Լրագրող, թուրքագետ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը
Գաղափարակից ընկերներիս հետ պաշտոնապես հիմնեցինք «Արարատյան արժեքների հիմնադրամը», որի գլխավոր նպատակն է ազգային գաղափարախոսության ու ազգային արժեքների տարածումը մեր ամբողջ ազգի մեջ՝ ամբողջ Հայկական աշխարհում։
Վերջին շրջանում տարբեր կերպ փորձեցին ինձ կապել այս կամ այն կուսակցության հետ, հետո ինձ դարձրին իբրև թե Ռուսաստանի քարոզիչ։
Միտումնավոր էի լռում։
Այսօր անթաքույց ասում եմ՝ եթե ես հստակ որոշեմ որևէ մեկին աջակցել կամ քայլել որևէ մեկի հետ քաղաքական ճանապարհով, ինքս կհայտարարեմ այդ մասին։ Իսկ հիմա հայտարարում եմ, որ ես «Արարատյան արժեքների հիմնադրամի» տնօրենն եմ՝ զերծ ներքաղաքական ցանկացած խմորումից և զբաղված եմ ազգային արժեքների ամրապնդման ու տարածման աշխատանքով։
Կարդացեք նաև
«Արարատյան արժեքների հիմնադրամի» հիմնադիրներն ու աջակիցները վստահ են՝ մենք ունենալու ենք նոր հաղթանակների ու ազգային երջանկության բազում առիթներ, և դրանք կախված չեն լինի այս կամ այն անհատի ու գերտերության քմահաճույքից։ Մենք ինքներս ենք կերտելու մեր կայուն և հաղթական ապագան, իսկ դրա համար մենք նախ պետք է ճանաչենք ինքներս մեզ, մեր ինքնությունը, մեր իրական ուժն ու արժեքը։
Արարատը այն լեռն է, որի լանջին ձևավորվեց հայ ազգը, որի անվամբ ձևավորվեց առաջին հայկական պետականությունը՝ Արարատյան թագավորությունը, և վերջապես՝ Արարատի գագաթից նոր կյանք ստացավ մարդկությունը, երբ Նոյի տապանն իջավ այնտեղ։ Հետևաբար` Արարատյան արժեքները ոչ միայն համահայկական, այլև համաշխարհային նշանակություն ունեն։
«Արարատյան արժեքների հիմնադրամը» ապաքաղաքական կառույց է, չի հովանավորվում որևէ քաղաքական ուժի կողմից և չի հովանավորում որևէ քաղաքական ուժի։
«Արարատյան արժեքների հիմնադրամը» պատրաստ է համագործակցել բոլոր այն անձանց ու կառույցների հետ, որոնց նպատակը ոչ թե քաղաքական միավորներ հավաքելն է, այլ Հայոց պետականության հզորացումը և ազգային կենսունակ արժեքների ամրապնդումը։
«Արարատյան արժեքների հիմնադրամը» միասնականության ու համերաշխության ջատագով է։ Մենք ամեն ինչ կանենք՝ մեր ազգից հեռացնելու ատելության ու անհանդուրժողականության թույնը։
Մյուս մանրամասների մասին՝ շատ մոտ ապագայում։
Լուսանկարը՝ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից: