«Մենք ապրում ենք ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած, այլ նոր աղետների նորաշեմին»,- մայիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ Արցախին հասցրած վնասների հետ մեկտեղ իրական սպառնալիք է ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար․ «Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը այսօր գնում է ոչ միայն սխալ, այլ կործանման տանելու ճանապարհով։ Այս գիտակցումը մեզ ստիպեց հանդես գալ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Անհատապես կայացած լինելով տարբեր ասպարեզներում՝ մենք միևնույն ժամանակ արձանագրեցինք, որ առանձին-առանձին չենք կարող ազդել երկրի զարգացման ընթացքի վրա, և մեզ անհրաժեշտ է միավորում։ Այդ համոզմամբ՝ մենք հիմնեցինք «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ նպատակ ունենալով մեր ներդրումը ունենալ Հայաստանի իրական վերածնունդի և հզորացման կարևոր գործում»։
Վահե Հակոբյանը շեշտեց, որ «Հայաստան» դաշինքը, որի կազմում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, հավատում է ուժեղ և վերածնվող Հայաստանին․ «Մեզ միավորում է մեր երկիրը հզոր, ժամանակակից և բարեկեցիկ դարձնելու տեսլականը։ Գործող իշխանությունը խոչընդոտ է այդ տեսլականի իրացման ճանապարհին, և մենք այդ խոչընդոտը վերացնելու ենք։ Այս խնդիրը լուծելուց հետո մեզ սպասում է լայնածավալ աշխատանք՝ երկիրը այս անդունդից դուրս բերելու, զարգացման ռելսերի վրա դնելու և մարդկանց կյանքը բարելավելու համար։ Մենք վստահ ենք ու վճռական, քանի որ ունենք երկրի զարգացման իրական գաղափարներ, դրանց վրա հիմնված ծրագրեր, և ամենակարևորը՝ դրանք իրականացնելու ունակ և պրոֆեսիոնալ թիմ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