Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան․ Իշխանությունները առկա բոլոր թերությունները բազմապատկել են՝ անփորձ լինելու և անգրագետ ղեկավարման պատճառով

Մայիս 09,2021 21:45

«Այսօրվա իշխանությունները, 2018-ին գալուց հետո, բոլոր արժեքները, կարելի է ասել, հավասարեցրեցին գետնին»,- «Հայրենիք» դաշինքի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները առկա բոլոր թերությունները բազմապատկել են՝ անփորձ լինելու և անգրագետ ղեկավարման պատճառով․ «Երկրի ղեկավարումը պետք է լինի միայն ու միայն մեծահոգի մարդկանց, փորձառու ճանապարհ անցած մարդկանց ձեռքերում։ Հիմա այս դաշինքը փորձառու անձնավորությունների հետ միասին գալիս է նորից մեր հին արժեքները վերականգնելու և ավելացնելու և իրենց իսկ հին թերությունները նվազեցնելու, զրոյին հավասարեցնելու՝ հանուն մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման և միասնականության»։

Հարցին, թե ի՞նչ եղանակով կարելի է վերադարձնել Շուշին և Հադրութը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ցանկացած գործողություն իրականացնելու համար պետք է ռեալ, սթափ գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը։ Միայն ռազմաքաղաքական իրադրության, հակառակորդի, հարևանների հնարավորությունների գնահատման և նաև մեր հնարավորությունների գնահատման, մեր հավաքական կամքի բազմապատկման, ընդ որում ոչ միայն անվտանգության համակարգում, նաև լիարժեք արտաքին ներգրավվածությունը ապահովող, արտաքին հարաբերություններով մենք կարող ենք միայն ու միայն որոշել և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Շուշիի, և՛ Հադրութի ապագան»։

Սեյրան Օհանյանը նշեց, որ անվտանգության գոտու անվտանգությունը ապահովելու հնարավորությունը Հայաստանը կորցրել է, քանի որ սահմանազատումը իրականացրել է առանց պետական կամ միջազգային գործընթացները հաշվի առնելու․ «Այսօր որևիցե մեկը չի կարող ասել, թե ինչ սահմանային իրավիճակ և ինչ պետական ճանաչված քարտեզ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Անփորձ մարդիկ չեն հասկանում, որ յուրաքանչյուր քայլ կատարելու, յուրաքանչյուր սանտիմետրի, յուրաքանչյուր բանակցության կետի համար տարիներով, ամիսներով, կիսամյակներով պետք է բանակցել, քո տեսակետը առաջ տանել, նոր համապատասխան քայլեր կատարել։ Սրանք այն անփորձներն են, որոնք առանց մտածելու ասում են՝ դե հետ քաշվեք, լավ։ Հիմա ինչքա՞ն մենք պետք է հետ քաշվենք։ Իրենք պարտադրաբար, թե առանց պարտադրելու, թե ինքնակամ իրենց տեղը պետք է զիջեն փորձառու իշխանություններին, որոնք կգան և փորձառու կերպով կբանակցեն մեր ապագայի համար։ Գլուխը կախ մարդը, պարտված անձնավորությունը նույնիսկ ինքը չի հասկանում, որ պարտված ղեկավարությունը անընդհատ երկիրը տանելու է պարտությունների։ Եվ դա երևում է ամեն օր»։

Հարցին, թե իրեն մեղավոր չի համարո՞ւմ Շուշին կորցնելու հարցում, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր բարձրագրույն կրթություն ունեցող, տրամաբանող անձնավորություն պետք է գիտակցի, որ պետական կառավարման համակարգում, հատկապես՝ ռազմական համակարգում, կարող են դերակատարություն ունենալ այն անձինք, որոնք պետական և ռազմական պաշտոնների են նշանակված, և որոնք ունեն լծակներ ռազմական գործողություններ ղեկավարելու։ Այսինքն՝ հրամանատարը պետք է ունենա իր շտաբը՝ իր զորատեսակներով, իր ծառայություններով, իմանա նրանց վիճակը, նրանց կարողությունները, ահազանգելու, արագ գործելու նրանց հնարավորությունները։ Ես 4 տարուց ավել է պաշտպանության նախարար չեմ, ինչպես շատ-շատերը 59 տարեկանում կամավոր մեկնել եմ Արցախ, ինչով կարողացել եմ Արցախի ղեկավարությանը, նախագահին աջակցել եմ։ Եվ նաև տարբեր վայրերում եմ եղել, ընդ որում նաև Շուշիում աշխարհազորի ձևավորման գործում որոշակի աջակցություն։ Լիարժեք կառավարում այնտեղ իրականացնողը միայն ու միայն գործող ռազմական գործիչներն են։ Ես այն մարդկանցից չեմ, որ խուսափեմ պատասխանատվությունից, այդ վախերը ինձ մոտ շուտվանից են անցել, բայց այնտեղ ես որևէ հնարավորություն չեմ ունեցել»։

Հարցին, իսկ «Հայաստան» դաշինքի ցուցակում ո՞ր համարն է լինելու, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ինձ համար մեկ է, ես պայքարում եմ Հայաստանի Հանրապետության համար»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31