Լրահոս
Օրվա լրահոսը

90-ականներին նրանք ոչինչ չեն խնայել թուրքի ճիրաններում հայտնված անմեղ զոհերին բանտերից հանելու, տուն վերադարձնելու համար

Մայիս 10,2021 13:30

Իգնատ Մամյանի «Վիրավոր լեռան ճիչը» փաստագրական վեպը 1991թ. Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մոտ տեղի ունեցած մայիսյան ողբերգության անհայտ մանրամասների եւ գործողության մութ էջերի հետաքննությունն է: Անդրանիկ Քոչարյանի հեռախոսազանգի պատմությունից դարանակալ դեսանտային զորախմբի հրամանատարի խոսակցությունը Ոսկեպար եկող հայ ոստիկանների խմբից լեյտենանտ Հրանտ Հարությունյանի հետ, Ալիկ Պետրոսյանի հանկարծակի Երեւան կանչվելու…

Գրքի զգալի մասը նվիրված է այն ոստիկաններին, ովքեր վիրավոր ու ողջ գերեվարվելով տեղափոխվեցին Ադրբեջանի Հանրապետության բանտերը:

Գրքում ներկայացված են հարազատները, ընկերները, պաշտոնատար անձինք, ովքեր ոչինչ չեն խնայել թուրքի ճիրաններում հայտնված անմեղ զոհերին բանտերից հանելու, տուն վերադարձնելու համար: Օգտագործված է նաեւ ռուս զինվոր Դիմա Ռյազանովի նամակը, հարցազրույցը ռուսական պետական Դումայի պատգամավորի հետ:

«14 տարի շարունակ ես զբաղվել եմ հայ ոստիկանների կոտորածի եւ գերեվարության հանգամանքների ուսումնասիրմամբ։ Հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, գրի առել տասնյակ կարծիքներ եւ իմ եզրահանգումներով դրանք ներկայացրել ընթերցողին։ Կատարվածին վերջնական գնահատական տալը մի հոգու բան չէ, հիմա՝ գրքի տպագրությունից հետո, մենք միասին պիտի արտահայտենք մեր կարծիքը»,-ասել էր Իգնատ Մամյանն իր գրքի շնորհանդեսի ժամանակ:

«Առավոտը» ներկայացնում է վեպից մի հատված:

«ՄԱՐԼԵԶՈՆՅԱՆ ԲԱԼԵՏ»

Դարձյալ հարկադիր ետդարձ դեպի այս պատմության սկզբները

1991թ. գարնանը չծավալված պատերազմի նախաբեմերում մենք արդեն ունեինք կռիվ ու արյուն տեսած հարյուրավոր տղերք, որ արիության դասեր էին անցել Արցախի լեռներում, Հայաստանի հարավային սահմանների պահպանության մարտերում: Հայտարարված, թե չհայտարարված՝ պատերազմն այլեւս անխուսափելի իրողություն էր, եւ ընտրյալներն արդեն ընդունել էին խաչերը, դարձել երկրապաշտ զինվորներ: Հանրապետությունը դեռեւս չուներ պաշտպանության նախարարություն, չկար կազմավորված բանակ:

Նրանք հիմնականում ընդգրկված էին նոր ձեւավորված երկրապահ կամավորական ջոկատներում ու ՆԳ համակարգի կառույցներում, ջոկատներով սփռված սահմանամերձ տարածքներում՝ ի դեմս թշնամական արյունարբու ուժերի: Այդ օրերին թունդ բախումներ էին լինում հատկապես Գորիս-Կապան սահմանագծին: Այստեղ մարտերից մեկի ժամանակ ՄՀՆՋ-ի տղաների մի խումբ՝ 16 հոգի, ուժերի խիստ անհավասարության պատճառով շրջապատման մեջ ընկավ ու գերվեց: Օրեր անց հետախուզությունը պարզեց, որ նրանց տարել են Շուշիի բանտ եւ այնտեղ պահում են դաժան, անմարդկային պայմաններում՝ ենթարկելով սարսափելի խոշտանգումների: Հայ-ադրբեջանական տարածքներում կործանվող կայսրության վերջին ջղաձգումները կատարող խորհրդային բանակի միջնորդական առաքելությանն ապավինելը նույնն էր, թե հույս դնեիր ադրբեջանցիների խղճմտանքին ու բարոյականությանը: Շատ տարիներ հետո Ալեքսանդր Մկրտչյանը պիտի ասեր՝ «Մեր ընկերներին մենք էինք ազատելու ազերիների սոսկալի բանտից, բայց ինչպես՝ չէինք կարողանում կողմնորոշվել»:

Իսկ միջոցը միայն մեկն էր՝ փոխանակություն: Ադրեջանցի գերիներ էին հարկավոր, որպեսզի փոխանակեն Շուշիում խոշտանգվող տղաների հետ:

…Հանձնարարությունը ծայրահեղ դժվար էր ու վտանգավոր: Մարտերում իրենց դրսեւորած հարյուրավոր խիզախ տղաներից պետք է ընտրվեին ութ հոգի՝ ընտրյալներից ընտրյալները, այնպիսիք, որ ուղիղ նայել էին մահվան աչքերի մեջ, հիանալի գիտեին առաջադրանքի կարեւորությունը եւ շատ լավ պատկերացնում էին, թե ինչ վտանգների միջով պիտի անցնեին մինչեւ բաղձալի հաջողությունը: Օպերացիայի ծրագիրը որքան խելամիտ էր, նույնքան էլ խելագար՝ թելադրված որպես նպատակին հասնելու միակ ճանապարհ: Կռվի փորձ ու քաջություն ունենալուց, զինատեսակներին հրաշալի տիրապետելուց բացի՝ խմբի բոլոր տղաները պիտի լինեին շիկահեր եւ մաքուր խոսեին ռուսերեն լեզվով: Ըստ գործողության ծրագրի, նրանք Ադրբեջանի տարածքում պիտի հայտնվեին որպես ռուսական դեսանտային զինվորներ, որոնք Հայաստանի սահմանի վրա հատուկ հանձնարարություն էին կատարելու՝ հօգուտ ադրբեջանցիների: Չնչին վրիպումը, ամենափոքր կասկածը նրանց համար կարող էր կործանարար լինել՝ չհաշված անսպասելի դիպվածներն ու իրադրությունները, որոնք ոչ մի հանճարեղ ուղեղ ի վիճակի չէր կանխագուշակելու:

Ովքե՞ր էին այդ ութ հոգին, որ կարող էին համապատասխանել գերդժվար գործի համար անհրաժեշտ բոլոր պահանջներին: Ի վերջո, ընտրությունը կատարվեց. Երանոս Մելքոնյան, Ալեքսանդր Մկրտչյան, Գագիկ Պետրոսյան, Դմիտրի Խաչատրյան, Հովսեփ Մանուկյան, Էդիկ Ավետիսյան, Անդրանիկ Առաքելյան, Գոռ Քոթանջյան: Հետախուզական խմբի հրամանատար նշանակվեց Երանոս Մելքոնյանը: Մասիսների վրա լուսաբացը շառագունում էր, երբ հրաշալի ութնյակը դուրս եկավ ՆԳ նախարարության շենքից: «Եթե չվերադառնանք, ուրեմն զոհված կլինենք մեր ընկերների փրկության համար: Դա պատիվ կբերի մեզ: Սակայն հենց մեր ընկերների փրկության համար մենք պարտավոր ենք կենդանի մնալ եւ ամեն գնով կատարել հանձնարարությունը»,- ասաց խմբի հրամանատարը: Իսկ մեր գործողությունը կկոչվի «Մարլեզոնյան բալետ»: Ի՞նչ նկատի ուներ հրամանատարը, ա՞յն, որ Ֆրանսիայի թագավորը սիրում էր զգեստափոխված պարել Մարլեզոնի բալետը, թե՞ Աննա Ավստրիացու երկու ադամանդների պակասը, որոնք չլրացվելու դեպքում թագուհին կկործանվեր: Դժվար է ասել: Համենայնդեպս, «երկու» թիվը պատահական չէր. նրանք գնում էին երկու զինվորական ադրբեջանցի բերելու:

Պատմում է ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության քրեական հետախուզության երկրորդ բաժանմունքի պետ, մայոր Ալեքսանդր Մկրտչյանը. Որոշված էր, որ խումբը Ադրբեջանի տարածք է մտնելու հանրապետության հյուսիսարեւելյան սահմանից: Բայց թե կոնկրետ ո՞ր հատվածից՝ պետք է որոշեինք ինքներս՝ ելնելով տիրող իրավիճակներից: Իջեւանի ՆԳ բաժնին ի վերուստ հանձնարարված էր խմբին ամեն ինչով օգնել եւ ընդառաջել: Մեզ միայն ուղեկից էր հարկավոր՝ տեղանքը գերազանց իմացող մեկը, որպեսզի մեզ առաջնորդեր սահման, եւ բաժնի պետն այդ հանձնարարությունը տվեց իր աշխատակից Էդիկ Մեջինյանին: Մենք նախ փորձեցինք սահմանին մոտենալ Սեւքար գյուղի կողմից, բայց աշխարհագրական դիրքը նպաստավոր չէր: Գնացինք Շամշադին, որպեսզի Ադրբեջան մտնենք նրա սահմանային տարածքներից, սակայն այստեղ էլ խանգարող հանգամանքներ կային: Կրկին ետ եկանք, անտառներով հասանք Ոսկեպար: Այնտեղ հանդիպեցինք գյուղի ինքնապաշտպանության ղեկավար, շրջանի ոստիկանապետ Տիգրան Սարգսյանին՝ մի խիզախ ու հայրենասեր զինվորականի: Ոսկեպարում ողբերգություն էր. առավոտյան թշնամու հրետանին խփել էր Նոյեմբերյան մեկնող երկրապահ ջոկատի մեքենային, կային զոհ եւ վիրավորներ:

Գյուղի պաշտպանները մեզ խորհուրդ չէին տալիս գնալ նույն ճանապարհով, քանի որ խփվելու վտանգը չափազանց իրական էր: Բայց մենք գնում էինք կարեւոր հանձնարարության եւ ամեն գնով պիտի կատարեինք այն: Ոսկեպարում մնացինք մինչեւ երեկո, ու երբ մութը պատեց դաշտերը, ճանապարհ ընկանք: Հասնելով Հարսնաքար լեռան բարձունքներին` այնտեղ, ուր խփվել մնացել էր երկրապահների «Ուազը» մենք իջանք ավտոմեքենայից, որը գնում էր հանգցրած լապտերներով՝ մի կերպ կողմնորոշվելով աղոտ լուսնալույսի տակ: Գնում էինք ցրված, որպեսզի գնդակոծության ենթարկվելու դեպքում կորուստը քիչ լինի: Աստծո հաջողությամբ անցանք լեռան բարձունքը, իջանք Բաղանիս եւ շարժվեցինք Կոթիի ուղղությամբ: Այլեւս որոշված էր, որ Ադրբեջան ենք մտնելու Կոթիի Փայտասարի անտառապատ բարձունքներով: Էդիկ Մեջինյանը ծնունդով այդ գյուղից էր: Նրա հայրական տանը հանգստանալուց, սնվելուց ու մեզ կարգավորելուց հետո, գիշերային երկնքի սառն աստղերի տակ խաչակնքելով, գնացինք դեպի Փայտասարի բարձունքները: Մեզ ուղեկցում էին երկու կոթեցիներ՝ ՀԱԲ-ի զինվոր Դավիթ Ղազինյանը եւ մի խիզախ պատանի՝ Կամո Խաչիկյանը: Փայտասարի հակառակ լանջին ադրբեջանական երկու գյուղեր կային՝ Ֆարահլին եւ Ղուշչի Այրումը, որոնց տարածքում էլ մտադիր էինք ներկայացնել «Մարլեզոնյան բալետը»: 1991 թվի մայիսի 4-ի լույս 5-ի գիշերն էր:

