Լրահոս
Օրվա լրահոսը

Մերն ուրիշ է

Մայիս 09,2021 20:09

Սա հատված է 12 հարցից բաղկացած այն հարցազրույցից, որը չհասցրեց լույս տեսնել երջանկահիշատակ Լեւոն Սարգսյանի կյանքի օրոք:

ԼԵւՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ.

– Ձեր «Լեբրետո անապատի համար» ժողովածուն, որն անմիջապես ներկայացվեց Նոբելյան մրցանակի եւ մինչ այդ արդեն արժանացել էր միջազգային մի քանի մրցանակների, իր ուժականությամբ եւ այլ ակնհայտ առավելություններով իրոք առանձնանում է դափնեկիր այլ պոետների ստեղծագործությունների «ֆոնին»:

Պատահական չէ, որ գիրքը թարգմանվեց 20-ից ավելի լեզուներով, իսկ թուրքերենի ողջ տիրաժը բռնազավթվեց թուրքական կառավարության կողմից: Այսօր, 44-օրյա պատերազմից հետո, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ միեւնույն Ցեղասպանության շարունակությունը, Ձեր տողերը առավել քան արդիական են, իսկ գրքի վերնագիրը մարգարեական է հնչում:

Լևոն Սարգսյան

Փաստորեն «անապատ» է մեր կորսված հայրենիքը, մեր ազգային իղձը, մեր ապագան: Ամեն բան կրկին մոխրագույն կամ սպիտակ է, ինչպես ասվում է գրքի մի անվերնագիր բանաստեղծության մեջ. «Միտքս անսարք տեսախցիկ (ժապավենը պտտվում է շխկշխկոցով (ամեն բան մոխրագույն է կամ սեւ) բացի արյունից չմակարդվող» ու ավարտվում ձեր քահանա պապի կողմից հնչող համահայկական հարցով «… գենոցիդ կասի՞ Օբաման) գովազդից հետո պատերազմի»: Արդյո՞ք ձեր վստահության քվեն ստացած Բայդենը կհամարձակվի արտաբերել «գենոցիդ» եզրույթը, թե՞ նախորդների պես կխուսանավի, Անկարային չբարկացնելու վախից: Սա ձեզ որքանո՞վ կհուսախաբի: Ինչպիսի՞զգացողություններ ունեք այս առումով:

ՍՈՆԱ ՎԱՆ.

-Առաջին զգացողությունը ցավն է եւ այն պատճառով, որ մենք դեռեւս ապրում ենք մի աշխարհում, որտեղ ճշմարտությունը ասելու համար 100 եւ ավել տարիներ ու մարդկային այնքան շատ ջանք, ժամանակ ու միջոցներ են հարկավոր, որքան ջանասիրաբար այն ներդնում է Հայ դատի հանձնախումբը: Ես զգուշորեն հավատում եմ, որ Բայդենը ընդունելու է Ցեղասպանությունը ոչ միայն աշխարհաքաղաքական իրավիճակի համեմատական շահեկանության պատճառով, այլ նաեւ հաշվի առնելով մարդկային այն հոգեկերտվածքն ու արժեքային համակարգը, որի պատճառով ես նրան եմ տվել իմ վստահության քվեն:

Իսկ որպես բանաստեղծ, ով իր կյանքը նվիրել է ճշգրիտ բառի ընտրությանը, չեմ կարող չհրճվել այն իրողությամբ, որ կեղծիքի թագավորության, բառի երկիմաստության, շառլատանության ու խոսքի իմաստազրկման մեր թվայնացած օրերում դեռեւս կան իրավիճակներ, որտեղ կարեւորվում է բառի ճիշտ ընտրությունը, երեւույթները իրենց ճիշտ անուններով կոչելու հետզհետե կորչող արվեստը: Թեպետ ես վերապահումներ ունեմ «գենոցիդ» բառը որպես հայկական ողբերգությունը ճշգրտորեն նկարագրող եզրույթ ընդունելու առումով եւ ասեմ թե` ինչո՞ւ:

«Գենոցիդ» բառը, որը բաղկացած է գեն եւ ցիդ (սպանել) բառերի միավորումից եւ շրջանառության մեջ է դրվել Ռաֆայել Լեմկինի միջոցով, 1944 թվականին ֆաշիստական Գերմանիայի կողմից Եվրոպայում ցրված հրեա ժողովրդի ողբերգությունը նկարագրելու համար, եւ իր բառարանային բացատրությամբ նշանակում է առանձին էթնիկ խմբի կամ ժողովրդի կանխամտածված ու ծրագրավորված բնաջնջում – շատ առումներով ճիշտ եւ բավարար ձեւով չի անդրադարձնում հայկական եղեռնը: Գենոցիդը, որպես օրենք, սկսում է կոնկրետ պատմաքաղաքական իրավիճակում ստեղծված որոշակի խնդրի հանգուցալուծման նպատակով ու ավարտվում տվյալ հանցավոր ծրագրի իրագործմամբ: Այդպես է եղել հրեա ժողովրդի հոլոքոստի եւ մինչ օրս արձանագրված մնացած բոլոր գենոցիդների դեպքում: Բոլոր`բացի հայկականից: Եվս մեկ ապացույց, որ «մերն ուրիշ է»:

Հայ ժողովրդի բնաջնջումը, որ սկսել էր 1915-ից դեռ շատ առաջ ու 1915-ի պատերազմի շահեկան ծխի մեջ արձանագրեց իր պիկը, երբեւէ չհայտարարեց իր վերջը, չհասավ իր տրամաբանական ավարտին: Հայատյաց պետական քաղաքականությունը երբեւէ չդադարեցու վերջին 44 օրյա պատերազմը այդ շարունակական ու ահագնացած ատելության ցեղասպան միեւնույն մոլագարության ապացույցն էր: Այն չունեցավ տրամաբանական ավարտ, որովհետեւ այն չի ենթարկվում սովորական մարդկային տրամաբանությանը: Որովհետեւ վայրագության պատճառը վաղուց արդեն դուրս է հանցագործի ուղեղից: Սա ատելության այն կրիտիկական չափն է, որը ենթադրում է ինքնուրույն գոյություն եւ գործում է իր արտաբերած սեփական էներգիայի հաշվին – ավտոմատիկ ձեւով:

Ավտոմատիկ ձեւով ու աննախադեպ, առողջ ուղեղի համար անհասկանալի ծրագրով եւ հավակնությունն ունի ոչնչացնելու ոչ միայն մի ողջ կոնկրետ ժողովուրդ իր 6 հազարամյա բնօրրանի մեջ (ոչ թե օտար հողի վրա ցրված, ինչպես հրեաների դեպքում), այլ նաեւ հետեւողականորեն անելու այնպես, որպեսզի ջնջվեն ու պատմության մատյաններից դուրս գան նրա հազարամյակների թողած ոտնահետքերը, նրա կառուցած կրոնական ու գրական կոթողները, նրա թողած ողջ քաղաքակրթական հարստությունը, նրա մտքի ու հոգու բոլոր գանձերը եւ ոչ միայն այսօր ապրողների, այլ նաեւ եկող սերունդների հույսը` երբեւէ ազատ ու երջանիկ գոյության – մի երկրի վրա, որտեղ միայն բարիք է շաղ տվել: Անհատի մասշտաբով ասած՝ սա նույնն է, երբ դու ապրում ու արարում ես հոգիդ ու հանճարդ չխնայելով, իսկ մեկ ուրիշը զուգահեռաբար գրատախտակի շորը ձեռքին հետեւողաբար ջնջում է քո գործունեության, քո գոյության բոլոր հետքերը – ասես դու երբեւէ չես եղել այս մոլորակի վրա:

Մարդկային ուղեղը այսպիսի հավակնություն ունենալ չի կարող: Սա Աստծո՛ մենաշնորհի տարածքն է, իսկ այս դեպքում զառանցող մտքի հիվանդ հավակնություն, որը գտել է առանց տիրոջ միջնորդության գործելու էներգետիկ աղբյուր: Ավտոպիլոտի վրա գնացած մոլագարություն է սա, որի ընթացքը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել հիվանդ միտքը ցնցելու, այն իրականության հետ առերեսելու ու թերապևտիկ գիտակցական ճիգով այն ընդհատելու պետական եւ ավելին` համաշխարհային միջամտություն: Մարդու գիտակցությունից դուրս, ավտոպիլոտի տրամաբանությամբ ընթացող ճիվաղային, հիվանդագին ոճրագործություն– ահա թե ինչ պիտի ներառի այն ճշգրիտ եզրույթը, որը հավակնելու է ձեւակերպել ոճրի այս աննախադեպ տեսակը, եւ տա Աստված, որ այն ընդհատվի` նախքան ձեւակերպվելը: Սա դեռ ասել չէ, որ ես մյուսների պես չեմ սպասում, որ Բայդենը հնչեցնի «գենոցիդ» եզրույթը եւ ի՞նչ խոսք, որ կհուսախաբվեմ` եթե նա նույնպես քաղաքական կոռեկտությունը գերադասի ճշմարտությունից:

Անհամբեր եմ այն օրվա համար, երբ ողջ աշխարհը եւ հատկապես Թուրքիան կճանաչի իր ոճրագործ պատմությունը, կարթնանա շիզոֆրենիկ ցնցումից, կսրբի բերանի փրփուրը եւ կապաքինվի գլոբալիզացիայի գնացող աշխարհում օսմանական կայսրության քարտեզը ամեն գնով վերարտադրելու զառանցանքից: Մինչ այդ` համբերություն աշխարհին:

Հ. Գ. Հիշեցի չորս տարի առաջ Հնդկաստանում ցեղասպանության նյութի շուրջ կայացած բանավեճը` որտեղ իմ ընդդիմախոսը տեսանելիորեն վրդովված էր – հայոց եւ հրեական ցեղասպանությունները միեւնույն եզրույթի համատեքստում տեսնելով. – Սա անարդար է, դրանք երկու տարբեր բաներ են: Ֆաշիստները օգտագործեցին հրկիզման վառարաններ ու դա աննախադեպ էր,- ասաց: Ես միանգամից համաձայնեցի, որ դրանք երկու տարբեր բաներ են, ու սա բավական ոգեւորեց ընդդիմախոսիս – մինչեւ ես բեմ բարձրացա ու ներկայացրեցի համաձայնվելուս պատճառները: Ելույթս միտումնավոր ընդհատվեց, եւ երբ իջա բեմից` նա արդեն լքել էր դահլիճը:

Ես նրան այլեւս չհանդիպեցի: Արդարության համար ասեմ, որ նա լավ էլ գրող էր:

Հ.Գ. 2 Զրույցի տպագրությունը հասկանալի պատճառներով հետաձգվեց այնքան, որ Բայդենը հասցրեց իր ապրիլյան ելույթի ժամանակ ընդունել մեր բոլորի կողմից այնքան սպասված Հայոց Ցեղասպանության փաստը: Որքան կցանկանայի այս լուրը կիսել Լեւոն Սարգսյանի հետ: Տա Աստված, որ այս անգամ այն ունենա իր օրինական եւ քաղաքական հետեւանքները, որի համար ոչ պակաս աշխատանք է պահանջվելու:

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել