Աղկունծ (նաեւ Աղկունձ) գյուղատեղին գտնվում է Արայի դաշտում, Սաղմոսավանքից մոտ 1,5 կմ հյուսիս-արեւելք, Քասախ գետի կիրճի ձախ եզրին եւ Ղեւոնդ Ալիշանի մոտ հիշատակվում է՝ որպես «ի սահմանս Սաղմոսավանից»: Լքված գյուղատեղիում պահպանվել են բնակելի շինությունների ավերակները՝ կառուցված անմշակ բազալտից, հողաշաղախով: Տեղ-տեղ նկատելի են տնամերձ բակերն ու փողոցների հետքերը: Գյուղատեղին վնասվել է հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան եզրերից հողահարթեցման պատճառով, որի ժամանակ էլ հավանաբար, ոչնչացվել է նաեւ հին հայկական գերեզմանոցը եւ մի քանի վաղ շրջանի խաչքարեր սփռված են տարածքում:
Բնակավայրը սերտորեն կապված է եղել շրջակա գյուղերի՝ Սաղմոսավանքի, Սերկեւիլի եւ Համամլուի հետ: Գյուղատեղիի հարավային եզրից ուրվագծվում է դեպի Սաղմոսավանք տանող հին ձորամիջյան ճանապարհը, իսկ կիրճում պահպանվել են կամուրջի հատվածը, «Ականատեսի» ջրաղացը եւ այլն: Գյուղատեղին եզերող կիրճի հատվածներում առկա են մի շարք դժվարամատչելի քարանձավներ, որոնք օգտագործվել են միջնադարում:
Գյուղը բնակեցված է եղել դեռեւս վաղ միջնադարից, սակայն գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 1215թ. Սաղմոսավանքի Սբ Սիոն եկեղեցու մուտքի բարավորի արձանագրությունում. «Ես՝ Վաչէ իշխանաց իշխան… շինեցի զեկեղեցիս Սուրբ Սիոն ի փրկութիւն հոգոց մերոց եւ… տվաք զգեղն Աղկունծ ի Սուրբ Սիոն Սաղմոսավանացս»: Արձանագրությունից նկատելի է, որ Վաչե Վաչուտյանը, կառուցելով Սբ Սիոն եկեղեցին, նրան է նվիրել Աղկունծ գյուղը, որը գնել էր ամիրսպասալար Զաքարե Զաքարյանից: Հետագայում՝ 14-րդ դարի սկզբին, նույն Վաչե իշխանի թոռը՝ Վաչե Բ-ն, գյուղը վերագնում է, որ «օտարացեալ էր» եւ նորից նվիրում Սաղմոսավանքին: Այդ արձանագրություններում Աղկունծի հիշատակումից հետո, այլ տեղեկություններ գյուղի մասին հայտնի չեն: Ենթադրվում է, որ գյուղը հայ բնակչությունից լքվել է 18-րդ դարի կեսերին եւ նույն դարի վերջում էլ բնակեցվել մահմեդական այլազգիներով ու անվանվել «Այվազլի»: Այն նշել է Ղ. Ալիշանը, որպես կարեւոր հանգրվան. «Նշանակի եւ հանգրւան մի յարեւելեան հիւսիսային ստորոտս լերինն Արայի, որպէս եւ յարեւմտեան ստորոտսն՝ առ գետեզերքն Քասաղայ՝ Համամլ եւ Այվազ-ալի գեօղք փոքունք»:
Գյուղատեղիի կենտրոնում ավերակ եկեղեցին է, որը հավանաբար կառուցվել է 10-11-րդ դարերում, Բագրատունիների թագավորության ժամանակ: Պահպանվել են միայն եկեղեցու պատերի ստորին հատվածները՝ հյուսիսից, արեւելքից եւ քիչ չափով՝ հարավից: Նշմարվում է կիսաշրջան խորանը: Ներսը ամբողջությամբ պատած է փլատակներով: Կառուցված է սեւ ու գորշ սրբատաշ տուֆից, կրաշաղախով:
Աղկունծը վնասվել է 1679, 1827 եւ 1840 թթ. երկրաշարժերից: Եկեղեցին հավանաբար կործանվել է 1679թ. Արարատյան երկրաշարժից եւ այլեւս չի վերանորոգվել, իսկ նրա սրբատաշ քարերը այլազգիները օգտագործել են բնակելի տների շինություններում:
Կարդացեք նաև
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող
«Առավոտ» օրաթերթ
08.05.2021