Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար»

Մայիս 09,2021 19:25

«Վերջին անգամ հանրահավաքի հարթակում եմ եղել 2003 թվականին՝ Մատենադարանի դիմաց՝ նախագահական ընտրություններից 1 օր առաջ»,- Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ընթացքում իր ելույթը այսպես սկսեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ հետ է վարժվել հանրահավաքների ընթացքում ելույթ ունենալուց․ «Իշխանը Սաղաթելյան (Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ` խմբ.) 6 ամիս «տրեներովկայի» մեջ է։ Չեմ կարող այդպես խոսել, բայց կփորձեմ անդրադարձ անել երեք կարևոր բովանդակային հարցերի։ Բայց մինչև անդրադարձը կցանկանամ ասել՝ մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ և հայտ ներկայացնել իշխանության համար։ Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելը ինձ համար ավարտված էր, որ կատարել եմ պարտքս հայրենիքի առջև և կարող եմ ազատ և հանգիստ ապրել իմ անձնական կյանքով։ Բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել, հակառակը կլինի դասալիքություն»։

Ռոբերտ Քոչարյանը ընդգծեց, որ երկրի առջև կանգնած երեք խնդիր կա․ «Առաջինը՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը անվտանգ չէ։ Այսօր Սյունիքի սահմանները անվտանգ չեն։ Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել սահմաններ, չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը։ Այսօր ունենք իշխանություն, որը հետևողականորեն քայքայել է բանակը և այսօր չի անում ոչինչ՝ այն վերականգնելու համար։ Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն։ Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, խայտառակություն, նվստացում, մահեր, զոհեր։ Չեն կարող անել։ Մենք կարող ենք դա անել, մենք պատրաստ ենք դա անել»։

Երկրորդ հարցը․ «Ղարաբաղի հարցը, անկեղծ պետք է ասեմ, բավականին մշուշոտ է։ Այդ չարաբաստիկ հայտարարությունը նոյեմբերի 9-ին ենթադրում է, որ 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից։ Հիմա ձեզնից որևէ մեկը լսե՞լ է այս իշխանավորներից, թե ի՞նչ են անում իրենք այդ ուղղությամբ։ Արդյոք պատրաստ են իրենք այսպիսի սցենարի, թե՞ ոչ։ Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել։ Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ տալով ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած։ Հետևաբար՝ պետք է գա մի իշխանություն, որը ի վիճակի է արհեստավարժ ձևով, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների։ Մենք կարող ենք դա անել»։

Եվ երրորդ հարցը․ «Երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է։ Անցած տարի տնտեսությունը 7.5 տոկոս անկում է ապրել։ Սղաճումը ուտում է ձեր՝ առանց այն էլ ցածր եկամուտները, երկիրը խրվել է արտաքին պարտքերի մեջ, չի կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձև աճը փոխարինվեց թռիչքաձև անկմամբ։ Սա է այս իշխանության երեք տարվա աշխատանքի արդյունքը։ Հետևաբար՝ սրանք չեն կարող շարունակել։ Պարտվելը միայն պարտություն չի պատերազմում։ Ձախողվելը տնտեսական ոլորտում ևս պարտություն է։ Եվ պարտությունը իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գինը ունենա։ Չի կարող պարտությունը լինել անհետևանք։ Հակառակ դեպքում՝ մենք ունենալու ենք մշտապես պարտվող ազգ, այսպես կոչված, լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետևանքներ չունենա։ Ուրեմն՝ այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է, և այդ օրը Ազատության հրապարակի հարթակից հետհաշվարկ են սկսում Շուշին հանձնած իշխանությանը՝ իշխանությանը մնալու առումով. «Իրենց մնացել է 42 օր։ Վաղը մնալու է 41 օր, մյուս օրը՝ 40 օր, և այդպես շարունակ։ Ուրեմն՝ ամեն օր սոցցանցերում, ձեր էջերում դրեք այդ օրերի հետհաշվարկը, և սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31