Տեղանքին ու բնությանը բացարձակ անծանոթ՝ մեզ համար, թեկուզ հուսալի ուղեկիցներով, հեշտ չէր հաղթահարել անտառապատ, խորշ ու խութերով ծածկված դժվարին վերընթացը: Լուսաստղը ցոլում էր, երբ մեր խումբը, հոգնածությունից տնքալով, հասավ Փայտասարի ամենաբարձր կետին՝ Ականջավոր Քար կոչվող բարձունքին: Ուղեկից տղաները չէին կամենում ետ վերադառնալ, ուզում էին մեզ հետ անցնել թշնամու տարածք, բայց խմբի համար դա միանշանակ ձախողում կնշանակեր. ադրբեջանական այդ գյուղերը բախումներն սկսվելուց առաջ մշտապես շփում են ունեցել Կոթիի հետ, եւ տղաներին կարող էին ճանաչել: Նրանք վերադարձան գյուղ:

…Ականջավոր Քարի մեր բարձր ու ապահով դիրքից Ղազախի շրջանի այդ տարածքը երեւում էր, ինչպես ափիդ մեջ: Երկու օր մենք ուսումնասիրում էինք թշնամու շարժը, հետեւում ներքեւով անցնող միջգյուղային ճանապարհին, որը մեզնից մոտ էր՝ հույս ունենալով տեսնել նրանով անցնող որեւէ մարդատար մեքենա: Բայց իզուր, այս վայրերում կյանքը կարծես թե կանգ էր առել: Հաջորդ կեսգիշերին կոթեցի մեր ուղեկիցներն այցելեցին մեզ՝ բերելով խմելու ջուր եւ սնունդ: Նրանց հետ եկել էր նաեւ Էդիկ Մեջինյանը: Հաջորդ առավոտյան, անիմաստ սպասելուց հոգնած, իջանք դեպի Ֆարահլու: «Մարլեզոնյան բալետն» սկսված էր: Մեր սպառազինությամբ, մարտական հագուկապով ու շերտավոր ներկված դեմքերով մենք ոչնչով չէինք տարբերվում Վիետնամի ջունգլիներում կռվող ամերիկացի սուպեր գրոհայիններից: Հանդիպողների վրա պիտի որ ցնցող ազդեցություն թողնեինք:

Ճանապարհին, չգիտես որտեղից այս կողմերն ընկած մի ռուս մարդ, փորձում էր կարգավորել փչացած տրակտորն ու չէր կարողանում: Նրան օգնում էր մի ադրբեջանցի: Մենք նրանցից խմելու ջուր խնդրեցինք: Ջրամանի վրա կիսալուսին էր դաջված, եւ մեզնից մեկը, զզվանքով ետ հրելով այն, քիչ էր մնում տապալեր Ֆրանսիայի թագավորի սիրած բալետը…

Գյուղացիներից մեկը մեզ ուղեկցեց տեղական իշխանության գրասենյակ: Գյուղխորհրդի նախագահը միջին տարիքի, վախվորած մի մարդ էր:
Մենք խորհրդային բանակի հատուկ նշանակության ջոկատի մարտիկներ ենք, վկայականը բացելով՝ ներկայացավ Երանոս Մելքոնյանը: Մի քանի օր առաջ հայ գրոհայինները զենք ու զինամթերք են առեւանգել Դիլիջանի մեր զորամասից: Դրան ի պատասխան մեզ հանձնարարված է սահմանի այս հատվածում գործողություն կատարել ընդդեմ հայերի: Դուք պարտավոր եք ամեն ինչով օգնել մեզ՝ կատարելու կարեւոր հանձնարարությունը: Չէ՞ որ, ի վերջո, դա նաեւ հօգուտ ձեզ է:

– Վալլահ, պատրաստ եմ, միայն ասեք՝ ինչ է պետք անել…

Այդ պահին գրասենյակի առաջ կանգնեց մի զինվորական «Գազ 66»: Մենք բազմանշանակ իրար նայեցինք: Բայց ադրբեջանցի զինվորականը ժամանակ չուներ մեր ինքնությամբ հետաքրքրվելու, նա ինչ-որ բան հարցրեց ու գնաց:

Եվ այսպես՝ ի՞նչ կարող եմ անել, ինչո՞վ կարող եմ ծառայել, գյուղխորհրդի նախագահը վերադարձավ ընդհատված խոսակցությանը: Նա խոսում էր եւ սեւ ֆիլտրով «Բաքու» սիգարետի տուփեր բաժանում մեզ:

Այդ պահին ներս մտավ մի կին, ուշադիր ու կասկածավոր նայեց մեզ եւ նախագահի ականջին լսելի շշնջաց.
– Սրանք ռուսներ չեն, սրանք հայեր են, ի՞նչ են անում այստեղ…

Մենք բոլորս էլ հասկացանք կնոջ ասածը, բայց մնացինք սառն ու անտարբեր, իբր չգիտենք, որ խոսքը մեզ է վերաբերում:
– Կտրիր ձայնդ եւ դուրս կորիր այստեղից, սաստեց գյուղխորհրդի նախագահը:

– Ո՞վ է, ի՞նչ է ուզում,- իբր հենց այնպես հարցրի ես:

