«Ամեն անգամ Երեւանից Արցախ մեկնելիս՝ կանգ էինք առնում Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, մոմ վառում: Դիտավորյալ ընտրում էինք մեծ մոմեր, որոնք մինչ մենք տեղ կհասնեինք, անընդմեջ կվառվեին: Վառում էինք մեր մոմերը ու մտքներումս ինքներս մեզ խոստանում անպայման ետ վերադառնալ»,-ասում է Գեւորգ Նիկոլյանը:
Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Գեւորգ Նիկոլյանը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակից է դարձել Ստեփանակերտից Երեւան վիրավոր զինվորների տեղափոխման գործողություններին: Գեւորգը զուգընթաց նաեւ մասնակից է եղել Երեւանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող բժշկական միջամտություններին:
«Երբ հեռուստացույցով լսեցի, որ պատերազմ է սկսվել, անմիջապես հասկացա, որ պետք է մեկնեմ առաջնագիծ: Արդեն պատրաստվում էի գնալ շտապօգնության կայան կամավորագրվելու՝ առողջապահության նախարարությունից զանգահարեցին եւ ասացին, որ կամավոր հիմունքներով պետք է մեկնեմ Արցախ»,- պատմում է ապագա բժիշկը եւ հպարտությամբ հավելում, որ այդ օրերին գրեթե բոլոր բժիշկներն ու քույրերը պատրաստակամ են եղել առաջնագիծ մեկնել: Նույնիսկ կային, որ վիճում էին, թե ո՞վ է գնալու, կամ ինչո՞ւ է այս կամ այն բժիշկը, բուժքույրը երկրորդ անգամ գնում, իսկ ինքը՝ ոչ:
«Այդ օրերի ապրումներս թերեւս դժվար կլինի բառերով արտահայտել,- ասում է Գեւորգը եւ իրազեկում,- երբ հասանք Ստեփանակերտ, ամեն ինչ խառնվել էր իրար, անկազմակերպ էինք, քանի որ պատերազմը անակնկալի էր բերել բոլորիս: Սակայն կար մեկ զգացողություն, որը հստակեցնում էր իրադրությունը: Դա այն գիտակցումն էր, որ այդ ծանրագույն պահին դու այն մեկն ես, ում կարիքը կա ռազմի դաշտում, որ ինչ-որ մի զինվոր քեզ է սպասում, որ դու իրեն պետք ես»:
Կարդացեք նաև
«Այնպես է պատահել, որ օրական երկու անգամ գնացել-եկել ենք: Մինչեւ հինգ-վեց զինվոր տեղափոխել ենք՝ կախված ստացած վնասվածքների ծանրության աստիճանից: Եղել են վիրավոր զինվորներ, որոնց մի կերպ ենք համոզել մեզ հետ հիվանդանոց գալ»,-շարունակում է պատմել Գեւորգը եւ հատկանշում այն փաստը, որ վիրավոր զինվորներից եւ ոչ մեկը չի մտածել իր մարտական դիրքը լքելու մասին:
«Նրանք, ովքեր քիչ թե շատ ի վիճակի էին շարունակել մարտը, մեզ խնդրում էին բժշկական միջամտությունը տեղում կատարել, որպեսզի կարողանային շարունակել իրենց կռիվը: Շատ դեպքերում էլ խնդրում էին հեռու չտանել, որպեսզի կարողանային ետ վերադառնալ: Ըստ նրանց՝ թեկուզ եւ վիրավոր վիճակում ընկերներին թողնելը դավաճանության նման մի բան էր: Մենք՝ բուժանձնակազմս, հոգեբանորեն շատ ծանր վիճակում էինք: Մինչ Երեւան հասնելը ճանապարհին շատ հաճախ բառ չէինք փոխանակում միմյանց հետ: Զգում էինք, թե ինչպես տղաներն ավելի շատ էին տանջվում իրենց դիրքերն ու մարտական ընկերներին թողնելու ապրումներից, քան մարմնական վերքերից: Նրանց միտքը դեռ կռվի դաշտում էր, ընկերների հետ: Մեր տղերքը կյանքի գնով պահում էին հող հայրենին»,-պատմում է բժիշկը:
