Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Այսօր մենք ունենք շատ կոնկրետ ղեկավար, որի տգետ, խառնակ կառավարումը տվել է այն արդյունքները, որը մենք բոլորս այսօր տեսնում ենք»

Մայիս 09,2021 21:22

«Շատ տխուր է, որ մեր փառապանծ հաղթանակները, ինչպես միշտ, հիմարության, կոռումպացվածության, լոպազության, քաղաքական տգիտության պատճառով մսխվեցին: Բայց հուսահատվելը ամենավերջին գործն է: Այնուամենայնիվ, մեր ազգը պետք է իր մեջ ուժ գտնի կենսահաստատվելու համար: Հաղթանակները երբեք չեն մեռնում»,-այսօր «Հաղթանակ» զբոսայգում Անհայտ զինվորի հուշահամալիրի առջեւ մայիսյան Եռատոնի զոհերի հիշատակը հարգելու արարողությունից հետո լրատվամիջոցներին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Անդրադառնալով երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին եւ սպասվող հավանական արտահերթ ընտրություններին մասնակցելուն՝ պարոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենք շարունակում են նախապատրաստությունը ընտրություններին՝ ժողովներ, բանակցություններ տարբեր քաղաքական, հասարակական ուժերի հետ, սակայն վերջնական որոշում առայժմ չունեն: «Ընտրություններին հնարավոր է դաշինքով գնալ, հնարավոր է՝ միայնակ գնալ, հնարավոր է՝ ընդհանրապես չգնալ: Ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասաց նա:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկին եւ ստացված մերժման նպատակների մասին հարցին՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ավելի լավ բացատրություն չեք գտնի, քան եթե շատ ուշադիր կարդաք Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակված տեքստերի բովանդակությունը: Շատ պարզ ելակետներ են: Այսօր մենք ունենք շատ կոնկրետ ղեկավար, որի տգետ, խառնակ կառավարումը տվել է այն արդյունքները, որը մենք բոլորս այսօր տեսնում ենք: Այսինքն, ունենք մի աղետաբեր կառավարում՝ Նիկոլ Աղետաբեր:

Մենք ունենք իսկապես ոչ համարժեք ղեկավար, որը իր ամբողջ թիմով հանդերձ ընդունակ չէ կառավարման: Նրանք ձախողել են եւ ձախողելու են ամեն ինչ, ձախողելու են շարունակաբար: Հետեւաբար, այս կառավարումից պետք է ազատվել: Եվ դա, բնականաբար, պետք է անել սահմանադրական ճանապարհով: Այն, ինչ առաջարկեց Տեր-Պետրոսյանը, փորձ էր՝ համախմբել երկրի բոլոր կարող ուժերը այդ խնդիրը լուծելու համար: Ընդ որում, առաջարկվող բանաձեւը շատ պարզ էր. ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը եւ ոչ էլ ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դրա արդյունքում չպիտի զբաղեցնեին պետական որեւէ պաշտոն: Այսինքն, եթե ամբողջ խնդիրն այն է, որ շատ մարդիկ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին՝ ելնելով միայն նրանից, որ հանկարծ պաշտոնի չգան նախկին հանցագործները, ապա այդ լուծումով փաստորեն նման հեռանկարը ընդհանրապես դառնում էր անիրականանալի եւ վերջնականապես լուծվում էր: Ինչպես նաեւ բացում էր այս ղեկավարությունից Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ուղղությունը: Պարզ առաջարկ էր: Բայց այն նաեւ լակմուսի թեստ ծառայեց, որովհետեւ շատ լավ երեւում է, թե ով է պատրաստ իր ամբիցիան, իշխանության նկրտումը զոհաբերել հանուն պետության շահերի եւ ով պատրաստ չէ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31