– Հեչ, բողոքով էր դիմում,- ասացի՝ հետո կգաս, ստեց նա:

Կինը սենյակից դուրս գալով՝ կանգնել էր դռան մյուս կողմը եւ մռլտալով, ահավոր թշնամանքով մեզ էր նայում կիսաջարդ ապակու միջով: Փորձեցինք բանի տեղ չդնել, բայց դա այնքան էլ հեշտ չէր. նա կարող էր մեր գլխին հավաքել ամբողջ գյուղը:

Մենք ժամանակ չունենք, ասաց Երանոսը: Մեզ շտապ հարկավոր են երկու խելոք եւ քաջ ուղեկիցներ, որ առաջնորդեն հայկական սահման: Կազմակերպեք:

Նախագահը միջանցքից ինչ-որ մեկին հանձնարարեց գնալ կանչել Մամեդին: Տեսնես ի՞նչ է ներկայացնում իրենից այդ Մամեդ կոչվածը: Քիչ հետո եկան երեք հոգի՝ միլիցիայի համազգեստով:

Մամեդով Մամեդ, ներկայացավ նրանցից մեկը: Իսկ սա Հասանն է: Երրորդը…

Երրորդը հարկավոր չէ մեզ, ասացինք, նա թող իր «ՏՕԶ» հրացանով չքվի այստեղից:

Երրորդը, իրոք, հարկավոր չէր մեզ: Մեր ուժերը հաշվարկված էին երկու գերու համար: Երանոսը միլիցիայի աշխատակիցներին կարճ եւ հանգամանալի ներկայացրեց նրանց անելիքը՝ ի շահ Խորհրդային միության եւ հատկապես Ադրբեջանի: Մամեդովը, որ երկուսից ավագն էր, պատրաստակամություն հայտնեց անմիջապես ճանապարհ ընկնելու: Եվ շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ, որովհետեւ կասկածավոր կինը միջանցքում ձեռքերը դեպի մեզ տարածելով հետզհետե բարձրաձայն կրկնում էր՝ էրմենի, հա էրմենի…

Այդ կինը մեզ ինչ-որ բան է ուզում ասել, տեղից վեր կացավ մեր տղաներից մեկը՝ իբր պատահաբար նռնականետի փողը թեքելով դեպի միջանցք:

Ոչ, ոչ, նրա ասածը ձեզ հետ կապ չունի, սարսափեց գյուղխորհրդի նախագահը եւ միջանցք նետվելով՝ կնոջն ուղղակի դուրս շպրտեց դռնից: Մինչ մենք մտածում էինք րոպե առաջ դուրս գալ այդ անիծյալ որջից, Երանոս Մելքոնյանը, մեր «ուղեկիցներին» ուշադիր զննելով, դժգոհ տարուբերեց գլուխը.
Ոչ, դուք ձեր այդ տեսքով չեք կարող ուղեկցել մեզ: Կես ժամ ձեզ ժամանակ՝ գնացեք, սափրվեք, մաքուր հագնվեք, եկեք:

Մենք ապշահար իրար էինք նայում: Բայց հետո պիտի հասկանայինք, որ հրամանատարը ճիշտ է անում: Ադրբեջանցի կնոջ ստեղծած կասկածի մթնոլորտում մեր չնչին շտապողականությունն անգամ կարող էր ճակատագրական հետեւանք ունենալ: Երանոսի այդ վարմունքը կարծես թե ցրեց բոլոր կասկածները:

Մամեդն ու Հասանը եկան զուգված զարդարված, ասես հարսանիքի էին գնում: Զենքերն անգամ մաքրել, փայլեցրել էին:
-Այ սա՝ ուրիշ բան, խրախուսեց հրամանատարը, հիմա նման եք զինվորականի:

…Դեպի հայկական սահման նրանք մեզ առաջնորդեցին մոտավորապես այն ճանապարհով, որով եկել էինք: Երբեմն հանդիպում էինք մեր սեփական հետքերին:

Տեսնո՞ւմ եք, գիշերները այսպես գալիս, մեզանից մարդ կամ անասուն են գողանում, քանի անգամ եմ ասել՝ գյուղի ծայրին պահակետ պետք է դրվի, բայց ո՞ւմ ցավն է կտրել, հետքերին նայելով՝ մեկնաբանում էր Մամեդը: Երբ մոտենում էինք Ականջավոր Քարի փեշերին, նա ասաց.
-Մենք պետք է բարձունքին մոտենանք մթնով, վերեւում հայերը դիրքեր ունեն:

-Հաստա՞տ գիտես:
-Հաստատ: Աչքովս եմ տեսել:
-Ոչինչ, ասացինք, կվերացնենք, մեզ համար մի դիրք ջնջելն ի՞նչ է…

Եվս մեկ ժամվա տանջալի վերելքից հետո, երբ մոտեցել էինք մեր երբեմնի տեղին, Մամեդն ասաց.
-Ահա սահմանը, հասանք, եվ նստեց հանգստանալու:

Այստեղ, եղբայրներ, հանդիսավոր հայտարարեց Երանոս Մելքոնյանը, ավարտվում է «Մարլեզոնյան բալետը»:
-Ինչը՞…, ապուշի հայացքով մեզ նայեցին մեր «ուղեկիցները»:

Հաջորդ պահին նրանք երկուսն էլ կապկպված էին:
Ի զարմանք բոլորիս` Մամեդը, ուշադիր զննելով մեզ, մաքուր հայերենով արտաբերեց.
-Ուրեմն հայե՞ր եք, տղերք:
-Հայեր ենք, ասացի, չէի՞ք լսում՝ ինչ էր ասում միջանցքի կինը:

