Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի օտարերկրացի կա մեր բանտերում, որ երկրներից են եւ ինչից են նրանք զրկված

Մայիս 10,2021 14:00

Օտարերկրացի դատապարտյալները լեզվի պատճառով զրկված են մշակութային միջոցառումներից, նրանց հասանելիք բժշկական, հոգեբանական եւ իրավաբանական ծառայություններից:

Քրեակատարողական հիմնարկներում չկան թարգմանիչներ, ռուսերենից բացի այլ օտար լեզվով հաղորդակցվող քրեակատարողական ծառայողների: Ինչն առաջացնում է ազատությունից զրկված օտարերկրացի անձանց հետ շփման եւ հաղորդակցման լուրջ խոչընդոտներ:

Նրանք հնարավորություն չեն ունենում լիարժեք մասնակցել քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող մշակույթային միջոցառումներին, ինչպես նաեւ օգտվել բժշկական, հոգեբանական, իրավաբանական ծառայություններից: Այսպիսի խնդիրներ են արձանագրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները՝ ուսումնասիրելով թե ինչպիսի պայմաններում են գտնվում ազատությունից զրկված օտարերկրացի անձինք, արդյոք մեր երկիրն ապահովում է նրանց իրավունքները: Պաշտպանի տարեկան զեկույցից տեղեկանում ենք, որ նույն խնդիրները, որոնց մասին հնչեցվել են 2019 թվականին, ներկայումս էլ առկա են:

2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ քրեակատարողական 11 հիմնարկներում պահվել է 107 ազատությունից զրկված օտարերկրացի անձ, որից 61-ը կալանավորված, 46-ը՝ դատապարտյալ, ինչը կազմել է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի 5.4%-ը:

Ազատությունից զրկված օտարերկրացի անձանց հիմնական մասը՝ 57 անձ՝ պահվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: 17 անձ օտարերկրացի՝ «Նուբարաշենում», 9 անձ՝ «Վարդաշենում» 9 անձ «Աբովյան» քրեակատարողականում, 5 անձ «Դատապարտյալների հիվանդանոցում» եւ 4 անձ էլ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում: Ըստ նույն աղբյուրի, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվել է 2, իսկ «Արթիկ», «Վանաձոր», «Գորիս» եւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում՝ ազատությունից զրկված օտարերկրացի 1-ական անձ: Օտարերկրյա ազատազրկվածները Վրաստանի, Իրանի, Լիբանանի, Իրաքի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Պակիստանի, Հունաստանի, Նիդերլանդների, Շվեդիայի, Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Պերուի, Վենեսուելայի, Գվատեմալայի, Կոստա Ռիկայի եւ Դոմինիկյան Հանրապետության եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ են:

Ի պատասխամ Մարդու իրավունքների պաշտպանի մտահոգություններին, ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Քրեակատարողական հիմնարկ մուտք գործած օտարերկրացի անձանց նրանց համար հնարավորինս հասկանալի լեզվով ծանոթացվում են իրենց իրավունքներին եւ պարտականություններին, այդ թվում նաեւ՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգին:

Նախարարությունից նաեւ հայտնել են, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են կալանավորված անձանց եւ դատապարտյալների հիմնական իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ ռուսերեն, վրացերեն, պարսկերեն եւ անգլերեն լեզուներով թարգմանված տարբերակներ, որոնք փակցվել են տեսանելի վայրերում եւ տրամադրվել նրանց: Սակայն, պաշտպանի ներկայացուցիչները դա բավարար չեն համարում: Նրանց դիտարկմամբ. «Հաշվի առնելով Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված իսպանալեզու եւ արաբալեզու օտարերկրացի անձանց զգալի թիվը՝ ցանկալի է, որ կալանավորված անձանց եւ դատապարտյալների հիմնական իրավունքները եւ պարտականությունները թարգմանվեն առնվազն նաեւ այդ լեզուներով»:

Ըստ Արդարադատության նախարարության՝ վերը նշված եղանակով է իրականացվում նաեւ հայերեն լեզվին չտիրապետող ազատությունից զրկված անձանց եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների բժշկական անձնակազմի ներկայացուցիչների շփումը: Սա ըստ զեկույցի հեղինակների, խոչընդոտ է հանդիսանում ազատությունից զրկված օտարերկրացի անձանց թե՛ առաջնային կարիքների բավարարման, այդ թվում՝ բուժօգնության ապահովման, թե՛ միջավայրում սոցիալ-հոգեբանական ինտեգրման համար. «Ակնհայտ է, որ նման պարագայում քրեակատարողական հիմնարկները չունեն հնարավորություն ապահովելու ազատությունից զրկված օտարերկրացի անձանց առողջության պահպանման, ինչպես նաեւ սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանալու եւ այլ հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքները։ Այս տեսանկյունից, հարց է առաջանում, թե ինչպես է հնարավոր նման դատապարտյալների հետ իրականացվել ուղղման ու վերասոցիալականացման աշխատանքներ»:

Վկայակոչելով այս խնդրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը, զեկույցի հեղինակները մատնանշում են Ջիբրալթարի վերաբերյալ 2015 թվականի զեկույցը, որտեղ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն՝ ԽԿԿ-ն, նշել է, որ, եթե քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի տիրապետում այնտեղ պահվող ազատությունից զրկված անձանց լեզվին, ապա վերջիններիս հետ հաղորդակցումը դյուրին դարձնելու համար պետք է ապահովվի համապատասխան թարգմանչական ծառայությունների ներգրավվածությունը:

«2020 թվականին իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել է, որ ազատությունից զրկված օտարերկրացի անձինք ակտիվ օգտվում են տեսազանգից, ինչը ողջունելի է: Մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տեսազանգերի մատյանում արված գրառումների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Քրեակատարողական հիմնարկում իրականացված տեսազանգերի մեծ մասը կատարվել են վերջիններիս կողմից»,-նշում են զեկույցի հեղինակները: ՀՀ արդարադատության նախարարությունը նշել է նաեւ, որ 2020 թվականի ընթացքում Քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվել են մոտ 400 անուն գեղարվեստական եւ կրոնական գրականությամբ, դրանց թվում՝ նաեւ օտարալեզու:

«Նշվածը, իհարկե, ողջունելի է, սակայն այն չի կարող լիարժեք ապահովել ազատությունից զրկված օտարերկրացի անձանց նպատակային զբաղվածությունը, եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել շարունակական քայլեր՝ վերջիններիս ներգրավելով քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող մշակութային եւ սպորտային ծրագրերում եւ հիմնարկներում իրականացվող համապատասխան աշխատանքներում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31