Պատերազմական թեժ օրերի դեպքերով տպավորված, Գեւորգը կիսվելով մեզ հետ, վերհիշում է, թե ինչպես ամեն անգամ ապշել է զինվորների կամային դրսեւորումներից:
«Քուն հասկացությունը չկար, այո, այո, ուղղակի չկար,- նկարագրում է այդ օրերը Գեւորգը ու շարունակում,- մի անգամ հիվանդանոցում հերթապահությունը հանձնելուց հետո գնացի Ստեփանակերտ: Ծանր այրվածքային վիրավորում ստացած զինվորներ պիտի տեղափոխեինք: Հոգնած էի, ճանապարհին աչքերս իրենք իրենց փակվում էին: Զինվորներից մեկի աչքից չվրիպեց իմ հոգնած լինելը եւ կարեկցանքով հարցրեց՝ բժիշկ, ինչպե՞ս ես: Հանկարծակիի գալով պատասխանեցի, որ լավ եմ: Նա համառորեն ինձ փորձում էր ներքաշել զրույցի մեջ:
– Տեսնում եմ, որ չեք քնել գիշերը, քնեք էլի,- թախանձագին ասաց նա: Ապշելու բան էր»: «Դեռ անփորձ, կյանք չտեսած զինվորները կյանքի իմաստը բովանդակող օրինակներ էին դարձել, այսպես նրանք իրենց կերպարներում անձնուրացություն ու հայրենասիրության էին մարմնացնում: 18 տարեկան առյուծասիրտ այդ տղաների մեջ աննկարագրելի ուժ կար»,- իր հիշողությունների կծիկը ետ տալով՝ տպավորված նշում է Գեւորգը:
«Պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանում կորոնավիրուս հիվանդությունն ավելի էր ուժգնանում: Պատահում էր, որ առաջանում էին մահճակալային խնդիրներ, բայց որոշումը մեկն էր՝ եթե կար ազատ մահճակալ, ուրեմն այն վիրավոր զինվորինն էր: Հիվանդներից շատերը հրաժարվում էին բուժումը հիվանդանոցում անցկացնել ու նախընտրում էին այդ ամենը տան պայմաններում կազմակերպել, որպեսզի չզբաղեցնեն ազատ մահճակալները»,- տեղեկացնում է Գեւորգ Նիկոլյանը:
«Հայոց ազգը մի զարմանալի հատկանիշ ունի, օրհասի պահին բռունցքվում է,- ասում է նա,-մենք այդ օրերին առավել միասնական ու համախմբված էինք, քան երբեւէ: Սահմանում կռվող հայ մարտիկը պատրաստ էր անմահանալ հանուն հայրենիքի: Իսկ թիկունքում ողջ ազգն էր, որ օր ու գիշեր ջանասիրաբար հանգանակություն էր հավաքում (գումարի, հագուստի, սննդի եւ այլ անհրաժեշտ պարագաների տեսքով), որպեսզի սատարի իր զինվորին: Տղերքը առաջնագծում էին մարտնչում, ազգը՝ թիկունքում: Վիրավոր զինվորներին տեղափոխելիս՝ ճանապարհին ժամանակ առ ժամանակ կանգ էինք առնում, որպեսզի ջուր եւ ուտելիք գնենք նրանց համար: Մեր հայրենակիցները տեսնելով շտապօգնության մեքենան՝ արագորեն գալիս էին դեպի մեզ ու կամենում օգնություն ցուցաբերել: Օգնում էին ինչով կարող էին, բենզին էին տալիս, ուտելիք, ջուր»:
Այն հարցին, թե պատերազմի ժամանակ երբեւէ եղե՞լ է պահ, որ բժիշկը զղջացել է իր ընտրած մասնագիտության համար, նա այսպես պատասխանեց. «Փոշմանել եմ միայն մի բանի համար, որ ավելի շուտ չեմ ընդունվել Բժշկական համալսարան, ավելի բարձունքում չէի, որ ավելին կարողանայի անել: Խուճապ չի եղել, բայց վախ եղել է: Դա էլ այն բանի համար, որ գիտես, զինվորի կյանքը քեզ է վստահված եւ դու սխալվելու իրավունք չունես: Այդ պահին դու ես եւ որոշում կայացնողը, եւ գործողություն կատարողը: Եթե քեզ կորցնես, պարզ է, կձախողվի: Պետք է հնարավորինս սառը դատես, որպեսզի խնդիրների լուծումը ճիշտ լինի:
Բժիշկ լինելը մասնագիտություն չէ, այլ՝ պատիվ»,- հպարտորեն հավելում է Գեւորգը:
«Ի դեպ, եղբայրս էլ է մասնակցել մարտական գործողություններին: Եղբայրս ռազմիկ էր, ես՝ սպիտակ բանակի ներկայացուցիչ: Ամեն անգամ, երբ գնում-գալիս էի, նաեւ եղբորս համար էի մտահոգ, որպեսզի նրանից լուր իմանամ: Ամեն օր սպասում էի, որ մի տեղից կզանգահարեն եւ կասեն՝ եղբայրդ այստեղ է: Եղել է դեպք, երբ զանգել եւ անուն են ասել, գնացել եմ, ինքը չի եղել: Աշխարհով մեկ եմ եղել, բայց միեւնույն ժամանակ կոտրվել եմ: Մեկ տան ճրագ էլ հանգեց,-պատմում է Գեւորգը ու շարունակում,-հոկտեմբերի վեցն էր, հայտնվել էինք ռմբակոծությունների տակ: Մեքենայում վեց վիրավոր կար: Զինվորներից մեկը ծանր վնասվածքներ էր ստացել, երկար սպասել չէինք կարող: Որոշեցինք գնալ Գորիսի հիվանդանոց: Չգիտեմ պատահականություն էր, թե ճակատագիր, գտա եղբորս՝ վիրավորում ստացած: Երկու օր մնացի, որպեսզի խնամեմ: Բայց եւ անհանգիստ էի, որ չեմ գնում առաջնագիծ: Անցավ երկու օր, գնացի ու այն համոզումով, որ ավելի շատ զինվորների կարողանամ օգտակար լինել: Ես միշտ ասում եմ՝ 44 անգամ վերածնվել եմ»:
«Պատերազմը իմ կյանքում շատ բան փոխեց: Ես հասկացա, որ եթե կա խնդիր, ուրեմն կա եւ լուծում: Նպատակը ուժ է ծնում՝ խնդիրները հաղթահարելու ճանապարհին: Այդ օրերին պաշտոն հասկացողություն չկար, բոլորս հավասար էինք, հնարավորություններն էին տարբեր: Վստահորեն կարող եմ ասել, որ մենք հաղթել ենք: Պատերազմի ավարտից հետո գնացել եմ Վարդենիս, Սիսիան, Գորիս: Զինվորների տրամադրվածությունը մարտական էր, ու սա գալիս է ասելու, որ հաղթել ենք: Իսկ հետոյի մասին բոլորովին խոսք չկա, որ հաղթելու ենք:
Ամենքի մտքում ու սրտում մեկ ցանկություն է՝ կորցրածը ետ բերելու ցանկություն: Ավաղ, ամեն ինչ կարելի է վերադարձնել, բացի զոհված հերոսներից: Մարդկային կյանքը անվերադարձ է: Իսկ ինչ վերաբերում է հողին, գույքին, հավատացած եմ, ամենը ետ կբերենք: Ես իմ ժողովրդին առողջություն եմ մաղթում ու սա ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես: Եթե կա հոգեբանական առողջություն, կլինի նաեւ՝ մարմնական: Նոր հաղթանակի օրը անպայման կգա»,- ահա այս խոսքերով մեզ հետ իր զրույցը վերջացրեց ապագա բժիշկ Գեւորգ Նիկոլյանը:
Սիլվա ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2021