Եվ ինչպե՞ս եք վարվելու մեզ հետ, սպանելո՞ւ եք:
Ոչ, երկու թուրք սպանելու համար չարժեր այսքան չարչարվել: Ձեզ ավելի քաղաքակիրթ ու մարդասիրական առաքելություն է սպասվում. փոխանակելու ենք մեր գերված ընկերների հետ:

Երկու ամիս հետո Ֆարահլուի գյուղխորհրդի նախագահը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թղթակցին խոստովանել էր.
«Ես անմիջապես հասկացա, ես շատ լավ գիտեի, որ նրանք հայեր են: Բայց ծպտուն չհանեցի, որովհետեւ այդ ութ հոգին գյուղը կջնջեին աշխարհի երեսից…»:

Իսկ փայլուն գործողությունից վերադարձող «Մարլեզոնյան բալետի» մասնակիցները չգիտեին, թե իրենց երկօրյա բացակայության ընթացքում ինչ աղետներ են եղել սահմանամերձ Ոսկեպարում: Նրանց ոչինչ հայտնի չէր ոչ ոստիկանների կարգախմբի արյունալի կոտորածի, ոչ գյուղի պաշտպանների նենգ ու դավադիր գերեվարության մասին: Իսկ Կոթին գիտեր, Կոթին ալեկոծված էր, ու երբ հետախույզների խումբը երկու գերիների հետ Փայտասարի անտառներից իջավ գյուղ, նրանց բնավ էլ ոգեւորությամբ չդիմավորեցին: Ոմանց թվում էր, թե տղաներն են թշնամու տարածքում իրենց գործողությամբ հրահրել կատարված աղետները: Ոմանք էլ ճանաչում էին Մամեդին եւ գյուղը փորձությունների չենթարկելու համար առաջարկում էին ետ տանել նրանց:

Նոյեմբերյան-Ալավերդի-Վանաձոր-Երեւան ուղեգծով հետախույզների խումբը գերիների հետ վերադառնում էր ելման կետ: Մայիսի 7-ն էր:

Ոսկեպարի անտառից բերված դիակների վրա ողբացող Նոյեմբերյան քաղաքը չիմացավ, թե ինչպես նրանք եկան ու անցան: Այս ամենի մասին մարդիկ տեղեկացան շատ օրեր անց, երբ Գանձակի բանտում գերված հայերին փոխանակում էին երկու ադրբեջանցի օմոնականի հետ: Եվ վստահ եմ, որ առաջին անգամ նրանք այս գրքում են կարդալու հետախուզական խմբի ութ տղաների անունները, որոնց անձնուրաց խիզախությամբ գերությունից ազատվեցին քառասունչորս հայեր՝ Շուշիի բանտի նրանց ընկերները, Գորիսի չորս բնակիչներ, Ոսկեպարից գերեվարված հատուկ նշանակության ջոկատի չորս մարտիկներն ու նոյեմբերյանցի ոստիկանները: Փառք Աստծո՝ խմբի բոլոր ութ տղաներն էլ այսօր ողջ եւ առողջ են: Խոնարհվենք այդ մարդկանց սխրանքի առաջ եւ նորից հիշենք նրանց անունները՝ Երանոս Մելքոնյան եւ Ալեքսանդր Մկրտչյան, Գագիկ Պետրոսյան եւ Անդրանիկ Առաքելյան, Դմիտրի Խաչատրյան եւ Հովսեփ Մանուկյան, Էդիկ Ավետիսյան եւ Գոռ Քոթանջյան:
Հպարտացեք, ծնողներ, ձեր զավակներով:

Հպարտացեք, զավակներ, ձեր հայրերով, որոնց հիշողության մեջ դեռ երկար կհնչի «Մարլեզոնյան բալետը»:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ՝ ԱՌԱՆՑ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Եզրակացություն
Թիվ 47200891 քրեական գործով
15 նոյեմբերի 1991թ.,
ք. Երեւան

Թիվ 19295 զինմասի զինվորական դատախազ, արդարդատության գնդապետ Վ.Ն. Վարդանյանը, համաձայն Անդրկովկասի զինվորական օկրուգի զինվորական դատախազի ցուցումի եւ ի կատարումն ԽՍՀՄ դատախազության հանձնարարության, 1991թ. նոյեմբերի 2ից 15ը ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության դատախազությունից ստացված Թիվ 47200891 քրեական գործը:

Հաստատված ենք համարում
1. 1991թ. ապրիլի 27ին, ժամը 22-ին մոտ, Ադրբեջանի Ղազախի շրջանի Խերմելու գյուղի մոտակայքում գնդակոծվել է Վրաստանի բնակիչ Ա.Գ. Ղալեչյանի «ՎԱԶ2109» մակնիշի «Լ0949 ԳԱ» պետհամարանիշի ավտոմեքենան, որով նա բարեկամների եւ մանկահասակ երեխաների հետ Մարնեուլի շրջանից մեկնում էր Երեւան` բարեկամների մոտ: Գնդակոծման հետեւանքով ուղեւորներից մեկը՝ նրա քեռին, թոշակառու Գուրգեն Արտյուշայի Ղալեչյանը, զոհվել է:

Հայաստանի Նոյեմբերյանի շրջանային դատախազությունն այս փաստով ս/թ ապրիլի 28-ին հարուցել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 99րդ հոդվածի 6րդ կետի հատկանիշներով (ծանրացուցիչ հանգամանքներում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով դիտավորյալ սպանություն):

2. Ս/թ մայիսի 4ին, ժամը 9-ին մոտ, Ոսկեպար- Բաղանիս ճանապարհի Հայաստանի հատվածում Ղազախի շրջանի Աքսիբար գյուղի կողմից գնդակոծվել է Հայաստանի ՆԳՆ հատուկ գնդի Նոյեմբերյանի դասակի աշխատակիցներին տեղափոխող «ՈՒԱԶ452Մ» մակնիշի ավտոմեքենան, որի արդյունքում Հարություն Թորոսի Մալինյանը զոհվել է, եւս 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ (Աբրահամյանը եւ Միրզոյանը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, Գասպարյանը՝ նվազ ծանր, մյուս 4 աշխատակիցները՝ թեթեւ):

