Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Պետք է վերաիմաստավորենք, ճիշտ գնահատենք, թե ինչ կատարվեց մեր երկրում»

Մայիս 09,2021 18:31

«Հաղթանակ» զբոսայգում Անհայտ զինվորի կրակի առջեւ ծաղիկներ խոնարհելուց հետո ԱԺ ԲՀԿ կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԶԼՄ-ներին ասաց. «Այսօր այստեղ եկել եմ մի զգացողությամբ, որը բոլորս ենք վերապրում: Պետք է վերաիմաստավորենք, ճիշտ գնահատենք, թե ինչ կատարվեց մեր երկրում: Ոչ թե պետք է հաշտվենք պարտության մտքի հետ, այլ հակառակը՝ պետք է կարողանանք ազդարարել նոր հաղթանակների գնալու մեր միտքը: Անձամբ ես չեմ պատրաստվում հաշտվել պարտության հետ:

Առանձնացնենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, որ եղել է ընդհանուր Խորհրդային Միության շրջանակներում, որին մասնակցել են մեր պապերը, պապերի հայրերը: Փառք ու պատիվ նրանց բոլորին: Փառք ու պատիվ Արցախյան առաջին պատերազմում մեր բոլոր նահատակվածներին եւ մասնակիցներին, որոնք հաղթանակներ տարան: Իհարկե, նաեւ գլուխ ենք խոնարհում Արցախյան վերջին պատերազմում եւ ապրիլյան քառօրյայի մեր բոլոր զոհերի եւ բոլոր մասնակիցների առջեւ:

Բայց այսօրվա հիմնական միտքը՝ պետք է այնպես անել, որ մենք գտնենք այն բանաձեւը, որ մեզ տանում է դեպի նոր հաղթանակ: Մենք չպետք է հաշտվենք: Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի: Մանկապարտեզ գնացող երեխա, թե թոշակառու, բոլորս պետք է ապրենք հստակ նոր օրակարգով: Իսկ թե ի՞նչ օրակարգով, այն պետք է ձեւավորի հունիսի 20-ից հետո Հայաստանում ձեւավորված նոր իշխանությունը»:

Պատասխանելով հարցին, թե նորմա՞լ է, որ այս պարտություններից հետո դեռ պահում ենք գործող իշխանությունը եւ պարտությունները քաղաքական իմաստով ինչո՞ւ հետեւանքներ չունեցան, պարոն Մելքումյանը ասաց. «Ես կարծում եմ՝ հետեւանքներ անպայման ունենալու են: Ուղղակի մենք չպետք է ժողովրդի առջեւ հարց դնելու դիրքերից հանդես գանք: Ժողովուրդն ինքն է որոշում, թե որ պահին ինչ լուծում է տալիս: Փոքր սպասենք: Մենք արդեն ասել ենք, որ օրինական ճանապարհը հունիսի 20-ն է լինելու: Մինչեւ հիմա ընդդիմության կողմից ոչ մի օրինական քայլ չի կատարվել: Սպասենք, համբերենք: Երեւի մնացել է մոտավորապես  մի 40 օր: Հավատում եմ, որ ժողովուրդը ճիշտ որոշումներ կընդունի: Ընտրությունից մի քանի օր առաջ դուք կտեսնեք, որ կտրուկ մթնոլորտ է փոխվելու եւ ձեր հարցերը ուրիշ ձեւով եք տալու, որ կարծես թե  արմատական բան է փոխվել»:

ԲՀԿ-ական պատգամավորը նկատի ուներ, որ այսօր դեռ մարդիկ կան, որ չկողմնորոշված են, ակցիաներին ակտիվ մասնակցում կամ չեն մասնակցում: Նա հավատում է, որ ժողովրդի զգայարանները տանելու են նրան, որ հստակ փոփոխությունների որոշում է ընդունելու: Իսկ հարցին, թե ժողովո՞ւրդն էր որոշել, որ հունիսի 20-ին լինի արտահերթ ընտրություններ, թե՞ քաղաքական ուժերը ժողովրդի փոխարեն որոշում կայացրին, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մենք ինչ ենք ասում: Մենք ասում ենք՝ իշխանափոխություն անելու օրինական ճանապարհը ընտրությունն է: Թե ով է ինչ որոշել, բնականաբար, առաջ են մղել քաղաքական ուժերը: Բայց մենք տեսանք, որ նոյեմբերից՝ մարտ, այն ձեւաչափով պայքարը, որ ընդդիմությունը տարավ, չբերեց արդյունքի: Չբերեց նաեւ այն պատճառով, որ մենք չէինք ուզում, որ գնար հակաօրինական ճանապարհով: Հիմա օրինական ճանապարհով քայլ անելու ժամանակն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31