան ներմուծելու եւ մյուսները իրավունք չեն ունեցել: Այդ թեման չկա, լսե՞լ է որեւէ մեկը, որ 2018-ից հետո ինչ-որ մեկը մենաշնորհ ունի ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու»:

Փաշինյանն ասաց, որ 2019-ին արձանագրել են վերջին 10 տարվա համար ամենամեծ տնտեսական աճը ՀՀ-ում, որը ամենաբարձրն է եղել ողջ եվրոպական տարածաշրջանում:

Նա «դարակազմիկ» որակեց այն փոփոխությունները, որոնք արել են գույքահարկի ռեժիմում. «Կատարել ենք օրենսդրության փոփոխություններ, որոնք քաղաքական, ֆիսկալ ու սոցիալական արդարության առումով լրջագույն խնդիր ենք լուծել»:

Փաշինյանն ասաց, որ մարդիկ կան՝ միլիոնատեր են դարձել, իսկ նրա միլիոնատեր լինելը առաջին հերթին երեւում է գույքով: Հարկային պարտավորությունների տարբերակվածությամբ պետք է սոցիալական ապահովության բաղադրիչը ներմուծեին, ինչն էլ արել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31