Նույն օրը Նոյեմբերյանի շրջանի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99րդ հոդվածի 6րդ կետի հատկանիշներով:

3.1991թ. մայիսի 6-ին, առավոտյան ժամը 6-ին, Ադրբեջանի Ղազախի շրջանի կողմից գնդակոծվել է Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղի տարածքը, ինչի արդյունքում զոհվել է գյուղի բնակիչ Յուրի Ֆելիքսի Թամազյանը: Այս փաստով Նոյեմբերյանի շրջանի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ:

4.1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Նոյեմբերյանի շրջանի ՆԳ բաժնից Ոսկեպար են ուղարկվել միլիցիայի 20 աշխատակիցներ եւ 4 քաղաքացիական անձինք, որոնցից 2-ը՝վարորդ, 2-ը՝ տեղաբնակներ, որոնք անտառով եւ լեռներով ճանապարհն են ցույց տվել, քանի որ հիմնական ճանապարհը մշտապես կրակահերթերի է ենթարկվել:

ՀՀ Իջեւանի շրջանի «Մասրուտ կալ» հատվածում, Ոսկեպարից 1 կմ հեռավորության վրա, առավոտյան ժամը 6-ին մոտ, դարանակալման մեջ գտնվող դեսանտային զորքի զինվորներն առանց նախազգուշացման անսպասելի կրակ են բացել «ԳԱԶ66»-ի բազայի վրա գտնվող 8950 ԱԴՊ պետհամարանիշի սովխոզային ավտոբուսի եւ անձնական օգտագործման «ՎԱԶ2121» մակնիշի «Կ5123ԱԴ» պետհամարանիշի մեքենայի վրա, որոնցով գնում էին միլիցիայի աշխատակիցները:

Արդյունքը` տեղում սպանվել են Նոյեմբերյանի ՆԳ շրջանային բաժնի 10 աշխատակիցներ եւ ավտոբուսի վարորդ Վաչիկ Ռուբենի Անանյանը: Մյուսներին, որոնց մեջ են եղել ծանր վիրավորներ, ձերբակալել են եւ հանձնել Ադրբեջանի Ղազախի շրջանի միլիցիային: Վիրավորներից երեքը մահացել են առանց բժշկական օգնություն ստանալու, բուժանձնակազմի եւ այլ անձանց կողմից ծեծի եւ լրացուցիչ մարմնական վնասվածքներ պատճառելու հետեւանքով, ինչպես նաեւ Ադրբեջանի Ղազախի եւ Գյանջայի շրջանների նախնական կալանքի վայրեր տեղափոխելու ժամանակ:

Դրանից բացի, նույն օրը, առավոտյան ժամը 10-ին, հատուկ հանձնարարություններ կատարելու նպատակով գեներալ-լեյտենանտ Սոկոլովի եւ գենեներալ- մայոր Անդրեեւի գլխավորությամբ դեռեւս ս/թ ապրիլի վերջին սահմանամերձ շրջաններ ժամանած զորամասերի հրամանատարությունը իր ենթակաների հետ հասարակական կարգի պահպանության նպատակով Ոսկեպարում գտնվող Նոյեմբերյանի ՆԳ շրջբաժնի պետ Տիգրան Վլադիմիրի Սարգսյանին ստիպել են հանձնել տաբելային զենքերը, որոնք ամրացված էին միլիցիայի աշխատակիցներին: Տաբելային զենքերը հանձնելուց մի քանի րոպե անց Նոյեմբերյանի ՆԳ շրջբաժնի բոլոր աշխատակիցները, թվով 30 հոգի, բացառությամբ Տ.Վ. Սարգսյանի, ձերբակալվել են զինծառայողների կազմից եւ հանձնվել Ադրբեջանի Ղազախի շրջանի իշխանություններին՝ գրոհայիններիե կարգավիճակով: Նշված անձինք 1991թ. մայիսի 6-ին «Մասրուտ կալ» կոչվող հատվածում ձերբակալված միլիցիայի ողջ մնացած աշխատակիցների հետ 2 ամիս եւ ավելի գտնվել են նախնական կալանքի տակ Ադրբեջանի Գյանջայում եւ Ղազախում եւ նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել 1991թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Իջեւանի շրջանի «Մասրուտ կալ» հատվածում զինված դիմադրություն ցույց տալու համար, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 189, 220 հոդվածների 1-ին մասով,15,94 հոդվածների 4-րդ կետով եւ 70 հոդվածով (հասարակական կարգի պահպանություն իրականացնող իշխանության կամ հասարակության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը, ապօրինաբար զենք պահելը եւ կրելը, ծանրացուցիչ հանգամանքներում երկու եւ ավելի անձանց նկատմամբ դիտավորյալ սպանության նպատակով հարձակվելը, բանդիտիզմ):

5.1991թ. մայիսի 6-ին «Խնձորուտ թալա» հատվածում, Ոսկեպար գյուղի մոտ գնդակոծվել եւ հրդեհվել է Ոսկեպարի սովխոզի «ԳԱԶ53» մակնիշի ավտոմեքենան:

