Վերջերս հանրապետության երաժշտական դպրոցների միջեւ Հայաստանյան «Art Music» արվեստի միջազգային փառատոների ասոցիացիայի կողմից (նախագահ՝ Էռնեստ Պիչիկյան) 12-րդ անգամ անցկացված մրցույթ-փառատոնին հանդիպեցինք այնպիսի երաժշտական գործիքների, որոնք որպես մենակատար հազվադեպ են հանդես գալիս։ Օրինակ, սաքսոֆոնը, որը 19-րդ դարի կեսերից է համալրել սիմֆոնիկ նվագախմբի գործիքների ընտանիքը։ Այն հանդես է գալիս նաեւ որպես մենակատար գործիք։
Սաքսոֆոնը օգտագործվում է եւ դասական, եւ ջազային երաժշտության մեջ։ Լայն հանդիսատեսին հայտնի են դասական ժանրում սաքսոֆոնի համար գրված Դեբյուսիի «Ռապսոդիան», Գլազունովի, Էդգար Հովհաննիսյանի կոնցերտները։ Առաջին անգամ հայկական սիմֆոնիկ ստեղծագործություններում այդ գործիքն օգտագործել է Արամ Խաչատրյանը։ Իսկ ջազմեն-սաքսոֆոնահար Չարլի Պարկերի շնորհիվ այն դարձավ ջազում ամենատարածված գործիքներից մեկը։
«Առավոտը» ներկա էր վերոնշյալ մրցույթ-փառատոնի սաքսոֆոնահարների մրցելույթներին, որի ժյուրիի կազմում հանդիպեցինք ճանաչված երաժիշտ Արթուր Եղիազարյանին։ Վերջինիս մեր երաժշտասեր հասարակությունը կմտաբերի շուրջ 10 տարի առաջ իր ստեղծած Ovo Band-ի (սաքսոֆոն, ջութակ, ռոյալ, կոնտրաբաս, ակորդեոն եւ հարվածային գործիքներ) երեւանյան եւ ղարաբաղյան համերգներից։ Միջազգային մրցույթների դափնեկիր մեր զրուցակցից տեղեկացանք, որ նրա ստեղծագործական կյանքն ավելի բուռն է եղել արտասահմանում։
«2000-ականների սկզբներին սաքսոֆոնահարների կվարտետի կազմում գործընկերներիս հետ՝ Համլետ Գրիգորյան, Դմիտրի Արզումանյան, Ալեքսանդր Բաբայան, համերգներ ունեցանք Ֆրանսիայի քաղաքներում, ապա որոշ դադարից հետո՝ 2012-ին, Մեծ Բրիտանիայում, 2016-ին էլ մասնակցեցինք Վրաստանում կայացած միջազգային փառատոնի։ Այստեղ արդեն կվարտետը այլ կազմով էր՝ Իշխան Հարությունյան, դարձյալ Դմիտրի Արզումանյան, Խաչատուր Խաչատրյան եւ ես։ Ուզում եմ հատկապես շեշտել, որ կվարտետի երկացանկում մշտապես իրենց տեղն են ունեցել Կոմիտասի, Եկմալյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ հնչեցրել ենք Բախի, Մոցարտի, Ռիմսկի-Կորսակովի գործերից։ Նշածս ստեղծագործությունները հատուկ մեր կվարտետի համար փոխադրել է պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանը։ Կատարել ենք նաեւ համաշխարհային սաքսոֆոնային երաժշտության այնպիսի ներկայացուցիչների երկեր, ինչպիսիք են Էժեն Բոցայը, Ժակ Իբերը, Թիերի Էսքեյչը եւ այլն»,- հայտնեց երաժիշտը։
Բարձրաձայնեց միջազգային մրցույթներում դափնիներ շահած իր կոլեգաների անունները, այդ թվում՝ Դմիտրի Արզումանյան, Դավիթ Մելքոնյան, Էդուարդ Ներսիսյան, Քաչատուր Խաչատրյան, գերմանաբնակ երաժիշտներ Կորյուն Ասատրյան, Հայրապետ Առաքելյան եւ այլն։ Ապա սահուն անցում կատարեց վերջին հայաստանյան մրցույթին՝ նշելով, որ ժյուրիի անդամների աշխատանքը բարդ էր այնքանով, որ մինչեւ 17 տարեկան, իսկապես մեկը մյուսից տաղանդավոր երեխաներ ու պատանիներ էին մասնակցում։ Ժյուրիի կազմում էին մեր զրուցակիցը, Իրինա Գասպարյանը եւ Դմիտրի Արզումանյանը։ Մենք մտաբերեցինք, որ Արթուր Եղիազարյանին որպես ժյուրիի անդամ հանդիպել ենք նաեւ 2005թ. Երեւանում կայացած Yamaha միջազգային մրցույթին, ներկայացրել ենք նաեւ այդ մրցույթի ընթացքը։
