Պահանջելը մի բան է, եռակողմ փաստաթղթով ամրագրվածը մեկ այլ բան է
Հայաստանյան իշխանությունները, ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ(այդ թվում ԱԱԾ փոխտնօրենը) վերջին շրջանում պնդել են, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որեւէ «միջանցքի» հարց չի քննարկվում, եւ կոչ են արել չշահարկել «Մեղրիի միջանցք», «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունները։ Միաժամանակ, հունվարի 11-ին ձեռքբերված՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ համատեղ, եռակողմ հայտարարություն գոյություն ունի։ «Առավոտ»-ն այս թեմայի շուրջ զրուցել է պատմաբան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։
– Պարոն Մելքոնյան, եթե համեմատենք երկու հայտարարությունների փաստաթղթերը, ձեր գնահատմամբ՝ ապաշրջափակման ինչպիսի՞ ձեւաչափի մասին է խոսքը եւ ինչո՞ւ է Ադրբեջանը պարբերաբար շահարկում եւ սպառնում «միջանցք» եզրույթով։
– Եթե փորձենք համեմատել Բերձորի միջանցքի հետ, դա լրիվ այլ բան է եւ կապ չունի Մեղրիի այսպես կոչված «հաղորդակցության ճանապարհներ» ապահովելու հետ։ Սրանք միանգամայն տարբեր բաներ են։ Հայտարարությունում գրված է հաղորդակցության ճանապարհներ ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ։ Իսկ Բերձորի պարագայում գրված է միջանցք ապահովել հինգ կմ լայնությամբ (2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունգ-խմբ.)։ Այ դա միջանցք է։ Այդ իմաստով նույնացնելը սխալ է։ Ադրբեջանական կողմի համար, բնականաբար, ձեռնտու է, որ Բերձորի միջանցքը նույնացվի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության ճանապարհներ ապահովելու հետ։ Այդ պատճառով միջանցք բառը պետք է վերապահումներով օգտագործել։ Եթե հանկարծ Ադրբեջանին հաջողվեց դա որպես միջանցք անցկացնել միջազգային կարգավիճակով եւ աշխարհի տարբեր երկրներին մասնակից դարձնել ճանապարհաշինությանը, դա արդեն կունենա որոշակի միջազգային կարգավիճակ։ Եթե «միջանցք» բառը դնենք շրջանառության մեջ, ապա այն վտանգ կարող է պարունակել, որովհետեւ փաստաթղթում նման բան չկա, ինչին որ փորձում է հասնել Ադրբեջանը։
– Այս գործընթացում Սյունիքի միջոցով Թուրքիան Ադրբեջանի հետ կապելու առնչությամբ փորձագետները վտանգների մասին են բարձրաձայնում։ Որքանո՞վ կարող եք փաստարկել սա։
Կարդացեք նաև
– Վտանգն այն է, որ հոգնակիով է գրված՝ «հաղորդակցության ճանապարհներ»։ Դրանից օգտվելով՝ Ադրբեջանը պնդում է, որ խոսքը միայն մեկ ճանապարհի մասին չէ՝ ավտոմոբիլային ճանապարհի կամ երկաթուղու։ Ալիեւի խոսքերով՝ առնվազն երկուսի մասին է խոսքը, որովհետեւ հայտարարության փաստաթղթում, ցավոք, հոգնակի է ձեւակերպված։ Դրա համար էլ Ադրբեջանը պնդում է՝ ո՞վ է ասում, թե խոսքը միայն Զանգելանից Մեղրիով դեպի Օրդուբադ տանող երկաթուղու վերականգման մասին է։ Երկաթուղի գումարած ավտոխճուղի, գուցե դրան էլ գումարած ավտոճանապարհ Սիսիանով դեպի Նախիջեւան։ Այսինքն, նրանց համար ձեռնտու է «հաղորդակցության ճանապարհները»-ը վերաձեւակերպել որպես «միջանցք» եւ պնդել առնվազն երկու ավտոմոբիլային ճանապարհի եւ մեկ երկութուղու պահանջը։
– Վերջերս Նիկոլ Փաշինյանը հետեւյալ արտահայտություններն արեց՝ «նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, մենք էլ ուրեմն Նախիջեւանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց»։ Սրա վերաբերյալ ձեր վերլուծությունն ինչպիսի՞ն է։
– Այստեղ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ նախ 47 կմ-ի մասին է խոսքը՝ Մեղրիի հատվածի։ Իսկ Նախիջեւանի հատվածում հարյուրավոր կմ-երի մասին է խոսքը, որոնք Ագարակից պետք է գան հասնեն մինչեւ Երասխավան։ Ահռելի մեծ եւ երկար ճանապարհ է, եւ անգամ խորհրդային տարիներին, երբ երկաթուղին աշխատում էր ու հասնում Կապան, գնացքը կոտրված ապակիներով գալիս-հասնում էր Երեւան։ Քարկոծում էին ադրբեջանցիները։ Այնպես որ, պահանջելը մի բան է, եռակողմ փաստաթղթով ամրագրվածը մեկ այլ բան է։ Փաստաթղթով չկա ամրագրում, որ գոյություն ունի նաեւ «Նախիջեւանի միջանցք»։ Այլ հարց է, որ խոսվում է առհասարակ ճանապարհների ապաշրջափակման մասին։ Եւ եթե ուզում եք իմանալ, մեր համար հարավով ճանապարհ բացելը բացարձակ ձեռնտու չէ։ Մեր հարեւանները եթե իսկապես ապաշրջափակման կողմնակից են, թող բարի լինեն բացեն երկաթուղային ճանապարհն Իջեւանից դեպի Ղազախ եւ Ղազախով դեպի ձախ՝ Վրաստան, դեպի աջ՝ Ադրբեջան, եւ դեպի հյուսիս՝ Դաղստան(Ռուսաստան)։ Կա կարճ ճանապարհ, ուստի մեր ինչի՞ն է պետք հարավով շարագրգռված լինել։ Եթե իսկապես մեր հարեւանները շահագրգիռ են ապաշրջափակման խնդրով, ապա պետք է բացեն մատնանշածս ճանապարհը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.05.2021