6.1991թ. մայիսի 7-ին, ժամը 13-ին, ստորաբաժանումը հարձակվել է Նոյեմբերյանի հակակարկտային ջոկատի կրակակետի վրա: Այդ ընթացքում զինծառայողները ծեծել են ջոկատի աշխատակիցներ Աբազյանին եւ Միրզոյանին` նրանց պատճառելով նվազ ծանր մարմնական վնասվածքներ, պայթեցրել են հակակարկտային սարքավորումները, նռնակ են նետել Աբազյանի անձնական օգտագործման «ՎԱԶ 2105» մակնիշի «Վ5321ԱԴ» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, որից հետո մեքենայից գողացել են անձնագիրը եւ վարորդական իրավունքի վկայականը՝ 170 ռուբլու հետ միասին, մեքենայի տեխանձնագիրը, ,Խարկովե տեսակի էլեկտրասափրիչը, ձմեռային մորթով վերարկուն, բրդյա ծածկոցը՝ տուժողին պատճառելով նյութական վնաս:

7. Ս/թ մայիսի 11-ին գնդակոծվել եւ վնասվել են երեք մեքենա, որոնցով Շավարշավանի սովխոզի աշխատակիցները կաթ են տեղափոխել Նոյեմբերյանի կաթի գործարան:

Արդյունքում մեքենաները շարքից դուրս են եկել, իսկ վարորդներից մեկը՝ Կիրակոսյանը, ինչպես նաեւ սովխոզի կաթի հաշվառող Անդրեասյանը ստացել են հրազենային վնասվածքներ, նվազ ծանր մարմնական վնասվածքներ:

8.Նույն օրը պայթեցվել են հակակարկտային երեք կայաններ եւ Նոյեմբերյանի շրջանի Ջուջեւան- Բաղանիս ճանապարհահատվածը:

9.Հրետանային եւ գնդացրային գնդակոծումների արդյունքում Ոսկեպար գյուղում ավերվել է կամ վնասվել մոտ 50 տուն:

Նշված փաստերով բոլոր քրեական գործերը 1991թ. հունիսի 17-ին միացվել են 4-րդ կետում նշված փաստով 1991թ. մայիսի 6-ին հարուցված թիվ 47200891 քրեական գործին:

Այդ գործի նախաքննությունը 1991թ. օգոստոսի 7-ին դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթակա անձանց ինքնությունը պարզված չլինելու հիմքով:

Քրեական գործի նյութերում որեւէ տվյալ չկա 1991թ. ապրիլի 27-ին քաղաքացի Ղալեչյանի զոհվելու փաստին զինծառայողների մասնակցության վերաբերյալ: Նրանց մեղավորությունը մնացած վերոնշյալ կետերով հաստատվում է քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, մասնավորապես. Քրեական գործով որպես վկա Սարուխանյանի, Պապյանի, Ամիրաղյանի, ինչպես նաեւ տուժողներ Աբրահամյանի, Միրզոյանի եւ մյուսների հարցաքննությունը ցույց տվեց, որ 1991թ. մայիսի 4-ին, վերոնշյալ հանգամանքներում (կետ 2) «ՈւԱԶ452Մ» ավտոմեքենան գնդակոծել են ադրբեջանական Ներքին Աքսիբար գյուղի մատույցներում գտնվող զինծառայողները եւ զրահամեքենաները:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մալինյանի մահը վրա է հասել կրծքավանդակի եւ որովայնի բեկորային վնավածքներից:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Աբրահամյանին եւ Միրզոյանին պատճառվել են մարմնական ծանր վնասվածքներ, Գասպարյանին՝ նվազ ծանր մարմնական վնասվածքներ:

Զննվել եւ որպես իրեղեն ապացույց գործին կցվել է 40x14x12 մմ արկի բեկորը, որը հանվել է զոհված Մալինյանի մարմնից:
Զննվել է «ՈւԱԶ452Մ» ավտոմեքենան եւ անց է կացվել բալիստիկ փորձաքննություն, որի եզրակցությամբ մեքենայի վրա հայտնաբերված վնասվածքներն առաջացել են ներքեւից վերեւ պայթած արկի բեկորներից:

Բարեկամավան Գյուղի բնակիչ Յու. Ֆ. Թամազյանի զոհվելու հանգամանքների վերաբերյալ վկա Մ.Ժ. Միքայելյանի հարցաքննությունը ցույց տվեց, որ ս/թ ապրիլի վերջից Բարեկամավան գյուղի բնակիչները , այդ թվում եւ Միքայելյանը, շուրջօրյա հերթապահել են եւ պաշտպանել գյուղի տարածքը եւ անասնագոմերը: 1991թ. մայիսի 6-ի գիշերը Միքայելյանը, համագյուղացի Թամազյանի, Ալավերդյանի, Աբազյանի եւ ուրիշների հետ, ընդհանուր թվով 8 հոգի, հերթապահել են անասնագոմերի մոտ, գյուղի բերանին: Առավոտյան ժամը 6-ին մոտ, 50 մետր հեռավորությունից` թփերի միջից, ավտոմատներից եւ նռնականետերից հանկարծակի սկսել են կրակել սովխոզի «ՈւԱԶ496» մակնիշի, «2480 ԱԴԶ» պետհամարանիշի մեքենայի ուղղությամբ, որում քնած է եղել Թամազյանը: Միաժամանակ օդ է բարձրացել դեղին գույնի ազդանշանային հրթիռ, որից մի քանի րոպե հետո ադրբեջանական կողմից հայտնվել են 3 ուղղաթիռներ, որոնք կրակ են բացել այս տեղամասի ուղղությամբ մոտ 15 րոպե: Այդ ամենը վերջանալուց հետո Միքայելյանը եւ նշված անձինք Թամազյանին հայտնաբերել են մեքենայում մահացած: Միքայելյանի ցուցմունքները հաստատել են վկաներ Աբազյանը, Ալավերդյանը, Աֆրիկյանը, Հարությունյանը եւ ուրիշներ:
Դեպքի վայրի եւ մեքենայի զննության արձանագրության համաձայն՝ թփերում, որտեղից կրակ է բացվել, հայտնաբերվել է ՌԳ42 տեսակի երկու նռնակ առանց զապալների, ՌՊԳ 8 տեսակի մեկանգամյա օգտագործման համար նախատեսված հակատանկային նռնականետի կորպուս: Ավտոմեքենայում հայտնաբերվել են գնդակների բազմաթիվ հետքեր, բեկորներ, ինչպես նաեւ 60×32 սմ բացվածք: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Թամազյանի մահը վրա է հասել կրծքավանդակին ստացած հրազենային վերքից: Նրա մարմնից հանված գնդակը կրակված է եղել ԱԿ74 տեսակի ավտոմատ հրազենից:

