«Հայաստան» դաշինքը մայիսի 9-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Արարողությունը հեռարձակվում էր նաև Ազատության հրապարակում։
Հուշագիրը ստորագրելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի և աջակիցների հետ քայլեց դեպի Ազատության հրապարակ։ Հրապարակում հավաքվածները ծափողջույններով և «Քոչարյան» վանկարկումներով դիմավորեցին երկրորդ նախագահին։
Կարդացեք նաև
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ նույն հրապարակում 33 տարի առաջ սկսվեց ազատագրական շարժումը և ավարտվեց հաղթանակով․ «Այն ժամանակ պարզ էր ամեն ինչ։ Մենք ունեինք մեկ թշնամի և դա թուրքն էր։ Այսօր ներքին թուրքն է մեր թշնամին։ Գումարվել է արտաքին մեր բոլոր թշնամիներին։ Երեք տարի մեզ կերցնում են ցինիկ պոպուլիզմով, ողողել են մեր կյանքը ստով, զրպարտությամբ, կիսել են, ջրբաժաններ են սարքել, սարքել են արհեստական բարիկադներ, որտեղ մի կողմում ազգադավ, անհայրենիք դավաճաններ են, մյուս կողմից պայքարում են մեր հայրենիքի համար, մեր երեխաների համար։ Բավական է, էլ թույլ չենք տալու»։
Նա նշեց, որ պատմությունը կրկնվում է՝ ինչպես 100 տարի առաջ Հայաստանը կանգնած էր պետականությունը կորցնելու վտանգի առաջ, այնպես էլ այժմ․ «Բայց այն ժամանակ մենք հաղթեցինք և կրելու ենք։ Գիտե՞ք՝ ինչի ենք կրելու, որովհետև այստեղ կանգնած են կամքն ու վճռականությունը, ազգային գաղափարախոսությունը և հաղթական ուղին։ Եվ մենք ուզում ենք հայտարարել՝ մենք գալիս ենք, որ վերականգնենք մեր պետականությունը, վերականգնենք մեր հեղինակությունը բոլոր միջազգային ասպարեզներում։ Մենք գալիս ենք, որ միավորենք մեր ազգը, միավորենք Հայաստանը, կեցցե՛ Արցախը, որովհետև մեր անունը պայքար է, և մեր ճակատագիրը՝ հաղթանակ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