Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։
Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև Մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ ԶՈՒ երկրորդ բանակային կորպուսի զորամասերից մի շարք զինծառայողների հանձնել է պետական տարբեր պարգևներ՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով։
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Պարոնայք գեներալներ և սպաներ,
ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ,
Կարդացեք նաև
Այսօր այստեղ՝ երկրորդ բանակային կորպուսում մենք պարգևատրման արարողություն իրականացրեցինք մայիսի 9-ի եռատոնի առիթով: Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից հետո մենք հենց այստեղ այս պարգևատրման արարողություններն իրականացրեցինք, որովհետև պատերազմի ընթացքում երկրորդ բանակային կորպուսը պսակվեց փառքով, բարձր մարտունակությամբ: Մեր բոլորի, մեր բանակի, մեր ժողովրդի, մեր պատմության պատիվը բարձր պահեց, մեր բազմաթիվ եղբայրներ ընկան, վիրավորվեցին, բազմաթիվ եղբայրներ հերոսաբար կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում, ոչ միայն երկրորդ բանակային կորպուսում, այլև ընդհանրապես Հայոց բանակում:
Բայց այսօր եռատոնը մենք նշում ենք դառնությամբ, խառը զգացումներով, կսկիծով, ինչ-որ տեղ պարտության դառնությունը մեր սրտում պահած, բայց վկա է Աստված, որ մենք այս ընթացքում բացարձակապես ոչինչ, որևէ բան չենք խնայել Շուշիի ազատագրման հերոսների ու նահատակների գործն ու փառքը պաշտպանելու համար:
Եվ մենք այսօր նույնկերպ պիտի ամուր կանգնենք մեր նախնիների և սերունդների երազանքներն ու հայրենիքը պաշտպանելու գործում, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այսօր կա և կանգուն է, Արցախի Հանրապետությունը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, հայ ժողովուրդը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է:
Հայ ժողովուրդը հազարամյա իր երթը շարունակում է և պիտի շարունակի։ Այդ հազարամյա երթի ամենակարևոր երաշխավորը պիտի լինի հայոց պետականությունը, հայոց բանակը: Այո, մենք պետք է վերլուծենք և հասկանանք, թե ինչն այնպես չենք արել, որտեղ ենք սխալվել, որտեղ բավարար սկզբունքայնություն չենք ցուցաբերել, բայց վկա է Աստված, որ մենք, հայոց բանակն այս պատերազմում կռվել է մինչև ամենավերջին վայրկյանը, երբ կռիվն ուներ հեռանկար:
Բայց նաև կարևոր է, որ այդ կռվի մեջ չենք կորցրել խելամտությունը: Կարևոր է, որ կարողացել ենք, այո, կայացնել ծանր որոշումներ, այդ թվում՝ հանուն մեր բանակի, մեր գեներալների և սպաների, մեր զինվորների և հանուն նրանց ընտանիքների ու զավակների:
Ուզում եմ կրկին խոնարհումի խոսքեր ասել 44-օրյա պատերազմում նահատակված մեր բոլոր զինվորների, սպաների հարազատներին, նրանց ընտանիքի անդամներին: Մենք խոնարհվում ենք ձեր առաջ, մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ և երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը: Ես դա առավել վստահ ասում եմ երկրորդ բանակային կորպուսում և բազմաթիվ զորամասերում ու զորամիավորումներում: Մենք վստահ կարող ենք ասել այդ բանը:
2-րդ բանակային կորպուսը պարգևատրվեց Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով և դա արժանի գնահատանքն է մեր բանակին, իրենց դիրքերում ամուր կանգնած մեր բոլոր զորամիավորումներին, զորամասերին, սպաներին, շարքայիններին և մեր հարգանքի տուրքն է մեր բոլոր նահատակներին: Մենք սրանով ասում ենք՝ ձեր գործը կանգուն է, ձեր բանակը կանգուն է, ձեր Հայրենիքը կանգուն է, և ձեր երեխաների, հարազատների ու սերունդների ապագան կանգուն է:
Փառք Հայոց բանակին,
Փառք հայ ժողովրդին,
Փառք Հայաստանի Հանրապետությանը,
Փառք Արցախի Հանրապետությանը,
Կեցցե հայ ժողովուրդը:
Խոնրահվելով մեր նահատակների առաջ, շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առիթով: Շնորհավորում եմ եռատոնի առիթով: Շնորհավորում եմ բոլորիս այն ապագայի առիթով, որ մենք իրար հետ պիտի կառուցենք: Եվ որևէ մեկը սրանում թող չկասկածի»։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարների հետ, քննարկել Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու պատասխանել նրանց հարցերին։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է․
Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում չնախատեսված կանգառներ ենք ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում:
https://www.youtube.com/watch?v=up-cJW32A38&t=2s