Հետաքրքրվեցինք, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մեզ հասած լուրերը, որ երաժիշտը մենահամերգներով հանդես է եկել միայն արտասահմանյան երկրներում։ Սաքսոֆոնահարը հաստատելով ասվածը, պատասխանեց. «Մենահամերգներով 2006-ին շրջագայել եմ ԱՄՆ-ի քաղաքներով, 2007-ին եւ 2012-ին հանդես եկել Ավստրալիայում։ Նաեւ սիրով եմ դեռեւս 2004-ից ստանձնել մանկավարժի դեր. դասավանդել եմ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա 2017-ից՝ Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում։ Սա այն ոլորտն է, որով կարող եմ հպարտանալ։ Ունեմ հիանալի, շնորհալի եւ, ինչու ոչ՝ տաղանդավոր սաներ»։
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը՝ շարունակվո՞ւմ է ճանաչված երգիչ Սոսո Պավլիաշվիլու հետ իր համագործակցությունը, քանի որ 2019-ին Երեւանում վրացի երգչի մենահամերգին բենդի կազմում էր նաեւ ինքը, Արթուր Եղիազարյանն ասաց, որ երգչի բենդի բոլոր երաժիշտները հայեր են, երեւանյան համերգից հետո երգչի հետ համագործակցությամբ հյուրախաղերի մեկնեցինք Չինաստան, ապա նույն թվականին մասնակցեցինք Մոսկվայում ծննդյան 55-ամյակին նվիրված մեծ համերգին։ «Իհարկե, դա պետք է ունենար նաեւ շարունակություն՝ Դուբայում, Սանկտ Պետերբուրգում եւ այլուր, բայց չեղարկվեցին համերգները՝ պայմանավորված համավարակով»,- հավելեց երաժիշտը։
Մեր զրուցակիցը հաստատեց նաեւ հետեւյալ լուրը, թե ժամանակին ընդունվել է Բոստոնի Բերկլիի ջազային քոլեջ, բայց այն չի ավարտել։ Ապա մանրամասնեց. «Դա 2008 թվականն էր, երբ աշխարհում ֆինանսական ճգնաժամ էր։ Այո, ընդունվել էի քոլեջ, բայց ես նախապես տեղեկացված էի, որ բարձր միավորներ վաստակելու դեպքում գործում է ուսման վճարի զեղչ, նույնիսկ 100 տոկոս։ Իսկ ուսման վճարը տարեկան կազմում էր 27 հազար ԱՄՆ դոլար։ Իմ դեպքում զեղչվեց 30 տոկոսը։ Մնացածը ես չէի կարող վճարել, ուղիղ ասած՝ գնացել էի՝ հույսս ինձ վրա դնելով։ Եթե չլիներ ճգնաժամը, գուցե գտնվեին հովանավորներ…»։
Զրույցի ընթացքում սաքսոֆոնահարը քանիցս հնչեցրեց Հայաստանի հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի, որի արտիստն է ինքը, գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի անունը՝ հավաստիացնելով, որ ցանկացած ոլորտում որպես ղեկավար անհրաժեշտ է նման գիտակ ու սրտացավ մասնագետ։ Մենք էլ ասվածին հավելենք, որ Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության երաժշտական կոլեկտիվներից որոշները, այդ թվում՝ սիմֆոնիկ նվագախումբը, «Հայասա» ավանդական երգի անսամբլը 1990-ականների անմշակույթ տարիներին փակվեցին…
Դիտարկմանը՝ բարդ է համատեղել ստեղծագործական ու մանկավարժական գործունեությունը, մանավանդ որ հիմա էլ՝ համավարակի շրջանում, գումարվել են սաքսոֆոնահարի օնլայն դասերը արտասահմանցի ուսանողների հետ, մեր զրուցակիցը ժպտալով պատասխանեց. «Համավարակի շնորհիվ էր, որ նման դասեր եմ անցկացնում, ընդ որում՝ առանց տարիքային սահմանափակման, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ոչ միայն երաժիշտների, այլեւ սաքսոֆոնով հետաքրքրված երաժշտասերների հետ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2021