4-րդ կետում նշված հանգամանքների կապակցությամբ որպես վկա Նոյեմբերյանի շրջ. ՆԳ բաժնի պետ Տ.Վ. Սարգսյանի հարցաքննությունից պարզվեց, որ ս/թ ապրիլի 30ից սկսած Ադրբեջանի Ղազախի շրջանի Ներքին եւ Վերին Աքսիբար գյուղերից սկսել են գնդակոծել Ոսկեպարը, շրջափակել են ճանապարհները, ընդ որում կրակել են ոչ միայն ադրբեջանական օմոնականները, այլ նաեւ զինվորականները: Այդ օրը Սարգսյանը հանդիպել է թիվ 34747 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ռեզնիկովին եւ խնդրել դադարեցնել գյուղի գնդակոծումը, ապաշրջափակել Ոսկեպարը շրջկենտրոնին կապող ճանապարհները, երեխաներին, կանանց եւ ծերերին հնարավորություն տալ դուրս գալ գյուղից: Իրավիճակի կայունացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Սակայն, ինչպես բացատրեց Սարգսյանը, ինչոր անհասկանալի բան է սկսվել: Մայիսի 1-ին Ոսկեպար է ժամանել Հայաստանում ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի պետ Մակարիխինը եւ հայտարարել, որ հանում է գյուղում տեղակայված ներքին զորքերի վաշտը: Վաշտի հրամանատարը եւ նրա տեղակալը փորձեցին Մակարիխինին բացատրել, որ չի կարելի Ոսկեպարից դուրս բերել ներքին զորքերը. միայն նրանք են կասեցնում գյուղի վրա ադրբեջանական օմոնի գրոհը, սակայն Մակարիխինը հրամայեց անհապաղ կատարել կարգադրությունը: Իսկապես, այս վաշտի անձնակազմը մայիսի 2ի առավոտյան լքեց գյուղը:

Հաշվի առնելով, որ գյուղը մնացել է անպաշտպան, մայիսի 3-ին Սարգսյանը շրջ. ՆԳ բաժնից կանչել է ուժեղացված վերակարգ՝ բաղկացած թվով 30 միլիցիոներներից: Ս/թ մայիսի 4-ին վերակարգը գյուղից երկու մեքենայով մեկնել է շրջկենտրոն եւ ճանապարհին, ինչպես հետագայում ցույց տվեց Սարգսյանը, ընկել են հաուբիցների գնդակոծման տակ, ինչի հետեւանքով Մալինյանը զոհվել է, իսկ Աբրահամյանը, Միրզոյանը, Գասպարյանը եւ միլիցիայի այլ աշխատակիցներ վիրավորվել են:

Մայիսի 5-ին Սարգսյանը պահանջել է վերակարգի հերթափոխ, նրան շրջ. ՆԳ բաժնից պատասխանել են, որ ուղիղ ճանապարհը նորից շրջափակված է, գիշերվա ժամը 1-ին լեռնային ճանապարհով ուղարկվել են միլիցիայի 20 աշխատակիցներ երկու քաղաքացիական վարորդների եւ երկու ուղեկցողների հետ: Այդ ընթացքում հսկիչները Սարգսյանին զեկուցել են, որ գյուղը շրջապատված է տանկերով, զրահամեքենաներով, զինվորներով եւ օմոնականներով: Բարձրախոսով միլիցիային վերջնագիր են ներկայացրել՝ եթե 15 րոպե անց նրանք չհանձնվեն, գյուղը կոչնչացվի:

34747 զորամասի հրամանատար, մայոր Կրոխա Վասիլին, որի հետ Սարգսյանը բանակցությունների մեջ է մտել, հաստատեց, որ այդպիսի հրաման կա եւ նրան հրավիրեց ադրբեջանական Աքսիբար գյուղ՝ կայազորի հրամանատարության մոտ: Սարգսյանին եւ նրա տեղակալ Խաչատրյանին ընդունել է գեներալ- մայոր Անդրեեւը, կրկնել է վերջնագիրը, վիրավորել է նրանց ամենավերջին եւ ամենաստորացուցիչ բառերով, պահանջել է ոչ միայն տաբելային զենքերը, այլ ինչոր տանկեր, հրանոթներ, գրոհայինների եւ այլն:

Խաչատրյանին պահել են որպես պատանդ, իսկ Սարգսյանին ուղարկել են գյուղ՝ կազմակերպելու զենքի հանձնումը: Սարգսյանը կապվել է ղեկավարության հետ, խորհրդակցել է ենթակաների, գյուղի տարեցների հետ, եւ որոշում են ընդունել հանձնվել զինվորականներին, որպեսզի երեխաներին, կանանց եւ գյուղը փրկեն ոչնչացումից:

Սարգսյանը եւ նրա ենթակաները, թվով 30 հոգի, գյուղի սահմանին հանձնվել են: Նրան, ինչպես եւ մյուսներին, գեներալներ Անդրեեւի եւ Սոկոլովի ներկայությամբ պառկեցրել են ասֆալտին, դեմքով դեպի ներքեւ, եւ նախազգուշացրել են, որ փոքրինչ ավելորդ շարժում անելու դեպքում վատ կլինի:

«Առավոտ» օրաթերթ
08.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31